ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Ապրիլի 23-ին, 10,5 մլն. բնակչութիւն ունեցող Լոս Անճելըսի մարզի կառավարիչ Ջենիս Հանը կառավարիչների խորհրդին ներկայացրեց Լոս Անճելըսում ՀՀ գլխաւոր հիւպատոս Դոկտ. Արմէն Բայբուրդեանին: Միջոցառման ընթացքում ներկայացուեց դեսպան Բայբուրդեանի աշխատանքային գործունէութիւնն ու անցած ճանապարհը: Իր ելոյթում Արմէն Բայբուրդեանը երախտագիտութիւն յայտնեց Լոս Անճելըսի կառավարիչների խորհրդի նախագահին և անդամներին: «Լոս Անճելըսում կայ մեծ հայկական համայնք, որոնց մէջ զգալի թիւ են կազմում Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածների սերունդները, որոնք ոչ միայն ապաստան են գտել Քալիֆորնիայում, այլև իրենց գործունէութեամբ մեծ նպաստ բերել նահանգի զարգացմանը»:
Այնուհետև Լոս Անճելըսի կառավարիչների խորհուրդն ընդունեց Հայոց Ցեղասպանութիւնը ոգեկոչող հռչակագիր, որում խորհրդի անդամները դատապարտում են 1915-23 թթ. Օսմանեան կայսրութեան կողմից 1,5 մլն. հայերի Ցեղասպանութիւնը: Փաստաթղթի համաձայն, Ապրիլի 23-ը հռչակուեց Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր: Աւելի վաղ Լոս Անճելըսի մարզի կառավարիչների խորհուրդը, Հայոց Ցեղասպանութեան փաստից ելնելով, Ապրիլ ամիսը հռչակել էր Պատմութեան ամիս: «Իբրև Լոս Անճելըսի մարզի կառավարիչների խորհուրդ, Ապրիլի 23-ը հռչակում ենք Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր՝ վառ պահելու 1,5 մլն. զոհերի յիշատակն ու ընդգծելու նման դաժանութիւնների կրկնութիւնն ապագայում կանխելու կարևորութիւնը», գրուած է հռչակագրում: Փաստաթուղթը ստորագրել են Լոս Անճելըսի մարզի կառավարիչների խորհրդի բոլոր հինգ անդամները: Յիշատակի օրուայ առիթով ելոյթներով հանդէս եկան ամերիկահայ համայնքի կրօնական, հասարակական ու քաղաքական կառոյցների անդամները: ՀՀ գլխաւոր հիւպատոս Բայբուրդեանն իր ելոյթում ընդգծեց Լոս Անճելըսի մարզի կառավարիչների խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող փաստաթղթի հռչակումը՝ իբրև աշխարհին ուղղուած հզօր ուղերձ՝ ապագայում Ցեղասպանութիւն յանցագործութիւնը կանխելու անհրաժեշտութեան մասին: Միասնական առաքելութիւն, որի իրագործման մէջ մեծ դեր ունի նաև Հայաստանը՝ իբրև Ցեղասպանութեան կանխարգելման դիրքերից հանդէս եկող առաջամարտիկ:
Աւելի վաղ, դեսպան Արմէն Բայբուրդեանը հանդիպում էր ունեցել Լոս Անճելըսի մարզի կառավարիչների խորհրդի անդամ Քրիսթին Բարգերի հետ: Ջերմ մթնոլորտում քննարկուել էին Լոս Անճելըսի մարզի հետ համագործակցութեանն առնչուող հարցեր:
ՀՀ ԳԼԽԱՒՈՐ ՀԻՒՊԱՏՈՍՈՒԹԻՒՆ
Լոս Անճելըս