Շաբաթ, 09. 12. 2023

spot_img

Եպիսկոպոսական Ձեռնադրութիւն Եւ Օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (լուսանկարներ)

Մայիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ եպիսկոպոսական ձեռնադրութիւն եւ օծում: Սուրբ Տրդատի բաց խորանում մատուցուած Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքում ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսութեան աստիճանի արժանացան Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբէ վարդապետ Իսախանեանը, ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Դանիէլ վարդապետ Ֆընտըգեանը եւ Կենտրոնական Եւրոպայի ու Շուէդիայի Հայրապետական պատուիրակ Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսեանը:

Արարողութիւնների առիթով Սուրբ Էջմիածին էին ժամանել Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ուխտաւորներ Գերմանիայի Հայոց թեմից, ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմից եւ Կենտրոնական Եւրոպայի ու Շուէդիայի Հայրապետական պատուիրակութիւնից, ինչպէս նաեւ Անտիոքի եւ Համայն Արեւելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարք Նորին Սրբութիւն Մօր Իգնատիուս Եփրեմ Բ-ը, Քոյր Եկեղեցիների ներկայացուցիչներ, յիշեալ երկրների միջեկեղեցական կառոյցների պատուիրակներ:  

Նախորդ օրը կէսօրին Միածնաէջ Մայր Տաճարում` Իջման Սուրբ Սեղանի առջեւ, կատարուեց ուխտադրման արարողութիւնը: Եպիսկոպոսացու վարդապետները, ծնրադիր վերահաստատելով Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցուն եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնին հաւատարմութեան ուխտը, եկեղեցականների ներկայութեամբ ստորագրեցին իրենց երդմնագրերը:

Նոյն օրը երեկոյեան Բաց խորանի առջեւ կատարուեց ընծայման կարգը` ընծայացուների հաւատքի ուղղափառութեան քննութիւնը: Արարողութեանը վարդապետների արժանաւորութեան մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսի առջեւ վկայեցին Հայ Եկեղեցու ներկայացուցիչներ Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնից, Ամերիկայի Միացեալ Նահանգներից եւ Աւստրիայից` դպիրներ, կիսասարկաւագներ, սարկաւագներ, քահանաներ, եպիսկոպոսներ, ինչպէս նաեւ հաւատաւոր ժողովուրդը ներկայացնող աշխարհականներ:

Մայիսի 12-ին Սուրբ Պատարագը սկսուեց Հայրապետական հանդիսաւոր թափօրով, որով ամպհովանիի ներքոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Անտիոքի ու Համայն Արեւելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքն առաջնորդուեցին դէպի Սուրբ Տրդատի բաց խորան, որտեղ սկսուեց Սրբազան Խորհուրդը:

Առընթերականերն էին Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորէից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանեանը, խարտաւիլակն էր Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդեանը: Մայր Տաճարի երգչախումբը ղեկավարեց խմբավար Խորէն Մեխանեջեանը:

Պատարագի սրբազան արարողութեան ընթացքում Հայոց Հովուապետը շարունակեց ընծայացուների համար իր աղօթքներն ուղղել առ Աստուած` հայցով` «անխոտոր եւ անսայթաք ընթանալ ի վարդապետութէան հաւատոյ եւ պատուիրանաց Հայաստանէայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ»: «Աստուածային եւ երկնային շնորհ» շարականի երգեցողութեան ներքոյ վարդապետները, ծնկի եկած վեր բարձրացնելով իրենց ձեռքերը, հերթական անգամ հրաժարուեցին աշխարհից:

Այնուհետեւ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Յակոբեանը հանդիսաւոր թափօրով Ս. Խորան բարձրացրեց Սրբալոյս Միւռոնը, որով Նորին Սրբութիւն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, եպիսկոպոսութեան կոչելով Սերովբէ, Դանիէլ եւ Տիրան վարդապետներին, օծեց նրանց ճակատներն ու աջ ձեռքերի բութ մատները:

Արարողութեան աւարտին նորաօծ եպիսկոպոսներին յանձնուեցին նաեւ իրենց եպիսկոպոսական իշխանութեան խորհրդանիշերը` եպիսկոպոսական գաւազան ու մատանի:

Յիշարժան այս օրուայ առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայ հաւատաւոր ժողովրդին ներկայացրեց նորաօծ եպիսկոպոսներին, ապա վերջիններին ուղղեց իր հայրապետական պատգամը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին