Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

ԱՐՁԱԿԱԳԻՐԸ ԱՌԱՋԻՆ ՍԱՆԴՂԱԿԻՆ… Յակոբ Յակոբեան

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

     ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ. Յակոբ Յակոբեանի անունը համեմատաբար նոր է շրջանառւում մեր գրականասէր հասարակութեան մէջ: Չնայած ընդամէնը հազիւ հինգ տարի է, որ նա ոտք է դրել գրական աշխարհից ներս, բայց նրա մասին արդէն շատերն են խօսում:

   Սկսնակ գրողի համար դիւրին գործ չէ հինգ տարուայ ընթացքին երեք` քիչ թէ շատ ծաւալուն գիրք գրելն ու հրատարակելը: Շատեր պիտի երազէին նոյն ժամանակահատ­ուածում գէթ մէկ կարդացուելիք գիրք հրատարակել, իսկ ահա խնդրեմ, մեր նորելուկ գրող Յակոբ Յակոբեանը հրապարակ է իջեցնում գրքեր, որոնք կարդացւում են հաճոյքով ու, վստահ եմ, ոմանց համար էյ դրանք դառ­նում են սեղանի գիրք:

   Յակոբ Յակոբեանի արած աշխատանքը էլ աւելի է արժեւորւում, եթէ նկա­տի ունենանք այն հանգամանքը, որ նա, գրեթէ 75 տարի երբեւէ չի առնչուել գրակա­նութեան հետ եւ իր ամբողջ գիտակցական կեանքը կապել է սպորտի հետ:

    Աւար­տելով Երեւանի Մարմնակրթութեան բարձրագոյն ուսումնական հաստատութիւնը, սուսե­րամարտի գծով դարձել է Խոր­հրդային Միութեան ճանաչուած մարզիկներից մէկը, եւ բազմաթիւ միջազգային բարձրագոյն մրցումներում էլ դարձել է ախոյեան:

   Կամայ թէ ակամայ զարմանք է պատճառում այն հանգամանքը, թէ ինչպէս է գրողը`հիմնականում ընթերցանութեամբ ամբարած իր գիտելիքներով, առօրեայ կեանքի լայն փորձառութեամբ, անշուշտ, նաեւ` աշխարհաճանաչողութեամբ, գրական արձա­կի միջոցով ընթերցող լայն հասարակութեանը հաղորդակից դարձնում իրական կեանքից վերցրած, շատ անգամ` սեփական մաշկի վրայ զգացած տպաւո­րութիւնները:

   Իսկ ահա խնդրեմ, առաջացած տարիքում, մոլեռանդ խաղացողի նման, որոշել է գրականութեամբ զբաղուել: Եւ սա սոսկ խօսք չէ, որ ասում ենք: Վերջին 4-5 տարուայ ընթացքին Յակոբ Յակոբեանի միակ զբաղմունքը գրելն է: Հիմնականում աշխարհի անցուդարձից անտեղեակ, գիշեր ու զոր համակարգչի առջեւ է: Գրում է, հա՜ գրում, ջնջում, մաքրում` չի հաւանում, նոր տողից է սկսում: Եւ այսպէս` անդադրում, անդադար: Մարդը ասելիք ունի, թողէք որ ասի: Յայտնի ճշմարտութիւն է. մարդը` որ տարի­քում էլ լինի` միշտ ասելիք ունի: Սակայն ուրիշ է գրողի ասելիքը: Նրա ասածի մէջ կայ պատմութիւն, խրատ, յորդոր, ուսանելի բազմաթի՜ւ, բազմաթի՜ւ` շատ անգամ մեզ համար աննկատ թուացող մանրուքներ:

***

   Եւ այսպէս. մեր առջեւում է արձակագիր Յակոբ Յակոբեանի վերջերս Երեւանում հրատարակուած «Բակունց քոյրերը» վէպը: Սա հեղինակի երրորդ գիրքն է: Երեքն էլ հրատարակուել են վերջին  չորս  տարուայ ընթացքին: Առաջին գրքի խորագիրն է` «Լաւ է ուշ, քան երբեք»: Երկրորդ գրքի անուանումն է` «Ո՞վ ենք մենք»: Բովանդակութեան առումով` մէկը միւսի շարունակութիւնն է:

   Երկու ծաւալուն վիպակներում էլ գլխաւոր թեման Մեծ Եղեռնից ճողոպրած մի քանի ընտանիքների 4-5-րդ սե­րունդների պատմութիւնն է, որի գլխաւոր հերոսները փնտռում են իրենց արմատ­ները: Գրքերի բովանդակութիւնը հիմնուած է իրական փաստերի վրայ: Առաջին գիրքը («Լաւ է ուշ, քան երբեք») թարգմանուել է անգլերէն եւ աշխարհահռչակ Ամա­զոն (Amazon) ընկերութեան միջոցով սփռուել է աշխարհով մէկ:

      Այս երկու աշխատութիւններում հեղինակը հայրենասիրական վառ դրսեւորումներով, փաստացի նիւթերով, Մեծ Եղեռնին զոհ գնացած կենդանի ժառանգորդների վկայութիւններով բացայայտել է Ամերիկայում եւ Քանատայում ծնուած հայերի մի քանի սերունդի, շատ անգամ էլ` հայերէն լեզուից բոլորովին անտեղեակ ընտանիք­ների հայրենասիրական ոգին, Հայաստանի տեսլականով ապրելու կամքը, մոլեգին ձգտումով հին արմատներին վերադառ­նալու, ինքնութիւնը պահելու, որպէս լիարժէք հայ ապրելու ճիգը:

    Յակոբ Յակոբեանի երրորդ` «Բակունց քոյրերը» վէպը, թէեւ նոյնպէս սփիւռքահայի պատ­մութիւն` իր բովանդակութեամբ, թեմաների ճոխութեամբ, իրերայաջորդ գործողու­թիւն­ների միանգամայն տրամաբանական շաղկապումով`ամբողջովին տար­բերւում է նախորդ երկու գրքերից:

   Յակոբ Յակոբեանի «Բակունց քոյրերը» գրքում էլ հերոսները սփիւռքահայեր են, սակայն` նորովի սփիւռ­քահայեր, որոնք տասնեակ հազարաւորների նման արտագաղ­թել են Հայաստանի Լենինական (Գիւմրի) քաղաքից:

   Հազուագիւտ երեւոյթ է կարծեմ եօթ ժամ, առանց մէկ վայրկեան իսկ տեղից վեր ելնելու ընթերցել որեւէ գեղարուեստական գրականութեան օրինակ, որքան էլ գրաւիչ լինի նրա բովանդակութիւնը: Իսկ ահա, ինձ հետ պատահեց նման մի երեւոյթ` Յակոբ Յակոբեանի «Բակունց քոյրերը» գիրքն ընթեր­ցե­լիս: Կարծում եմ` նոյնը կը պատահի նաեւ այլ ընթերցողների մօտ:

   Գրքի առաջին երկու-երեք տասնեակ էջերն ընթերցելիս ինձ թուաց, թէ գտնւում եմ ֆրանսացի գրող-նովելիստներ Շառլ Բոդլերի, Էմիլ Զոլայի եւ կամ էլ` Գի Դը Մոպասանի գրականութեան աշխարհում, որոնց մէջ մարդկային սէրը, երջանկութեան տուայտանքները, խարդաւանքն ու վայրի բնազդին գերի դարձած զոյգերի առերեւոյթ զգլխիչ դրսեւորումներով պիտի աւարտուի լենինականցի երկու քոյրերի` Անիի եւ Թինայի կեանքի պատմութիւնը:

   Սակայն դա սկիզբն էր միայն, յետոյ` պայքար սեփա­կան ԵՍ-ը հաստատելու համար: Երկու քոյրերի կայուն ընկերներն էլ օտար են: Ամերիկացի Ջորջի վայրենի, անասնական կրքի զոհ են դառնում թէ՛ Անին եւ թէ նրա աղջիկը` Լիլիթը: Չեմ ուզում մանրամասնել Յակոբ Յակոբեանի նկարագրած իրական եւ թէ իր կողմից` որպէս գրողի թոյլատրելի սահմաններում նկարագրուած հնարովի այլ մանրամաս­ներ` պար­զապէս հետաքրքրութեան շրջանակ թողնելու համար ընթերցողներին: Անին ի վերջոյ բաժանւում է արուամոլ ամուսնուց, իսկ միակ դուստրը` Լիլիթը հեռանում է մօրից ու մեկնում գիտնական հօր մօտ` Կանարեան կղզիներ, ուր գտնում է իր եր­ջանկութիւնը` ամուսնանալով օտարի հետ:

   Սկզբնական շրջանում յաջող չի դասաւորւում նաեւ Անիի քրոջ`Թինայի կեանքը. սկզբում` սրճարանի մատուցող, տիրոջ կարգադրութեամբ նա պէտք է ամէն գնով սիրաշահի յաճախորդներին եւ պատրաստ լինի կատարելու նրանց կողմից առաջարկուած ամէն մի ցանկութիւն, եւ այլն…: Այստեղ են ասում` «չկայ բարիք,  առանց չարիքի»: Սրճարանի յաճախորդներից մէկը` Բաբ անունով, իրապէս սիրահարուելով թխադէմ հայուհուն, կարողանում է Թինային հանել այդ «փոսից», եւ երկուսով միա­սին, համատեղ ջանքերով զբաղւում են բիզնե­սով:

  Յակոբ Յակոբեանի  «Բակունց քոյրերը» մի տեսակ զրոյց-պատմութիւն է երկու քոյրե­­րի միջեւ, ամբողջ գրուածքի գլխաւոր հերոսները նրանք են, որոնց երկխօսութիւնների միջոցով վեր են հանւում Լենինականից 15 տարի առաջ արտագաղ­թած բազման­դամ ընտանի­քում տեղի ունեցող բոլոր իրադարձութիւնները: Ամբողջ գիրքը կառուցուած է հարց ու պատասխանի վրայ: Ծայրէ ծայր երկխօսութիւն­ներ ամէն տեղ` մեքենայում, տանը, ռեստորան-սրճարաններում եւ այլուր: Այդ կեն­­դանի, շարժուն զրոյցն է, որ գրաւիչ եւ հաճելի է դարձնում երկի բովանդակութիւնը։

   Եւ այդ ամէնը քոյրերը պատմում են պարզ, առօրեայ խօսակցական լեզուով, որի պատճառով էլ, շատ անգամ արտաբերում են օտար բառեր, ինչպէս օրինակ` ստրես, դիւան, լոտարիա, կլուբ, եւ այլն:

   Յակոբ Յակոբեանին խորթ են դժուարամարս բառերի ու արտայայտութիւնների գործածու­թիւնը: Բառամթերքի ճոխութիւն մի փնտռէք նրա մօտ: Ամէն ինչ պարզ է ու յստակ, հասանելի ամէն մի սովորական ընթերցողի համար:

   Միայն ցաւով պիտի նշել, որ Յակոբ Յակոբեանի գիրքը չի անցել իսկական խմբագրի ձեռքով: Հրատարակչութեան խմբագիր Արմինէ Ծատուրեանի մեղքը չէ սա: Նրա պարտականութիւնը բոլորովին այլ է (էջադրում, տողերի հաւասարեցում, հաւասար տողաքանակ ամէն մի էջում, եւ այլն): Նա պարտաւոր չէ սրբագրութիւններ անել, դա` իսկական, վաւերական գրողի պարտականութիւնն է:

    Այս ամէնով հանդերձ, Յակոբ Յակոբեանի  «Բակունց քոյրերը» գիրքն ընթերցւում է հաճոյքով: «Բակունց քոյրերը» կոչ է, ահազանգ նաեւ, յորդոր` վերադարձ դէպի Հայ­րե­­նիք, մէկտեղ­ուելու ձգտում` յանուն պապերի թողած աւանդութիւնների:

   Այս իմաստով չափազանց բնորոշ է Բակունց քոյրերի մօր, բնիկ լենինականցի Մանիկ մայրիկի` հարազատներին ուղղուած խօսքը, որ նա արտասանում է իր համար մշտապէս հարազատ լենինականցու բարբառով.

   – Ընչի՞ բերիք ընձի քցիք էս բուջախն ու բոլորդ ցրիւ էղաք. Մէգդ` Արիզոնը, էն մէգելը` Սանֆրանցիսկ, իսկ դու էլ մթոմ ընձի մօդիկ կ՚ապրիս հա՜:  Տարին մէ անգամ հազիւ ձնծաղկի պէս ծլես գը: Ըստեղ չարխը թարս կը ֆըռռա՜յ աղջիկ ջա՜ն, հա՜…, սաղըդ 15 տարուայ մէջ ուրիշ մարդ դառաք, հա՜…, էս ի՞նչ բան է, չեմ հասկընայ, աւելի լաւ կ՚ եղ­նի թողնիմ ձեզ ըստեղ, ու էրթամ իմ Գիւմրիս…:

   …Մտածելու, խորհելու, շատ երեւոյթներ ծանր ու թեթեւ անելու առաջադրանք կայ ընթերցողին ուղղուած` Յակոբ Յակոբեանի  «Բակունց քոյրերը» վէպում: Արժէ մտա­ծել այդ մասին: Անպայման կարդացէք այդ գիրքը:

 

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին