ԱՆԱՀԻՏ ԿՕՇԿԱՐԵՆ
«Զարթօնք»ի Աշխատակից
Ավստրալուհի երգչուհի Սիան այսօր ամենահայտնի և ամենաշատ վերաերգվող երգչուհիներից մեկն է ։ Ինչքան շատ էր մեծանում երգչուհու` ստվերում մնալու ցանկությունը, այնքան աճում էր երգչուհու համբավը։ Սիան հեղինակ-կատարող և միևնույն ժամանակ հայտնի երգչուհիների համար հիթեր գրող երգահան էր , երբ գրեց «Շանդըլիեր» երգը։
Երգի ձայնագրման պատմությունը հետաքրքրական է նրանով, որ Սիան այն գրել էր երգչուհի Ռիհաննայի համար, որի համար ոչ շատ առաջ գրել էր նաև «Դայմոնդս» երգը։ Երբ Սիան ցույց տվեց երգը Ռիհաննայի արտադրողներին, նրանք չհավանեցին այն, անվանելով չափազանց ըմբոստ ու գռեհիկ երգ։ Երգը գիշերային ակումբներում իր կյանքն անց կացնող աղջկա մասին էր։
Ով՞ կհամարձակվեր երգել « Մեկ, երկու, երեք խմում ենք» եթե ոչ Սիան։ Այդպես էլ եղավ։ Երգչուհին անձամբ երգեց երգը, որը մտավ նրա «1000 forms of fear» ալբոմի մեջ իբրև առաջին երգ։ Երգի մասին խոսելիս Սիան մի անգամ պատմեց․ «Երգն ընդհանուր առմամբ ինձնից խլեց ոչ ավել քան մեկ ժամ ։ 4 րոպե ծախսեցի ակորդների վրա, 10-15 րոպե տևեց երգը գրելը, ևս 10 կամ 15 րոպե խլեց ձայնագրությունը։ Ահա և վերջ։ Երգը ակումբներում ժամանակն անց կացնող աղջիկների անկանոն կյանքի մասին է։ Այն նման չէ դրանից առաջ գրված որևէ երգի։ Դա էր պատճառը, որ Ռիհաննայի արտադրողների կողմից մերժումը լսելուց հետո որոշեցի ինքս երգել այն։ Այդպես էլ արեցի և ահա տեսնում եք արդյունքը»։
Երգի տեսահոլովակում սակայն, երգչուհին հրաժարվեց նկարահանվել։ Նա խուսափում էր էկրաններին երևալուց և հայտնի լինելուց։ Նրա ցանկությունն էր պարզապես երգել և ստեղծագործել։ Նույնիսկ համերգների ժամանակ նա հաճախ գլխին տարբեր տեսակի գլխի զաևդեր կամ կեղծամնեև էր կրում՝ քիչ երևալու համար։ Բայց ինչպես պատահեց Ադելի հետ, այս պարագային էլ նույնպես փառքն ու հայտնիությունը գերազանցեցին նրանց՝ ստվերում մնալու ցանկությանը։
Տեսահոլովակում նկարահանվեց 11-ամյա Մեդի Զիգլերը, ով կատարեց մանուկ Սիայի դերը հոլովակում։ Եթե ուշադրություն եք դարձրել հոլովակին, այն նկարահանվել է մերկ պատերով գրեթե դատարկ սենյակում, ուր փոքրիկ աղջիկն ինքն իր համար զբաղմունք է հորինում՝ օրն անց կացնելու համար։ Երևակայական է նույնիսկ ընթրիքը։ Սիան պատմում է, որ այս տեսարանն ամբողջությամբ վերցված է իր մանկությունից, ուր միայնակ ու քաղցած բազմաթիվ երեկոներ են եղել։ Նրա ծնողները համերգներով շրջագայող երաժիշտներ են եղել, և հաճախ է պատահել, երբ Սիան տանն է մնացել բացարձակ միայնության մեջ, երբեմն էլ՝ առանց ընթրիքի։ Եվ նրա սիրելի զբաղմուքն է եղել ձևացնել թե ուտում է համեղ ճաշ, կամ խաղում է սիրելի ընկերների հետ։ Պարուսույց Ռայան Հեֆինգթոնը պարը բեմադրելիս փորձել է հնարավորինս շատ արտացոլել Սիրայի մանկության տեսարանները։
Տեսահոլովակը թողարկվելու առաջին իսկ շաբաթում հոլովակի դիտելիությունն է եղել 10 միլիոն, իսկ երեք ամսում այն ռեկորդային 100 միլիոն դիտում է ունեցել։
Երգն ունի 4 Գրեմմի մրցանակ և 2 MTV Music Awards մրցանակ ։
Սիան հանդիսանում է երիտասարդ սերնդի այն երգչուհիներից, ովքեր բացի իրենց հիանալի ձայնն ու տաղանդը, ունեն նաև մեծ լսարաններն իրենց կողմը գրավելու և սիրվելու հսկա շնորհ։ Նա երիտասարտ երաժիշտների կողմից ամենաշատ վերաերգվող երգչուհիներից մեկն է։ Իսկ Շանդըլիեր երգի վերափոխումներն ու վերաերգումներն այնքան շատ են ու ոճապես այնքան բազմազան, որ կարելի է մի ամբողջ համերգ կազմակերպել դրանցով ու ժամեր շարունակ պահել հանդիսատեսի ուշադրությունը ոճային բազմազանության շնորհիվ։
«Մեկ , երկու , երեք,
Մեկ, երկու , երեք խմիր․․․՛»