Հինգշաբթի, 10. 10. 2024

spot_img

Արդի Հայ Տաղաչափութիւն. Ալպերթ Գրքաշարեան

Ալպերթ Գրքաշարեան ծնած է Պէյրութ, 1928 թուականին: Նախնական կրթութիւնը ստացած է Սահակ-եան Վարժարանին մէջ: Հայրենիք ներգաղթելէ վերջ, ընդունուած եւ աւարտած է Երեւանի Գեղարուես-տա-թատերական Ինստիտուտի դերասանական բաժինը: Գաբրիէլ Սունդուկեանի անուան թատրոնէն ներս քանի մը դերեր կատարելէ յետոյ, ան գործի անցած է «Հեռուստառատիօպետկոմ»-ին մէջ՝ աշխատե-լով 30 տարի անդադար:

 Ան ստեղծագործել սկսած է դեռեւս պատանեկան տարիներէն: Գրքաշարեանի գործերը բարձր գնահա-տած է Վարպետը՝ Աւետիք Իսահակեանը:

 Ալպերթ Գրքաշարեանի բանաստեղծութիւնները՝ հայրենիքի, Հայոց Լեզուի, բնութեան, հարազատնե-րու, մարդու եւ մարդկայնութեան գովերգումն են, որոնք կը բացայայտեն իր հոգւոյն խռովքն ու տագնա-պը, իր սիրած եւ տառապած սրտի ելեւէջները, իր անսահման կարօտը՝ Հայրենիքին, հարազատներուն եւ անցած օրերուն հանդէպ: Միաժամանակ ան կը փառաբանէ Հայրենիքի բարերարներն ու ազգային հե-րոսները, (Ալեք Մանուկեան, Քըրք Գրքորեան, Սարգիս Սողանալեան), քերթուածներ կը ձօնէ հայ նշանա-ւոր բանաստեղծներու (Սիամանթօ, Միսաք Մեծարենց, Դանիէլ Վարուժան):   

 Չնայած արդիապաշտ աշխարհը անտարբերութեան եւ անզգայնութեան համաճարակով վարակուած է, Գրքաշարեան տակաւին մնացած է որպէս պարզ, զգայուն եւ անկեղծ քնարերգակ մը՝ գովերգելով մարդ-կային զուլալ զգացումները, բարութիւնը, յուզմունքները եւ ապրումները:

 Գրքաշարեանի ստեղծագործութիւնները ամփոփուած են գրքոյկի մը մէջ՝ «Փոքրիկ Էջեր», որ տպագըր-ւած է 1998 թուականին, Երեւան:

Ներկայիս Ալպերթ Գրքաշարեան կը բնակի ԱՄՆ-ի Հոլիվուտ քաղաքը:

Բանաստեղծը՝ գրական վաստակաշատ գործունէութեան համար արժանացած է ԱՄՆ-ի Հայ Գրողներու Միութեան Պատուոգիրին:

                                                                    Կ Ո Մ Ի Տ Ա Ս Ի Ն

  Նախ՝ եղէգն, յետոյ՝ սրինգ ու ջութակ,                         

 Եղաւ վտիտ շիւը ծաղկած քո կեանքի:                       

Եւ վառ հոգուդ ակունքներից, զերթ վտակ                 

Հոսեց վճիտ, ջինջ աղբիւրը հայ երգի:                         

 

Եւ դեռ եղար հանդ ու դաշտի մէջ վարած,

Եւ դեռ եղար հանդ ու դաշտի մէջ վարած,

Քրտնած մաճկալ,սրտումդ արցունքն «Անտուն»ու,

Եւ շրթերիդ՝ սուրբ մեղեդին մայրական,

Արեւաշող համբիւրներովն իր անհուն:

 

Մթնեց երկինքն… Ճամբիդ կանգնեց մարդը չար,

Եւ մոռացած երկինք, երկիր ու Աստուած,

Կտրեց կեանքիդ քնքուշ լարը լուսափառ:

 Սակայն, ասա՛, ով դու ոճիր՝ չար ու նենգ,

 Երբ զգացիր համն արեան քո քիմքին

Գիտցա՞ր, արդեօք, չարերն ինչո՛ւ երգ չունեն:

 

                                                                           ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

 

 Երկնի անհաս կապոյտներից                           

Մեր շրթերին ամրացուած                                 

Մի այլ հրաշք ես կախարդիչ                              

Նման սարին մեր Արագած,                               

Ով իմ լեզու, բարձրունք անհաս:                      

 Քո ծննդեան օրն իսկ անշուշտ                          

Աստուած ինքը պիտի ասէր                                

Խօսքն առաջին. «Մայր իմ անուշ»,                    

Կամ «հայրենիք, զաւակ ու սէր»,                        

Իմ հայ լեզու Մասիսն ի վեր:                               

 

Ուր քո պայծառ գագաթներին

Հասել ենք մենք կառուցելով

Գառնի, Գեղարդ, շքեղ Անին,

Եւ Երեւանը հոգեթով,

Մեր հայ լեզու՝ բազուկ հզօր:

Եւ դարերի հոլովներում՝

Թշնամու բիրտ ճակատներին

Եղել ես միշտ շանթ ու շաչիւն

Ու յաղթական թուր-կայծակին,

Իմ հայ լեզու, իմ հայ արիւն:

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ

Այս մի ծառն էլ ե՛ս եմ տնկել,                            

 Հայրենի՛ք իմ, քեզ համար                                  

Ու նրա մէջ լուռ ամփոփել                                 

Հոգուս երգերը վարար:                                       

Որ նա լինի սիրոյ խոստում                                                                      

Քեզ հետ յաւերժ ապրելու                                    

Եւ մայրական քո ջերմ գրկում                            

Ազատ, անհոգ ծաղկելու:                                     

 

Եւ, երբ մի օր արդեն հանգի

Կրծքիս տակ սէրդ առկայծող,

Վառուած ճրագն իմ կեանքի 

Շեմիդ վրայ լուսաշող:

Այնժամ հոգիս՝ նորից զարթնած

Իմ հայրենի ջերմ սիրով,

Ողջույն  կը տայ այգին ծագած

Սոխակների դայլայլով:

 

 

 Եւ սրտերի հետ ծիծաղկուն

Հոգիս նորից առնացած՝

Պիտի երգէ միշտ աննկուն

Սէրդ՝ սրտիս մէջ անանց:

 

                                                                         

ԵՐԵԿՈՅ

Միսաք Մեծարենցին

 

Հորիզոնէն հեռուն հրդեհ մ’է կարծես…                       

Անդորրին մէջ լուռ ժամերը կ’անցնին,                  

Զոր կու գան բուրել, սիւքեր թաւշակէզ,                 

Երբ կ’իջնէ յուշիկ քօղը երկինքին:                          

 

Տե՛ս, կ’իջնէ ահա քօղը երկինքին                            

Գոյներ, երանգներ կը դառնան տարտամ,           

Ինչ քա՜ղցր է պահն այս, եւ որքա՜ն հեշտին,        

Կարծես չեմ ապրիր, կարծես ես չկամ:                  

 

Ու կ’իջնէ, կ’իջնէ՛ քօղը երկինքին,    

Սիւքերով օծուն, շաղերով հակինթ,

Բոյրեր բազմերանգ յուշիկ կը ծնին,

Որ կու գան պատել յուշերս ընդմիշտ:

 

Օ՜հ, եկէ՛ք ինծի, իմ հին անուրջներ:

Դուք՝ սէր օրերի վարդեր բուրաւէտ,

Կ’ուզեմ գեթ մեյմ ալ ծծել բոյրը ձեր,

Ու մեռնիլ, նոյնիսկ  ձեր գրկանքին հետ:

 

Եւ կ’իջնէ, կ’իջնէ երեկոն օծուն՝

Բոյրերով թաւիշ, սիւքերով  անէ

Տե՛ս, սիրուս կ’ըլլայ հարսանիքը հեռուն,

Որ գիշերուան մէջ ալ պիտի տեւէ:

 

                                                               ՄԵՆՔ ԱՅՍ ՕՐՆ ԵՆՔ

Մենք այս օրն ենք,                                        

Լուսապայծառ առաւօտը                             

Մեր գալիքի դիմաց խնդուն                        

Ու մարմնացած երգն արեւոտ                    

Հոգիների մէջ աննկուն:                               

Մենք այս օրն ենք,                                        

Մեր լուսաշող ապագայի                             

Ճամբի վրայ այս զրնգուն                             

Շարուող մէն մի տաշած քարի                   

Սրտում դրած խօսքն ենք կանգուն:           

Մենք այս օրն ենք,                                          

Մեր նաիրեան հին քնարի                           

Որոնք նոյնպէս պիտի լինեն                                                                       

 

Նոր լարերին քաղցրահնչիւն

Դրած մեր հայ սիրտն ու հոգին

Նոր կառուցման երգ ենք բազում:

Մենք այս օրն ենք,

Այս օրը մեծ, նուիրական

Միլիոնների հետ նոյնացած,

Որ մօր գրկում նինջը մանկան

Լինի խաղաղ մի այգաբաց:

Այս օրն ենք մենք,

Եւ աչքերի մէջ մեր հրեղէն

Դեռ չբացուած հորիզոններ,

Նոր թռիչքներ երկինքն ի վեր:  

Պատրաստեց՝  ՇԱՔԷ ՄԱՐԳԱՐԵԱՆ

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին