Հինգշաբթի, 10. 10. 2024

spot_img

Զանգուածային Լրատուուական Միջոցները Որպէս Ղարաբաղեան Հակամարտութեան Վերաբերեալ Հասարակական Կարծիք Ձեւաւորող Հաստատութիւն

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

21-րդ դարի սկզբին, կարծես, շատ ցանկալի խաղաղ ապագան շարունակում է թաքնուած մնալ զինուած հակամարտութիւնների ստուերի տակ:
Միջպետական պատերազմներից բացի, Սառը պատերազմի աւարտից յետոյ, ներքին բուռն հակամարտութիւնների թիւը կտրուկ աճեց եւ համաշխարհային առումով նոր հակամարտութիւններ առաջ եկան։

Պատմութիւնը ցոյց է տուել, որ լրատուամիջոցները կարող են մարդկանց հրահրել բռնութեան: Հիթլերը լրատուամիջոցներին օգտագործել է հրեաներին, համասեռամոլներին եւ փոքրամասնութիւնների այլ խմբերի համար ատելութեան աշխարհահայեացք ստեղծելու նպատակով։ Օրինակ, Ռուանտայի ռատիոկայանը՝ RTLM- ին կոչ է արել ունկնդիրներին վերցնել հսկայական դաշոյններ (machetes ) եւ իջնել փողոցներ` սպանելու համար նրանց, ում կոչում էին «խցուկներ»: Պալգաններում հեռարձակողները բեւեռացնում էին տեղական համայնքները, որտեղ բռնութիւնը դարձել էր դժգոհութիւնների լուծման համար ընդունելի գործիք:

Զարգացած երկրներում նոյնպէս ժողովուրդները տուժել են ներքին հակամարտութիւններից, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան (Իռլանդական), Սպանիան (Պասքերի), Ռուսաստանը (Չեչենների), Թուրքիան (քրտական) փոքրամասնութիւնների հարցերի հետ կապուած, տեղի է ունեցել զինուած ու արիւնալի հակամարտութիւններ:

ԶԼՄ-ների դերը յաճախ յիշատակւում է հակամարտող գործընթացներից առաջ, ընթացքում եւ յետոյ, բայց հիմնականում ուսումնասիրւում են ԶԼՄ-ների բացասական ազդեցութիւնը։ ԶԼՄ-ների հզօրութիւնը խաղաղութեան կառուցման համար մնում է անտեսուած եւ խորապէս չուսումնասիրուած: Սակայն, ԶԼՄ-ների գոյութիւնը այնքան կենսանան է, որ նոյնիսկ «որոշ դէպքերում Բոսնիայում տեղակայուած լրագրողների ներկայութիւնը դրական պատճառ է հանդիսացել կանխելու կամ առնուազն հետաձգելու վայրագությունները:

Չնայած նրան, որ չկան ուսումնասիրութիւններ, որոնք ապացուցում են ԶԼՄ-ների ազդեցութիւնը էթնիկ հակամարտութեան վրայ, այնուամենայնիւ «կայ ձեւաւորուող համոզմունք, որ լրատուամիջոցները կարող են լինել հակամարտութեան կարգաւորման ամենարդիւնաւէտ միջոցը եւ նոր պատերազմների կանխարգելումը»։

Ըստ Հովարդի վերջին տասը տարիների ընթացքում մէկ միլիարդ դոլարի ներդրում է կատարուել ԶԼՄ-ներում՝ կապուած նորարարութիւնների հետ: ՄԱԿ-ի կողմից ջանքեր են գործադրւում, որպէսզի կարողանան ԶԼՄ-ներն օգտագործել հակամարտութիւնների կանխարգելման, լուծման, հաշտեցման կամ խաղաղութեան դերի բարձրացման ուղղութեամբ։

Արդի աշխարհում տեղի ունեցող համաշխարհայնացումը եւ մասշտաբային փոխակերպումների գործընթացները, հաղորդակցային նորագույն միջոցների բուռն զարգացումը, հասարակութեան կեանքում տեղեկատւութեան աճող դերը պայմանաւորում են զանգուածային լրատուամիջոցների գործառոյթների պատմական եւ հասարակությանը վերաբերող տարբերակման, հասարակական գործընթացներում դրանց տեղի եւ դերի, գործառնութեան հիմնարար փոփոխութիւնների հետազօտութեան անհրաժեշտութիւնը։

Այսօր տեղեկատուական քաղաքականութիւնը կարեւորագոյն զէնք է ցանկացած պետութեան համար, քանի որ հենց դրա միջոցով կարելի է ձեւաւորել հասարակական կարծիք։ Աշխատանքում հիմնական շեշտադրումը կատարուած է Ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ ԶԼՄ-ների եւ տեղեկատուական նորագոյն միջոցների կողմից հասարակական կարծիքի ձեւաւորման փուլերին, մամուլի աւանդական ձեւերի փոխակերպմանն ու արդի ԶԼՄ-ների գործառույթներին, տեղեկատուական անորոշութիւններին, շատ դէպքերում նաեւ նպատակադրուած եղծումներին, դրանում ԶԼՄ-ների դերին եւ այլն։

Ինչպէս նախկինում, ներկայում եւս ԶԼՄ-ները՝ որպէս քաղաքական համակարգի ինստիտուտ ծառայել եւ ծառայում են որպէս հասարակական կարծիքի ձեւաւորման եւ պետութեան հասարակատնտեսական ու քաղաքական գործընթացների լուսաբանման կարեւորագոյն միջոց:
Արցախեան Ազատամարտը Հայկական Եւ Միջազգային ԶԼՄ-Ներում (1988)․ Ինքնորոշո՞Ւմ Թէ Տարածքային Ամբողջականութիւն

Մենք չենք յաղթում, մինչեւ CNN-ը չի հաղորդում, որ մենք յաղթում ենք։
Ճոն Շալիկաշւիլի, ամերիկեան գեներալ

Լրագրողները մշտապէս հարցնում են՝ խաղաղութիւն լինելո՞ւ է, թէ ոչ։ Այդ հարցը ենթագիտակցաբար հանգում է բռնութեան եւ խաղաղութեան միջեւ Մանիքեան երկուութեան՝ վերջապէս մէկը յաղթելո՞ւ է միւսին։ Իհարկէ ոչ։ Ոչ 2000 թուականին, ոչ էլ որեւէ այլ թուականի ոչ համընդհանուր խաղաղութիւն, ոչ էլ համընդհանուր առողջութիւն չի լինելու»։
Եոհան Գալթունգ

«Խաղաղութիւն խաղաղ միջոցներով»

1988 թուականը բախտորոշ էր Հայաստանի համար: Տարին սկսուեց համաժողովրդական մեծ վերելքով եւ դարձաւ խորհրդային անցեալից հրաժարուելու ու ապագայի մոդելը կառուցելու անհրաժեշտութեան տարի: Այն հայ ժողովրդի նորագույն  պատմութեան մէջ ամրագրուեց որպէս Արցախեան շարժման սկիզբ: Արցախեան շարժումը, կարելի է ասել, բերեց հիմնականում բոլոր խնդիրների լուծմանը: Դա այն գիտակցումն էր, որ մեծ եւ ազգային գործերի համար պէտք է ժողովրդական համախմբում: Շարժումն աւարտուեց անկախութեան ձեռքբերումով,  դրանից յետոյ պետականաշինութեան կարեւոր գործընթաց սկսվեց։

Հրապարակներում մարդիկ հաւաքւում էին, պահանջներ դնում, օրակարգ թելադրում: Բնականաբար պարտադիր է ժամանակի մամուլի նիւթերին հետեւելը։
Պաշտօնական մամուլը 1988-89 թթ․ համար որոշակի նիւթեր է պարունակում ինչպէս իրադարձութիւնների ժամանակագրութիւնը ճշտելու, համայնավարական իշխանութիւնների պաշտօնական դիրքորոշումներն արձանագրելու, նրա ու նրան ծառայող ու պաշտպանող ուժերի՝ Շարժման դէմ քարոզչութեան բնոյթը պարզելու եւ այլազան հարցերի ուսումնասիրման համար։ Երբեմն խօսուն են ոչ միայն շարժման հետ կապուած նիւթերը այլ նաեւ դրանց տեւական բացակայութիւնը։

Խստագոյն գրաքննութեան տակ գտնուելով՝ այս տարիներին մամուլն անմատչելի էր Շարժման մասնակիցներին ու գործիչներին:
Եթէ որեւէ մէկը փորձի շարադրել այս տարիների պատմութիւնը միայն պաշտօնական մամուլի նիւթերի հիման վրայ, ապա՝ բաւականին տարօրինակ ու հակասական պատկեր կը ստացուի։ Կը ստացուի, որ Ղարաբաղեան շարժումը մէկ խաթարում է ժողովուրդների բարեկամութիւնը եւ ազգայնականների ու ծայրայեղականների ձեռքի գործ է, մէկ, որ այն հետամուտ է հայ ժողովուրդի բարձրացրած ամենարդարացի հարցին։ Չի հասկացուի՝ Շարժումը ղեկավարել են Հայաստանի իշխանութիւննե՞րը, թէ այնուամենայնիւ այն ունեցել է իր ղեկավարութիւնը Ղարաբաղում։ «Ղարաբաղ» կոմիտէն մերթ ներկայացւում է «այսպէս կոչուած» պարտադիր բնորոշմամբ՝ որպէս արկածախնդիր ու կաշառակերների հովանաւորող յանցաւոր մի կազմակերպութիւն, մերթ քաղաքական մեծ կշռով ու հեղինակութեամբ օժտուած մարմին։ Այլ խօսքով՝ այս շրջանի մամուլի նիւթերը որպէս աղբիւր կարող են օգտակար լինել միայն այն դէպքում երբ այլ աղբիւրների հիման վրայ արդեն պարզուած ու ճշտուած են հիմնական իրադարձութիւնների առանցքն ու ամբողջական պատկերը։

Փողոցում ընթացող գործընթացին դժուարութեամբ էին արձագանքում ԶԼՄ-ները: Արցախեան շարժման խորհրդանշական օրը՝ փետրուարի 20-ին եւ դրան յաջորդող օրերին լոյս տեսաւ «Սովետական Հայաստան» թերթը, որտեղ ամեն ինչ ներկայացւում էր որպէս սովորական երեւոյթ, կարծես պէտք է այդպէս էլ լիներ: «Ինչ եղան պահեստամասերը», «ինչպէս են նախապատրաստւում գարնանը» եւ այլ խորագրերով յօդուածները ցոյց էին տալիս, որ Շարժումը, որը սկսուել էր կանխատեսելի էր վերնախաւի համար:
Հենց «Սովետական Ղարաբաղ» թերթում տպագրւում է Ղարաբաղի մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս բերելու եւ Հայաստանի ԽՍՀ կազմի մէջ ընդգրկելու մասին լուրը:
Ուսումնասիրելով այդ օրերի հայաստանեան մամուլը, խօսելով այդ ժամանակաշրջանի աքդիւ մարդկանց հետ, պարզ է դառնում, որ մամուլը որեւէ կերպ չէր արձագանքում իրադարձութիւններին, իսկ եթէ արձագանքում էլ էր, դա տեղի է ունենում միջնորդաւորուած, պատուիրած եւ կողմնակալ:
Օրինակ «Աւանկարտ» թերթի փետրուարի 29-ին լոյս տեսած համարում կոչ էր արւում պահպանել հանգստութիւն եւ կարգուկանոն, առանց ներկայացնելու դրանից առաջ տեղի ունեցած իրադարձութիւնների նախապատմութիւնը:

Այդ օրերի մամուլը չէր արտացոլում այն, ինչ տեղի էր ունենում իրականում: Բողոքի ցոյցերի մասնակիցները պահանջում էին իրադարձութիւնների ամբողջական լուսաբանում: Փետրուարի 21-ին արդէն՝ «Վրեմիա» համասովետական լրատուական ծրագիրն ու «Փրաւտա» կեդրոնական օրաթերթը Երեւանի փողոցները հեղեղած մարդկանց անուանեցին «մի խումբ անջատողականներ»։ Փետրուարի 23-ին «Վրեմիան» յայտնեց քաղբիւրոյի որոշման մասին՝ սահմանների փոփոխութիւններն անընդունելի են։ Առաջին օրերի ոգեւորուած մթնոլորտին շատ արագ փոխարինելու եկաւ հզօր ջղայնութիւնը։ Ցուցարարները «Փրաւտայի» դագաղն էին սարքել, հանդիսաւոր պտտում էին Երեւանի փողոցներով, յետոյ կազմակերպեցին թաղումը։  
Օրինակ, բաւական հետաքրքրական է «Հայաստանի Հանրապետութիւն» թերթի 112 համարում հրապարակուած ռուս լրագրող Նատալիա Պետրովայի ղարաբաղեան յուշերը, որոնք վերնագրուած են «Ես կվերադառնամ Ղարաբաղ»… Այդ տարիներին բազմաթիւ էին հրապարակումները այն մասին, որ ղարաբաղեան մամուլը շրջափակման էր ենթարկւում, չէին թոյլատրում տպագրել առանձին շրջկենտրոնների թերթերը:

Այդ օրերին հեղինակաւոր «The Associated Press»-ը, յղում կատարելով իր երեւանեան աղբիւրներին, գրում էր, որ զինուած ուժերը բերուած են մարտական պատրաստուածութեանժմբ, թանկերը տեղափոխուել են քաղաքի ծայրամասեր: 

«Լիդերադուրնայա Արմենիա» (ռուսական) ամսագրի գրական աշխատող Սամուէլ Շահմուրատեանը Ղարաբաղեան շարժման եւ պատերազմի տարիներին (1988–1992) մամուլում հրապարակել է բազմաթիւ Շարժումը լուսաբանող հրապարակախօսական յօդուածներ եւ ակնարկներ: Ի դէպ՝ 88-ի յունիսի 1-ին հիմնադրւում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հեռուստատեսութիւնը: 
ԶԼՄ-Ները Եւ Ղարաբաղեան Հակամարտութեան Փոխակերպումը
Այսօր աւանդական տեղեկատւութեան միջոցներն իրենց տեղը զիջում են աւելի նորարարական, էլեկտրոնային ու համացանցային լրատւութեանը։ Եթէ նախկինում աւանդական մամուլը՝ թերթերը, նիւթի մատուցման հարցում ունէին սահմանուած բարոյական չափանիշներ, այսօր տեղեկատուական միջոցները չունեն նման չափորոշիչներ ու վերահսկւում են ոչ թէ հասարակութեան կողմից, ինչպէս պէտք է լինի, այլ անհատների, որոշակի կազմակերպութիւնների կողմից՝ ելնելով ոչ թէ հասարակական շահից, այլ՝ անհատների։ Ղարաբաղեան հակամարտութեան փոխակերպման տեղեկատուական դարաշրջանում աւելի ցայտուն է դրսեւորւում։ ԶԼՄ-ները՝ որպէս հասարակական կարծիքի ձեւաւորման ինստիտուտներ, մեծ ազդեցութիւն ունեն այդ նոյն փոխակերպման շարունակականութեան վրայ։

Հակամարտության կարգաւորումը փոխակերպումից տարբերւում է նրանով, որ փոխակերպման դէպքում պէտք է աշխատանք տանես սեփական հասարակութեան հետ, եթէ չկայ ներքին փոխակերպում, դա երկարատեւ լինել չի կարող։ Ինչքան շուտ սկսի խնդրի լուծումն ու փոխակերպումը, այնքան Հայաստանի զարգացման համար աւելի դրական կլինի։
Իսկ ինչ դեր ունեն ԶԼՄ-ները հակամարտութեան քարոզչութեան ու փոխակերպման գործում։ Լրագրողը ոչ քարոզիչ է, ոչ խաղաղարար, բայց նրա մատուցած որակեալ լրատուութիւնն ինքնին ենթադրում է անուղղակի աջակցութիւն խաղաղարարութեանը։ Այս համատեքստում շատ կարեւոր է նաեւ երկու պետութիւնների՝ Արցախի Հանրապետութեան ու Հայաստանի Հանրապետութեան էլիդաների միջեւ համագործակցութեան մշակոյթի զարգացումը, որն էլ իր արտացոլումը կը գտնի նաեւ մամուլում։

Համագործակցութեան Մշակոյթը Եւ Ընտրանիների Աններդաշնակութիւնը՝ Որպէս Ազգային Անվտանգութեան Ապահովման Գործընթաց
Համագործակցութեան մշակոյթի ապահովման կարեւորագոյն աղբիւրը հասարակայնացուած անձն է՝ քաղաքացին։ Հետեւաբար հասարակութեան քաղաքական համակարգի ինստիտուտները պարտաւոր են այնպիսի գործունութիւն ծաւալել, որը թոյլ կու տայ ՀՀ քաղաքացուն ազատօրէն օգտուել իր իրաւունքներից` կատարելով ոչ միայն իր պարտականութիւնները, այլեւ ընդլայնելով իր մասնակցությունը։ Համագործակցութեան մշակոյթը կառավարման ցանցային եւ աստիճանակարգային փորձի համադրումն է, որը վերարտադրում, ազգակերտում եւ կառավարում է համակարգը` ապահովելով ժողովրդավարութեան որակ: Ներառելով անվտանգութեան փափուկ եւ կոշտ մոդելների շրջանակներում մշակուած ազգային շահի արդիականացման քաղաքականութիւն՝ այն հիմնւում է ապակենտրոնացուած կառավարման, բազմադերային հասարակայնացում, մրցակցային մասնակցութեան եւ համագործակցային անվտանգութեան համակարգի վրայ:

Կերպափոխուող հասարակութիւններում ազգային անվտանգութեան ապահովման գործընթացում որոշիչ է համագործակցութեան (collaboration) մշակոյթի դերը: Լինելով քաղաքական յարաբերութիւնների ձեւ՝ համագործակցութիւնը յենւում է փոխգործունէութեան եւ բանակցութիւնների օգնութեամբ խաղաղութիւն հաստատելու վրայ: Փաստօրէն համագործակցութեան մշակոյթը յարաբերութիւնների այնպիսի համակարգ է, որը ներառում է քաղաքացիական համերաշխութեան ու համաձայնութեան, պետականաշինութեան մշակոյթի զարգացման եւ ազգային անվտանգութեան ապահովման գործընթացներ: Այս դիտանկիւնից Գոբենհակենեան դպրոցի ներկայացուցիչները (Բարրի Բուզան, Եոհան Գալթունգ) ընդլայնեցին անվտանգութեան մասին պատկերացումները` այդ հասկացութիւնն ուսումնասիրելով «Ես»-ի ձեւաւորման աշխարհագրական, քաղաքակրթական, սեռային, մշակութային, հոգեբանական, էթնիկ, լեզուաբանական, ծագումնաբանական, արժէքաբանական տիրոյթներում: Գալթունգի դիտարկմամբ՝ խաղաղութիւնը ոչ թէ հակամարտութեան բացակայութիւն է, այլ դրա համընթաց գործընթացը։ «Խաղաղութիւն ունենք միայն այն ժամանակ, երբ ունենք հակամարտութեան ստեղծագործական փոխակերպում, առանց բռնութեան կիրառման»:
Համագործակցութեան մշակոյթը հարստացաւ «մարդկային անվտանգութիւն» (human security) եզրոյթով, որը հիմնւում է մարդու անվտանգութեան հիմնական ներկայացուցչական խմբի, այլ ոչ թէ կանոնաւոր եւ ոչ կանոնավոր ինստիտուտների անդամակցելու վրայ: Նման մօտեցումը զուգամիտեց անվտանգութեան ապահովման հասարակաքաղաքական, քաղաքակրթական, բարոյահոգեբանական տիրոյթները` նպաստելով քաղաքացիական անվտանգութեան (civic կամ civilian security) եւ համընդգրկուն անվտանգութեան (comprehensive կամ overall security) ստեղծմանը, ձեւաւորմանն ու կայացմանը։

Համագործակցութեան մշակոյթի միջոցով «ազգային անվտանգութիւն» եւ «մարդկային անվտանգութիւն» հասկացութիւնները զուգամիտւում են: Այս տրամաբանութեամբ նուազում է անվտանգութեան այս ձեւերի միջեւ առկայ տարաձայնութիւնները, իսկ «մարդկային անվտանգութեան» ապահովումն այլեւս կախուած չէ միայն կառավարութեան գործունութիւնից: Տեղեկատուական նորագոյն միջոցների եւ սպառողական մշակոյթի զարգացման արդիւնքում հասարակաքաղաքական փոխակերպումների ենթարկուող դերակատարները, իրենց խմբային շահերից ելնելով, նախապատուութիւնը տալիս են ազգային անվտանգութեան ապահովման փափուկ եւ կոշտ ձեւերի զուգամիտմանը:

Քաղաքական զարգացման տրամաբանութիւնը դիտարկող այս մօտեցումների շրջանակներում էլ կարեւորում ենք համագործակցութեան մշակոյթը: Վերջինս, իր հիմքում ունենալով եւ՛ ընդհանուր, եւ՛ քաղաքական մշակոյթը, հնարաւորութիւնն է տալիս քաղաքական հասարակայնացումը դիտարկելու որպէս ազգային անվտանգութեան գործօն: Ակնյայտ է, որ եւ՛ ընդհանուր, եւ՛ քաղաքական մշակոյթի արդիականացման միջոցով համագործակցութեան մշակոյթը հնարաւորութիւնն կտայ կերպափոխուող հասարակութիւններին հիմնաւորուած պատասխանելու արտածին եւ ներածին մարտահրաւէրներին:

Այդպիսի մարտահրաւէրներ կային այն ժամանակ, կա նաեւ հիմա, ուստի ազգային անվտանգութեան տեսանկիւնից շատ կարեւոր է Արցախի ու Հայաստանի ընտրանիների, ղեկավարութեան համագործակցութեան մշակոյթի ձեւաւորումը։ 90-ականներին գաղտնիք չէ, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղիը ընտրանիները ունէին հակասութիւններ տարբեր հարցերի շուրջ, այսինքն՝ գոյութիւն ունէր ընտրանիների աններդաշնակութիւն։ Հայ քաղաքական ընտրանին յարաբերականօրէն երիտասարդ հասարակական շերտ է, այնուամենայնիւ, նրա գիտակցութեանը յատուկ են արժէքային բարդութիւններ եւ կնքուած է հակասականութեամբ: Այդ պարագան պատճառաբանւում է նրա խորհրդային ընկերավարական անցեալով ու դրամատիրական ներկայով։ Պետական իշխանութեան իրականացման պայմաններում կառավարող ընտրանին պարտաւոր է իւրաքանչիւրութիւն քաղաքացուն հաղորդակից դարձնել արդի քաղաքակիրթ աշխարհի վարման ժողովրդավարական նուաճումներին կառավարման մշակոյթի արժէքներին եւ այլն:

Ղարաբաղեան հակամարտութեան լուծման տարբերակների հարցում ՀՀ եւ Արցախի ընտրանին աններդաշնակութեան ու հակասութիւնների մասին խօսել է 1991-1997թթ. ՀՀ նախագահի աւագ խորհրդական, պատմաբան, դիւանագէտ  Ժիրայր Լիպարիտյանը, ով 2017 թուականին «Առաւօտ» օրաթերթի առանց համարում յօդուած էր հրապարակել, որում կարեւոր փաստեր է հրապարակում ԼՂ հարցի լուծման կապակցութեամբ եւ խօսում 1997-ի ամռանը ՀՀ եւ ԼՂՀ ղեկավար կազմի հանդիպման մասին։
Այսօր եւս Արցախի ու ՀՀ իշխանութիւնների տարաձայնութիւնների, անհամաձայնութիւնների միակ պատճառը բանակցային գործընթացն է՝ Ղարաբաղի հարցի չլուծուած լինելը եւ 88-90֊ին՝ Ղարաբաղեան շարժման նախանշած ազգային, համազգային, համաժողովրդական ուղուց, նախանշուած ուղենիշներից շեղուելը ու ընդհանուր տեսլական չունենալը, թէ մենք՝ Երեւանն ու Ստեփանակերտը ու ընդհանրապէս հայ ժողովուրդը, ինչպե՞ս ենք պատկերացնում Ղարաբաղի հարցի վերջնական լուծումը։
Հիմնական խնդիրն այստեղ այսպէս ասած՝ արտաքին ու ներքին երկխօսութիւնները իրար խառնելն է։ Երբ ասում ենք Արցախը անկախ է տէ յիւրէ, դա դիւանագիտական մարտավարութիւն է՝ որդեգրուած 1991-92-ից, որ աշխարհին ցոյց տանք, որ սա Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարն է ու որոշումը, որ այդ պայքարը իրաւունքի վրայ է ամեն ինչ հիմնուած, ոչ թէ Հայաստանը, ինչպէս Ադրբեջանն է պնդում, հարձակում է իրականացրել ու խախտել իր տարածքային ամբողջականութիւնը։ Միանշանակ, տարածքային ամբողջականութեան խախտում չկայ, այլ՝ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացում։

Բացի բանակցային գործընթացում ունեցած հակասութիւններից, Արցախը Հայաստանից անկախ պետութիւն ներկայացնելու յայտարարութիւններից, այստեղ կա նաեւ արժէհամակարգային, արժէշահային տարբերութիւններ։ Ղարաբաղի ժողովուրդը երկար ժամանակ մեզանից առանձին է ապրել, շատ փակ հանրութիւն է, ու այնտեղի մարդկանց, ընտրանու հայեացքները շատ են տարբերւում մեր հայեացքներից։ Իհարկէ, սա առանձին ուսումնասիրութեան թեմա է, ոչ այս աշխատանքի համար։ Խօսքը նոյն ժողովրդավարութեան, քաղաքացիական ազատութիւնների, արտաքին յարաբերութիւնների, արտաքին քաղաքական մօտեցումների մասին է, որոնք եւս տարբեր են։ Օրինակ, Հայաստանը Ռուսաստանին այլ հայեացքով է նայում, իսկ Արցախում շատերը Ռուսաստանն ընդունում են փրկչի կերպարով։ Իրականում, այստեղ խնդիրները շատ աւելի խորն են քան առաջին հայեացքից թւում է, որովհետեւ անգամ նոր ազգի ձեւաւորման նախանշաններ է երեւում։ Դրա համար առաջին հերթին պէտք է հասկանալ՝ ինչպէս ենք շարժւում առաջ, ինչ է ուզում Հայաստանն ու Արցախը եւ դա անել միասնական ձեւով։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին