Երկուշաբթի, 12. 05. 2025

spot_img

Գեղարքունիքի մարզ. Կալաւանի հնագիտական պեղումները նոր իրողութիւններ են բացայայտել

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-ԳԱՒԱՌ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԷՆՓՐԷՍ: Արդէն մի քանի տարի է, ինչ հայ-գերմանական հնագիտական միացեալ արշաւախումբը հնագէտ, ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող Բորիս Գասպարեանի ղեկավարութեամբ  հնագիտական պեղումներ է իրականացնում Գեղարքունիքի մարզի Կալաւան գիւղի տարածքում: Հնագիտական արշաւախմբի ղեկավարը տեղեկացրեց, թէ այս տարի պեղումները սկսուել են Օգոստոսի 15-ից եւ աւարտուել Սեպտեմբերի 13-ին: Հիմնական աշխատանքները կենտրոնացուել են Կալաւան-1 պեղավայրի խորացման վրայ:

«Պեղումների ընթացքում նախորդ երկու բացուած շերտերի կողքին բացուեցին երեք նոր շերտեր, որոնց գտածոները համանման են նախորդներին: Դրանք ներկայացուած են քարից պատրաստուած փոքր չափերի սրածայրերով եւ քերթիչներով, որոնք որսորդական կենսակերպի բնոյթ ունեն: Դրանց հետ համատեղ յայտնաբերուել են խոշոր կաթնասունների` վայրի ձիու, բիզոնի եւ ցուլի, ոսկրային մնացորդներ, որոնք ցոյց են տալիս, որ Կալաւանի հնաբնակները ժամանակ առ ժամանակ, կախուած այս կենդանիների սեզոնային տեղաշարժերից, այցելել են այս տարածք` նշուած կենդանիներին որսալու նպատակով: Դա ապացուցւում է գտնուած ոսկորների վրայ պահպանուած կտրման ու ջարդման հետքերից: Նախամարդիկ այստեղ քարէ սուր գործիքներով մաշկել-մշակել են որսի միսը, իսկ ոսկորները քարով ջարդոտել` ծուծկը հանելու համար:

Նախորդ տարիների ընթացքում մեր արշաւախմբի կողմից յայտնաբերուեցին  աշխատանքային քարէ գործիքներ, խեցեղէն, ինչպէս նաեւ` կենդանիների ոսկորների մնացորդներ, որոնց մէջ բացառիկ են ռնգեղջիւրների եւ բիզոնների ոսկորների մնացորդները: Նէանդերթալեան մարդկանց բացօթեայ հնագոյն կայանը գտնւում է Կալաւան գիւղի հարաւային թեւում, հնագոյն ամրոցի եւ դամբարանադաշտերի կողքին: Առայժմ մի քանի տեղամասերում կատարուող պեղումների ընթացքում գտնուել են միայն աշխատանքային գործիքներ, զէնքեր, խեցեղէն եւ կենդանիների ոսկորներ, իսկ ահա նէանդերթալեան մարդկանց ոսկորների որոնումներն առայժմ յաջողութեամբ չեն պսակուել: Յուշարձանի գոյութիւնը հնագէտները թուագրում են մեզանից 80-40 հազար տարի առաջ, երբ նէանդերթալեան մարդիկ գտնուել են աստիճանական վերացման փուլում` տեղը զիջելով բանական մարդուն: Հետաքրքիր գտածոներ ունենք նաեւ Բարեպատի հնագոյն քարայրի պեղումներից` օբսիդիանից պատրաստուած մանգաղի ներդիր, խխունջներ, որոնց պատեանի օգնութեամբ կարելի է թուագրել յուշարձանի պեղուած շերտը, խոշոր կենդանիների ոսկորներ, ոսկորից պատրաստուած ծայրակալ, կճուճի կանթ: Յատկապէս խեցեղէնի միջոցով մենք կարող ենք յստակօրէն որոշել յուշարձանի տուեալ շերտի տարիքը:

Կալաւանը հայ եւ օտարերկրեայ հնագէտներին յայտնի է դարձել 2005 թուականից, երբ տարածքում գտնուել են քարեդարեան գործիքներ, որից յետոյ էլ սկսուել են ուսումնասիրութիւնները: Պեղուած բացօթեայ կայանում հնագէտները բացել են էնէոլիթի դարաշրջանի շերտեր, որոնք Հայաստանի տարածքում շատ քիչ են յայտնի: Հաւանաբար, մենք եկող տարի Կալաւանում ժամանակաւորապէս կ’ընդմիջենք պեղումները, որպէսզի կարողանանք զբաղուել պեղուած մեծաքանակ նիւթերի ուսումնասիրութեամբ եւ դրանց արդիւնքների հրատարակութեամբ է,– ներկայացրեց Բորիս Գասպարեանը:

Կալաւանի պեղումները վաղուց ձեռք են բերել միջազգային հնչեղութիւն: Արշաւախմբի կազմում այս տարի եւս ընդգրկուել են Գերմանիայի, Իսրայէլի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Անգլիայի, մի շարք այլ երկրների հնագէտներ: Պեղումներն իրականացուել  են Գերմանիայի Դաշնութիւնում գործող «Գերդա Հենկել» միջազգային հիմնադրամի միջոցներով եւ ԱՄՆ-ի «Գֆոյլեր» հիմնադրամի հայաստանեան մասնաճիւղի համաֆինանսաւորմամբ: Պեղումների ընթացքում հնագէտներին օժանդակել են տեղացի բանուորներ:

 

ԽՈՍՐՈՎ ԽԼՂԱԹԵԱՆ

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին