ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Յուլիսի 3-ին, ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ, տեղի ունեցաւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գէորգեան հոգեւոր ճեմարանի 2018-2019 ուսումնական տարուայ փակման հանդիսաւոր արարողութիւնը:
Միջոցառումը բացուեց Տէրունական աղօթքով, որից յետոյ հնչեցին ՀՀ եւ Գէորգեան ճեմարանի օրհներգերը: Այնուհետեւ բացման խօսքով հանդէս եկաւ ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումեանը:
«Մեր 145-ամեայ ճեմարանում հայոց հայրապետների օրհնութեան ներքոյ մշտապէս կերտուել ու պատրաստուել են այնպիսի անհատներ, ում համար ազգն ու Եկեղեցին, դրանց առնչուող իւրաքանչիւր խնդիր դարձել է սեփական: Այսօր էլ մեր ճեմարանը շարունակում է ընթանալ բարի աւանդոյթով՝ առաջնորդելով մեր սաների մէջ ոչ թէ պաշտօն փնտռելու, այլ պաշտօն մատուցելու ցանկութիւնը արմատաւորելու սկզբունքով»,- ընդգծեց Հայր Սուրբը, մաղթելով շրջանաւարտներին իրենց իւրաքանչիւր քայլն անելուց առաջ յիշել եւ հետեւել Տէր Յիսուս Քրիստոսին նմանուելու Իր իսկ պատգամին:
Այնուհետեւ Հայր Գարեգինը ներկայացրեց անցնող ուսումնական տարուայ գործունէութիւնը` մասնաւորապէս անդրադառնալով ճեմարանականների մասնակցութեանը մշակութային տարբեր միջոցառումներին, բուհական գիտաժողովներին, օտարերկրեայ մասնագէտների հետ հանդիպումներին, ինչպէս նաեւ Կոմիտաս վարդապետի եւ Յովհաննէս Թումանեանի 150-ամեակին նուիրուած հանդիսութիւններին ունեցած ելոյթներին:
Ապա երաժշտական կատարումներով հանդէս եկաւ Գէորգեան հոգեւոր ճեմարանի երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արտաշէս Բաբուրեանի:
Հանդիսութեան ընթացքում կատարուեց նաեւ նուիրաբաշխութիւն: Նորին Սրբութիւնն ուսման մէջ բարձր առաջադիմութեան, կարգապահութեան եւ այլ արժանիքների դրսեւորման համար պարգեւներ յանձնեց տարբեր լսարանների սաներին:
Միջոցառումն ամփոփուեց Նորին Սրբութիւն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեան խօսքով:
Ցերեկոյթը փակուեց հայրապետական «Պահպանիչ» աղօթքով:
2018-2019 ուսումնական տարում ճեմարանն ունեցել է 82 ուսանող, հաստատութիւնում դասաւանդել է 59 դասախօս: Այս տարի ճեմարանն աւարտեց 16 սան: