ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականեանը, բազմաթիւ քաղաքական, մշակութային գործիչներ, մտաւորականներ ներկայ էին Մեծն Բրիտանիայի և Հիւսիսային Իռլանդիայի Միացեալ Թագաւորութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան Արման Կիրակոսեանի վերջին հրաժեշտին:
«Արմէնփրէս»–ի հաղորդմամբ` հրաժեշտի արարողութիւնը տեղի ունեցաւ Յուլիսի 13-ին Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տանը:
«Դժուար և հեշտ է խօսել Արման Կիրակոսեանի մասին: Նա փայլուն անձնաւորութիւն էր, բիւրեղեայ մարդ իր բազմաթիւ առաքելութիւններով ու առաքինի յատկութիւններով: Նա բարդ էր և պարզ: Կիրակոսեանը ընտանիքի մարդ էր. փայլուն զաւակ էր իր ծնողների համար և փայլուն շարունակողն էր Ջոն Կիրակոսեանի մեծ գործի: Հոյակապ եղբայր էր, որի նմանը դժուար է գտնել, հոյակապ ամուսին: Գիտեմ, թէ ինչ նուիրուած հայր էր Արմանը: Պէտք է կրկնեմ, որ հեշտ և բարդ է խօսել նրա մասին»,– նշեց ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը:
Նա շեշտեց, որ Կիրակոսեանը ֆանտաստիկ ընկեր էր, որը երբեք չէր սպասում փոխադարձութեան, միշտ մտածում էր ընկերների մասին: «Կիրակոսեանը նաև մեծ գիտնական էր: Նա մեր հայ պատմագիտութեան լաւագոյն մասնագէտներից էր, մէկը, որն իր կեանքի գիտական ամբողջ գործունէութիւնը նուիրեց ազգի պատմութեանը, Եղեռնի ճանաչմանը, հայ-բրիտանական յարաբերութիւնների զարգացմանը: Շատ եմ ափսոսում, որովհետև Արմանը դեռ երկար տարիներ պէտք է մեծ ներդրում ունենար հայագիտութեան զարգացման գործում»,– ընդգծեց Արմէն Սարգսեանը:
Անդրադառնալով Կիրակոսեանի դիւանագիտական գործունէութեանը` նախագահն ասաց, որ միասին են սկսել դիւանագիտական ծառայութիւնը Հայաստանի երրորդ Հանրապետութիւնում: «ՀՀ արտաքին գործերի նախարարութեան ստեղծման առաջին իսկ տարիներից Արմանն այնտեղ էր, որպէս նախարարի պաշտօնակատար, տեղակալ, դեսպան: ԱԳՆ մտնելիս միշտ մտածում էի, որ մտնում եմ Արմանի տուն, նրա հօր տուն»,– նշեց Սարգսեանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականեանի խօսքով` խորին յարգանքի տուրք են մատուցում Արման Կիրակոսեան պետական այրին, դիւանագէտին, պատմաբանին, մանկավարժին, մի մարդու, որն արժանիօրէն վայելում է հայ ժողովրդի յարգանքը, սէրը Հայաստանում, սփիւռքում և աշխարհում:
«Լինելով Արտաքին գործերի նախարարութեան հիմնադիրներից մէկը` նա ծանրակշիռ ներդրում ունի դիւանագիտական ծառայութեան կայացման գործում. բաւական է յիշել, որ ե՛ւ երկրի, ե՛ւ համակարգի ամենածանր օրերին` 90-ականների սկզբներին, Կիրակոսեանը հանդիսացել է Արտաքին գործերի ժամանակաւոր փոխնախարար, յետոյ ղեկավարել է նախարարութիւնը: Նրա գործունէութիւնը մշտապէս ծաւալուել է արտաքին քաղաքականութեան գերակայ ուղղութիւններում»,– շեշտեց Մնացականեանն ու յաւելեց, որ Արման Կիրակոսեանը Հայաստանի համար վճռական գործընթացներում և դրանց դիւանագիտական հատուածում արձանագրել է կարևոր ձեռքբերումներ` ուղղուած տարածաշրջանում խաղաղութեան և կայունութեան ամրապնդմանը, նա կարողացել է յստակ ընկալել, ձևակերպել ապա հետամուտ լինել միջազգային յարաբերութիւններում Հայաստանի ազգային շահերին:
Ռեժիսոր, ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ Ռուբէն Բաբայեանն էլ ընդգծեց, որ Արման Կիրակոսեանի նման հրաշալի մարդիկ և լաւ մասնագէտները միշտ պահանջուած են: «Նրա կեանքն ապացուցեց, որ, անկախ քաղաքական իրավիճակից, Կիրակոսեանն իր տեղում էր: Մենք բոլորս ժամանակաւոր ենք. կարևոր է, թէ ինչ հետք ենք թողնում մեզանից յետոյ: Նա դիւանագիտական դպրոց թողեց: Բազմաթիւ դիւանագէտներ Կիրակոսեանին ուսուցիչ են համարում: Նա օրինակ էր, թէ ինչպիսին պէտք է լինի աշխարհում Հայաստանը ներկայացնող պետական պաշտօնեան»,–եզրափակեց Բաբայեանը:
Արման Կիրակոսեանի վերջին հանգրուանը Երևանի քաղաքային պանթէոնն է:
Մեծն Բրիտանիայի և Հիւսիսային Իռլանդիայի Միացեալ Թագաւորութիւնում ՀՀ դեսպան Արման Կիրակոսեանը ծնուել է 1956 թուականի Սեպտեմբերի 10-ին, Երևանում։ Նա մահացել է կեանքի 63-րդ տարում՝ 2019 թուականի Յուլիսի 6-ին։ ve