Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Նա չէր երգում, այլ աղօթք էր յղում. Երևանում բացուեց Լուսինէ Զաքարեանի տուն-թանգարանը

ՄԱՐԻԱՆԱ ՓԱՅՏԵԱՆ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ. Երևանի Եզնիկ Կողբացի 42 հասցէում անսովոր եռուզեռ է. առաջին յարկից լսւում է Լուսինէ Զաքարեանի` մինչև հոգու խորքը թափանցող ձայնը։ Երկսենեականոց բնակարանի հիւրասենեակի մի անկիւնում խոնաւ աչքերով կին է կանգնած, այսուայն կողմ է նայում, իսկ երբ հայեացքը կանգ է առնում պատին կախուած նկարին, շուրթերը շարժւում են. կարծես խօսում է Լուսինէի հետ։ Նրա քոյրն է՝ տիկին Լիւդմիլան։ Արցունքները մի կերպ կոկորդում խեղդելով՝ ասում է, որ չի կարողանում Լուսինէի ձայնը լսել, չափազանց ցաւոտ է, կարօտում է։ Այս բնակարան ոտք դնելով` ամբողջ ներաշխարհը տակնուվրայ է եղել, յիշել է հէնց այս հիւրասենեակում քրոջ հետ հանդիպումները, զրոյցները։

«Մեր բոլորի նպատակն էր աշխատանքներն աւարտին հասցնել մինչև Յունիսի 1-ը՝ Լուսինէ Զաքարեանի ծննդեան օրը։ Տուն-թանգարանի ստեղծումը ուխտի նմանուող նպատակ էր՝ վերջապէս աւարտին հասցնել այն գործը, որը ժամանակին խոստացել էի ի պաշտօնէ»,– ասաց ՀՀ մշակոյթի նախկին փոխնախարար Արև Սամուէլեանը, որը տուն-թանգարանի բացմանը ներկայ է արդէն որպէս «Քվադրում» ճարտարապետական արուեստանոցի հիմնադիր տնօրէն։ Հէնց այս արուեստանոցն է իրականացրել ցուցադրութեան համակարգման և ձևաւորման աշխատանքները։

Սամուէլեանի խօսքով՝ երկսենեականոց բնակարանում երևակայութեան համար շատ մեծ տեղ չկար, հիւրասենեակի մասը պահպանուել է այնպէս, ինչպէս եղել է, իսկ նախկին ննջարանն օգտագործուել է ցուցադրութեան համար։

Տուն-թանգարանի ստեղծման աշխատանքներում շատերն են ներգրաւուած եղել անշահախնդիր, նուիրումով, մեծ սիրով։ Լուսինէին անհնար էր չսիրել։

Տէր Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանի խօսքով՝ երբ Լուսինէն մտնում էր տաճար, թւում էր, թէ մոմավառութեան անկիւնում ևս մի մոմ էր վառւում։

«Նա չէր երգում, այլ երգի միջոցով իր անկեղծ աղօթք էր յղում առ Աստուած։ Սա էր Լուսինէի գաղտնիքը և նրա հանդէպ պաշտամունքի հասնող սիրոյ պատճառը»,– թանգարանի բացման ողջոյնի իր խօսքում ասաց սրբազան հայրը։ Նա յիշում է, որ երբ Լուսինէ Զաքարեանը ստանում էր աշխատավարձը, գնում էր եկեղեցու գանձանակների մօտ, նուիրատուութիւն կատարում, ստացած գումարը երբեք իր դրամապանակի մէջ չէր դնում։ Ըստ նրա՝ այս տուն-թանգարանը մի վայր է, որը նոր սերնդի համար ճանաչելի կը դարձնի Լուսինէ Զաքարեանի անունը։

«Այս տան միջոցով չի մոռացուի այն անունը, որը ժամանակին բոլորի շուրթերին է եղել. սրանով է, որ մենք կարող ենք արժևորել մեր ունեցածը»,– յոյս յայտնեց նա։

Տուն-թանգարանի տնօրէնը Սուսաննա Դաւթեանն է, որը 1965 թուականից նուագակցել է Խորէն Պալեանին։ Լուսինէին ճանաչում է այն ժամանակներից, երբ նա դեռ Սւետլանա Զաքարեան էր։ Ու թէպէտ Խորէն Պալեանն ու Լուսինէ Զաքարեանն արդէն վաղուց չկան, բայց նա հիմա էլ չի պատկերացնում Երևանն առանց նրանց։ Դաւթեանը ցաւով նշում է, որ Պալեանի և Զաքարեանի ժառանգութիւն թողած շատ նմուշներ վնասուել են կենցաղային տարբեր պատճառներով, օրինակ՝ բնակարանը ջուր լցուելու հետևանքով։ Նաև գողացուել են. բնակարանը մի քանի անգամ կողոպուտի է ենթարկուել։ Բարեբախտաբար, շատ բան յաջողուել է փրկել։

 

***

Տուն-թանգարանում ներկայացուած են Խորէն Պալեանի և Լուսինէ Զաքարեանի անձնական իրերը, նամակները, կարևոր փաստաթղթեր, որոնք պատմում են 20-րդ դարի երկրորդ կէսի հայ մտաւորականների մասին։

Տուն-թանգարանի վերանորոգման ֆինանսական ծանրաբեռնուածութիւնն իր ուսերին էր վերցրել Խորէն Պալեանի եղբօրորդին՝ Տոքթ. Ռաֆֆի Պալեանը, իսկ 2019-ին Վեհափառ Հայրապետ Տ.Տ. Գարեգին Բ. կաթողիկոսի ֆինանսական աջակցութեամբ սկսուել էին տուն-թանգարանի ցուցադրական աշխատանքները։

«Սա մի անհատի կամ ընտանիքի թանգարան չէ, սա համայն ժողովրդի թանգարան է»,– ասաց Տոքթ. Ռաֆֆի Պալեանը։ Հէնց այդ պատճառով նա յոյսով է, որ պետական աջակցութիւն ևս կը լինի, որովհետև այս վայրը պիտի զարգանայ։

Յառաջիկայում նպատակ կայ տուն-թանգարանը դարձնել հայ հոգևոր երաժշտութեան կենտրոն։

Sputnik

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին