ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Ապրիլի 27-ին, Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի Առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդեանց Մայր Տաճարի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցի աշակերտները՝ շուրջ 300 հոգի, ուսուցչական կազմը, տնօրէնութիւնը, ծնողները և հիւրերը հաւաքուել էին եկեղեցում՝ Եղեռնի սուրբ նահատակներին ոգեկոչման ու յիշատակութեան արժանացնելու համար:
Բացման խօսքով հանդէս եկաւ Հոգեւոր հովիւ, արժանապատիւ Տէր Խաժակ քահանայ Շահբազեանը, ով պատմական համառօտ ակնարկ կատարեց Եղեռնի թեմայի շուրջ՝ կարևորելով օրուայ խորհուրդը:
Ինչպէս միշտ առանձնայատուկ խորհրդով լի էր առաջնորդ, գերաշնորհ Տէր Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի պատգամը: Սրբազան Հայրն իր օրհնութիւնը բաշխեց աշակերտներին, բոլոր ներկայ գտնուողներին՝ խնդրելով սուրբ նահատակների բարեխօսութիւնը, այն անմեղ մարդկանց, ովքեր նահատակուեցին յանուն հաւատի ու անկոտրում կամքի, ովքեր արհամարհեցին տարատեսակ հալածանքներն ու զրկանքները՝ գերադասելով արժանապատիւ մահը կեանքի փոխարէն:
Ահա այսպիսի վարքի օրինակն է, որ օգնում է մեզ արժևորել մեր ինքնութիւնը նոր լոյսի ու յոյսի ներքոյ: Այսօրինակ իրողութիւնն է, որ մեզ ստիպում է կարևորել մեր ազգի ինքնութիւնն ու հաւատքը, ճիշդ գնահատել մեզ պարգևած իւրաքանչիւր օրն ու վայրկեանը:
Առաջնորդ Յովնան սրբազանը յորդորեց նաև աշակերտներին լաւ սովորել, սերտել հայոց պատմութիւնը, ապացուցել հայի պայքարի ու գոյատևման հաստատակամութիւնը, աղօթել իրարու համար, լինել միաբան ու միասնական, զօրավիգ լինել մեր համայնքի, հայրենի երկրի ու եկեղեցու շէնացմանը:
Ապա աշակերտները Սրբազան հօր հետևողութեամբ միասնական աղօթք բարձրացրեցին։ Միջոցառման տրամաբանական աւարտը փոխադրուեց Մայր Տաճարին կից Սրբոց Խաչքարի յուշարձանի մօտ, որտեղ աշակերտները ծաղիկներ խոնարհեցին՝ յարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի յիշատակին՝ յատկապէս հայ մանուկների, որոնք մարտիրոսուել էին 1915 թ.-ին։
Փոքրիկ հայրենասէրների յուզումնալից հայեացքներում ասես ուրուագծւում էր իւրայատուկ ուխտ, որ «ամէն ինչ պիտի անենք, որպէսզի աշխարհում այլևս անմեղ զոհեր չլինեն, որ աշխարհի երեսից իսպառ վերանայ յանցագործութիւնների յանցագործութիւնը՝ Ցեղասպանութիւնը»:
Օրուայ խուրհուրդը շարունակուեց դասարաններում՝ վաղուայ օրը բարի գործերով կերտելու համոզմամբ:
Յաւերժ խնկարկում անմեղ զոհերի սուրբ յիշատակին…
ԳԱՅԻԱՆԷ ԳԷՈՐԳԵԱՆ