Շուտով Գյումրի այցելելու ևս մեկ առիթ կլինի. Գյումրիում իր դռները կբացի դելֆինարիումը: Սոչիում արհեստական ակվարիումում ծնված ու մեծացած 12 և 9 տարեկան Սաշան ու Քսյուշան սևծովյան աֆալին տեսակի դելֆիններ են: Նրանց հետ Գյումրի է բերվել նաև 5 տարեկան հյուսիս-ծովային ծովառյուծը՝ Զայան: 300 նստատեղ ունեցող դելֆինարիումն արդեն պատրաստ է, իսկ կենդանիների հետ վերջին պարապմունքներն են անցկացնում:
Դելֆինարիումը գյումրեցի ռուսաստանաբնակ գործարար Գագիկ Պետրոսյանի ներդրումային ծրագիրն է հարազատ քաղաքում: Նա նմանատիպ դելֆինարիումներ ունի տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում և Իրանում:
«Դելֆիններն ապրում են, այսպես կոչված, արհեստական, բայց ծովի ջրի բաղադրությանը շատ մոտ ջրում, որի թթվայնությունը, աղի տոկոսայնությունն ամբողջությամբ համապատասխանում են ծովի ջրին: Այստեղ 600 խորանարդ մետրից ավելի ջուր ունենք: Յուրաքանչյուր դելֆինի համար նախատեսվում է 200-250 խմ տարածք: Մենք ռեզերվային լողավազան ունենք նրանց բուժման և հատուկ պահելու համար: Դելֆինների համար ստեղծված են բոլոր պայմանները: Սննդով ևս ապահովված են»,- նշեց «Ույուտ» դելֆինարիումի տնօրեն Թորգոմ Գևորգյանը՝ հավելելով, որ բացի շոու ծրագրից, հատուկ դելֆինաթերապիա է կազմակերպվելու բոլոր ցանկացողների համար: Պատասխանատուները նաև վստահեցնում են՝ մուտքի արժեքը 3-5 հազար դրամից ավելի չի սահմանվի, իսկ մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար կլինի: