Կիրակի, 06. 10. 2024

spot_img

Սիլիկոնեան հովիտ. Հայաստանեան պատուիրակութիւնը Քալիֆորնիայի մէջ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Մայիսի 29-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ի Քալիֆորնիայի նահանգում էր  գտնւում ՀՀ տրանսպորտի, հեռահաղորդակցութեան և տեղեկատուական տեխնոլոգիաների նախարար Յակոբ Արշակեանի գլխաւորած պատուիրակութիւնը, որի կազմում էին հայաստանեան տեղեկատուական տեխնոլոգիաների ընկերութիւնների՝ “Smartgate”, “Arlupa”, “Volo”, “Startup Armenia foundation”, “Dataart”, “Redkit”, “UITE”, “SFL”, “True Public”, “Energize Global Services”, “IU Networks” ներկայացուցիչները։ Սիլիկոնային հովիտ այցելութեան ընթացքում նախարար Յ. Արշակեանին ընկերակցել է Լոս Անճելըսում ՀՀ գլխաւոր հիւպատոս Արմէն Բայբուրդեանը։

Նախարար Յ. Արշակեանի Քալիֆորնիա աշխատանքային այցի Սիլիկոնեան հովտի հանդիպումների կազմակերպման գործում կարևոր դերակատարութիւն են ունեցել “Synopsys” ընկերութեան գլխաւոր ճարտարագէտ, “Synopsys-Հայաստան” ընկերութեան նախագահ Երուանդ Զօրեանը և ՀԲԸՄ տարածաշրջանային կառոյցի ներկայացուցիչները։

Մայիսի 29-ին նախարար Յ. Արշակեանը, և ուղեկցող պատուիրակութիւնը այցելել են Սիլիկոնեան հովտում գտնուող “Intel” ընկերութիւնը, որտեղ շրջայց են կատարել վերջինիս թանգարանում և ծանօթացել ընկերութեան ստեղծման և զարգացման պատմութեանը։ Նոյն օրը նախարար Յ. Արշակեանը Սան Հոզէի պետական համալսարանում հանդիպել է “IBM Research” ընկերութեան փոխնախագահ Ջէֆ Ուելսերի հետ։

Ջ. Ուելսերը ներկայացրել է “IBM Research” ընկերութեան կողմից արհեստական բանականութեան ոլորտում իրականացուող ծրագրերը, հետազօտութիւնները և զարգացման հեռանկարները։

Հանդիպման ընթացքում առաջին անգամ ցուցադրուել է ՀՀ տրանսպորտի, հեռահաղորդակցութեան և տեղեկատուական տեխնոլոգիաների նախարարութեան պատրաստած կարճատև ֆիլմը՝ նուիրուած Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի պատմութեանը, ներկային, Հայաստանում յաջողութիւն գրանցած ընկերութիւններին։ Այնուհետև ծաւալուել է ակտիւ քննարկում, որտեղ շօշափուել են տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում կրթութեան և հետազօտական աշխատանքների և գիտահետազօտական լաբորատորիաների ամերիկեան փորձի ուսումնասիրման, Հայաստանում այդ փորձի կիրառման, երկկողմ գործակցութեան հարցեր։

Այցի շրջանակում Սան Հոզէի պետական համալսարանում տեղի է ունեցել նախարար Յ. Արշակեանի գլխաւորած պատուիրակութեան աշխատանքային հանդիպումը համալսարանի ֆակուլտետների դեկանների, մի շարք ամերիկեան ընկերութիւնների ներկայացուցիչների (“Plug&Play”, “Logitech”, և այլն) հետ։ Հանդիպումը կազմակերպել էր Սան Հոզէի պետական համալսարանի նախագահ Մէրի Փափազեանը։ Նախարար Արշակեանը հանդէս է եկել ելոյթով, ներկայացրել է Հայաստանի հարուստ գիտական ժառանգութիւնը, երկրի գրաւչութիւնը գիտական և գիտահետազօտական ոլորտներում։ Մասնաւորապէս, նա նշել է, որ ներկայում իւրայատուկ մի ժամանակ է տեղեկատուական տեխնոլոգիաների և գիտարար ոլորտներում ներդրումներ կատարելու, ամերիկեան ընկերութիւնների Հայաստանում իրենց մասնաճիւղերը բացելու և ներկայութիւնը ապահովելու համար։ Նա կարևորել է կրթութիւն, գիտութիւն, հետազօտութիւն, արտադրութիւն շղթայական կապի ստեղծումը՝ Հայաստանում ոլորտի զարգացման համար։ Այնուհետև նա պատասխանել է ներկաների հարցերին։

Նախարար Յ. Արշակեանը, Լոս Անճելըսում ՀՀ գլխաւոր հիւպատոս Ա. Բայբուրդեանը, “Synopsys” ընկերութեան գլխաւոր ճարտարագէտ Երուանդ Զօրեանը, հայաստանեան ընկերութիւնների ներկայացուցիչները այցելել են “Sky Deck Accelerator” ծրագրի գրասենեակ, որը գործում է Պըրքլի համալսարանի հովանու ներքոյ։

Ծրագրի նպատակն է օժանդակել Startup-ներին նախնական փուլում՝ 50,000 ԱՄՆ տոլար դրամաշնորհ տրամադրելով 3 ամսուայ կտրուածքով։ Ծրագիրը ապահովում է Startup-ներին վերապատրաստման հնարաւորութեամբ, ինչպէս նաև թոյլ է տալիս իրենց բիզնէսի զարգացման համար օգտագործել ծրագրի մարդկային ռեսուրսները։ Ծրագիրը գործարկուել է 2012 թ. և ստեղծման օրուանից զգալի թուով հայկական Startup-ների օժանդակութիւն է ցուցաբերել։ Ներկայում ևս մի քանի հայկական Startup-ներ ստացել են ֆինանսաւորում։ Ծրագիրն ունի ֆինանսաւորում մի շարք խոշոր ներդրումային հիմնադրամներից և տարեկան բիւջէն կազմում է մօտ 25 մլն. ԱՄՆ տոլար։ Այնուհետև Յ. Արշակեանի գլխաւորած պատուիրակութեանը հիւրընկալել է Պըրքլի համալսարանի Ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Էնալի Սաքսանեանը։ Դեկան Սաքսանեանը ներկայացրել է Պըրքլի համալսարանի Ինֆորմատիկայի ֆակուլտետի ստեղծման պատմութիւնը, կրթական քաղաքականութիւնը և ծրագրերը։

Նախարար Յակոբ Արշակեանը ներկայացրել է Հայաստանում Թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ ՀՀ կառավարութեան կողմից բարձր տեխնոլոգիաները որպէս առաջնահերթութիւն հռչակած քաղաքականութիւնը, կարևորել Պըրքլիի նման աշխարհահռչակ հաստատութեան հետ կրթական ծրագրերի իրականացման կարևորութիւնը։

ՀՀ Լոս Անճելըսի Հիւպատոսութիւն

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին