ՊՕՂՈՍ ԼԱԳԻՍԵԱՆ
ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Վան, Վանայ նահանգ-վիլայէթ, գտնւում է Արմինա-Հայաստանի «Օրինաց Երկիր Սրբազան-Լեռնաշխարհ»-ի արեւմտեան կողմում, սահմանակիցը Պարսք-Պարսկաստան երկրի: Վան-Տուշպա, Արամէ թագաւորի հիմնադրած Բիաինիլի-Արմինա երկրի մայր ոստանն էր: Պատմութեան կեղծարարներ այն համարում են նաեւ «Ուրարտու» երկրի մայր ոստան: Գեղեցիկ է նահանգը, սիրուն է Վանը, անուշ է արարչական Հայկական Լեռնաշխարհը: Արմին-հայերի հազար-հազար տարիների՝ Հարք, Արատտա, Արմանի, Արմէ-Շուպրիա, Սուբիր-Սուբարտու, Միտաննի, Արամէ թագաւորի Բիաինիլի-Արմինա երկրներ, յետագայի Երուանդունի, Արտաշէսեան, Արշակունի, Բագրատունի, երկրների թագաւորների Արմինա-Հայաստան աշխարհ: Հողն է բերրի, Արմին-հայերի լեցուն արարումներ, բարգաւաճում, առատութիւն, լոյս, արեւ էր այնտեղ: Առաջին մարդու ծննդավայր Եդեմն էր այնտեղ: Վան քաղաքը՝ համանուն նահանգի գլխաւոր քաղաքն էր, փռուած Վանայ-Բզնունեանց ծովի ափերին: Նրան իրենց ափերի վրայ էին պահել հազար-հազար դարեր առաջ իրենց գագաթներից հուր ժայթքած Վարագ, Թոնտուրեկ, Արտոս, Սիփան, Նեմրութ լեռները: Նրանց գագաթների կրակ լոյսն էր լցուել Վանայ ծովին, վառուել էին ջրերը, աստուածների երկունք եղել այնտեղ, աստուածներ ծնունդ եղել այնտեղ: Ծովի ջրերից յառնած ժայռաբլուրին՝ աշխարհին Արմին-Հայ ցեղի հանճարի լոյսը վառող Ախթամարի վեհաշուք տաճարն է կանգնած, առանց իր գագաթին… խաչի: Վան քաղաքը, Արմին-հայերի Շուինի արեւ աստուծոյ կին՝ Տուշպուէայի անունով նախկինում Տուշպա կոչուել: Այն կառուցուել էր Արմինա-Ուրարտու Արարտունիների Արա-Արայան գահատոհմի Նաիրի-Բիաինիլի Արմինա երկրի արքայ՝ Սարդուրի Ա.-ի կողմից: Չքնաղ է եղել Տուշպան, նրան հսկում էին բարձր ու սեպաձեւ ժայռի վրայ բազմած անհասանելի միջնաբերդը, շրջապատուած քարաշէն պարիսպով, որի պատերին դեռեւս ընթեռնելի է Սարդուրի արքայի բազմատող արձանագրութիւնը:
***
Վան, Թուրքիայի բռնազաւթած փոքրասիական մասի միակ քաղաքն էր, որտեղ հայ ազգաբնակչութիւնը աւելի էր քան իսլամ բնակչութիւնը: Առաջին Համաշխարհային պատերազմի վաղորդայնին, նրա երեսուն հազար հայ բնակիչները ամենախաղաղ, ամենաերջանիկ, ամենաբարգաւաճն էին, հակառակ նրան, որ հայերով բնակեցուած այլ վայրերում, ինչպէս նաեւ Վանում, տեղի էին ունեցել ջարդերի ու կեղեքումների ժամանակներ: Վանի լուսամիտ կառավարիչ Թահսին փաշայի կառավարման ատեն, Վանում թուրքերի հարստահարութիւնը նուազ ծանր է եղել: Նրա պաշտօնավարութեան ատեն հաշտ ու համերաշխ յարաբերութիւններ են եղել հայերի ու իսլամ բնակչութեան միջեւ:
Վանի նահանգը իր աշխարհագրական դիրքով ռազմագիտական կարեւոր կեդրոն էր: Կառավարութիւնը նրա հայ բնակչութեան նկատմամբ կասկածանք է տածել: Ենթադրել էին, եթէ Ռուսիան Թուրքիա արշաւէր, իրենց երթի յարմարագոյն ճամբան այդ նահանգով պիտի անցնէր: 1914 թ. պատերազմի սկզբին, Վանում եւ այլուր, բանակի համար իրեղէնների բռնագրաւումներ են կատարուել, որոնք աւելի դաժան եղել քրիստոնեաների, քան իսլամների հանդէպ: Հայերը թողել էին, որ սպաները տանէին իրենց ամբողջ ընտանի անասունները, պարենը եւ ուրիշ ունեցուածքները, որոնց փոխարէնը ստացել էին արժեզրկուած թղթադրամներ: Բանակ զօրակոչուած հայ զինուորների նկատմամբ վայրագ վարուելակերպ է եղել, հալածանք ու հարստահարութիւններ, մասնաւորապէս հայ բնակչութեան եւ նաեւ այլ քրիստոնեայ մարդկանց հանդէպ: Թուրք պաշտօնեաներ ամբաստանել էին հայերին, որ կովկասեան ճակատում իրենց կրած պարտութիւնների պատճառները իրենք էին: Երկիւղի ու վախի մթնոլորտ էին ստեղծել Վան քաղաքում ու նահանգում: Անդրկովկասի ռուսական բանակի զինուորների մեծ մասը հայ զինուորներից բաղկացած լինելը զայրացրել էր թուրքին: Նրանք հաշուի չէին առել, որ հայերը ցարի հպատակներն էին հանդիսանում եւ նաեւ ռուս մարդու նման պարտաւոր էին զինուորագրուելու նրանց պատերազմին: Թուրքը ամբաստանում էր հայերին, որ իբր Վանայ եւ ուրիշ նահանգների զինապարտութեան ենթակայ անձանց մեծ մասը դասալիք էին եղել, հատել երկրի սահմանը, միացել Ռուս պետութեան բանակին, որը իբր այդ պատճառ հանդիսացել կովկասեան ռազմաճակատում իրենց կրած պարտութեանը: Դեսպան Հ. Մորկընթաուն նման տեղեկութիւնը հաստատուած չի համարել, թէեւ անհաւանական չի գտել մի քանի հարիւր մարդկանց դասալքութիւնը: «Միութիւն եւ Յառաջդիմութիւն» կոմիտէի գործակալները Վան ու Էրզրում էին ժամանել, առաջարկել մի քանի հայեր Ռուսահայաստան գնային՝ այնտեղ ցարի կառավարութեան դէմ ապստամբութիւն կազմակերպէին: Հայերը մերժել էին նման առաջարկը: Թուրք կառավարութիւնը այդ դաւաճանութիւն էր համարել եւ այն նաեւ որպէս չքմեղանք ներկայացրել հայ ազգի մարդկանց հանդէպ իրենց վերաբերմունքին: Այդ պատկերացնում էր Օսմանեան նկարագրի վատթարութիւնը, գրել էր Հ. Մորկընթաուն:
Անցած երեսուն տարիներին հարիւր հազարաւորներ ջարդած, կողոպտած, խոշտանգած, նրանց կանանց ու աղջիկներին անպատուած, թուրքը ցանկանում էր հայերի ամենակատարեալ ուղղամտութիւնը իրենց հանդէպ: Գաղտնիք չէր, որ հայերը համակիր էին պատերազմում Համաձայնողականների (Անտանտ) դաշինքի պետութիւններին: Պետական ոճիր էր համարուել հայ զինուորի դասալքութիւնը, արժանի պատժուելու սարսափելի կերպով: Իրենց տարագրութեան հրովարտակ ստացած, Մուսա Լերան բարձունքներին թուրքի դէմ ճակատամարտի ելած կռուող մարդկանցից ոմանք թրքական զօրանոցներից փախած դասալիք զինուորներ էին:
1914 թուականին, մասնաւորապէս 1915-ի սկզբին Վանում ու այլուր ծանր խոշտանգումների դէպքեր էին պատահել, հայերը իրենց զուսպ էին պահել: Թուրքերի քաղաքականութիւնն էր հայերի ապստամբութիւնը գրգռելը, որ այն դառնար հայերի կոտորածների չքմեղացուցիչ պատրուակ: Հայ կղերը ու քաղաքական առաջնորդները ժողովուրդին հանդարտութեան կոչ էին արել, յանձնարարել հանդուրժել նրանց ծայրայեղ արարքները, որ թուրքին չտային իրենց ցանկացած առիթը: Եթէ նոյնիսկ գաւառի գիւղերից մի քանիսը կրակի տային, վրէժի չդիմէին, աւելի լաւ էին համարել փոքր թուով շէներ քանդուէին, քան ամբողջ ազգը սպաննուէր: Ո՜չ, զէնքով վրէժ պիտի լուծէին, որ յետոյ էլ ամբողջ ազգը չսպաննուէր:
Պոլսոյ կառավարական դահլիճի անօրէն մարդիկ, եթէ կարելի է նրանց մարդ անուանել, պաշտօնանկ էին արել Վանի կառավարիչ Թահսին փաշան, նրա փոխարէն նշանակել Էնվէրի քեռայր՝ Ճեւտէթ պէյը: Վանի աւագանին, մտահոգիչ կարգադրութիւն էր համարել այդ: Երկրի պաշտօնական ներկայացուցչութիւններում պատահել էր մարդկանց մի փոքրամասնութիւն, որոնք ընդդիմացել էին, որ սպանութիւնը պետական քաղաքականութիւն լինէր: Մերժել էին գործադրել պետական արիւնռուշտ հրամանները:
Օսմանեան թուրք պետութիւնը, կոտորածներ կազմակերպելուց առաջ, սովորութիւն էր դարձրել իրենց զբաղեցրած պաշտօններից հեռացնել վստահութիւն չվայելող պաշտօնատարները, նրանց փոխարինել հնազանդ սպասաւորներով: Վրդովեցուցիչ էին համարել, կեանքին մի մասը Վանայ մէջ անցկացրած, հոգին իր ցեղին յոռեգոյն աւանդութիւններով լեցուն, կեղծաւոր, նենգամիտ եւ վայրագ նման մի թուրք մարդու Վանում պաշտօնի կոչելը: Նա ատում էր հայերին, իրենց ազգայնական խնդիրը լուծելու միտքը հաճոյ էր իրեն: Իթթիհատական դահլիճից հրահանգներ էր ստացել իր պաշտօնավարած նահանգի մէջ լուծելու հայերը բնաջնջելու հարցը: Սակայն, այն իրագործելու դիւրին նախադրեալներ չկային: Ճեւտէթը Կովկասում մարտնչել էր ռուսական բանակների դէմ: Պատերազմական գործողութիւնների ձախողումը ու ռուսական բանակի Վանին մօտենալը նկատելով, առ ի խոհեմութիւն հրամայել էին վատ չվարուել տեղի հայերի հետ:
1915 թուականի գարնան սկզբներին, ռուսական բանակը ռազմաճակատից ետ էր քաշուել: Թուրքի համար բարեբախտութիւն էր այդ, հայերը զրկւում էին իրենց պաշտպաններից: Ռազմաճակատի նման իրադրութեան պայմաններում՝ հայերը թուրքի հալածանքի ենթակայ պիտի դառնային: Խախտելով ռազմավարական ընդունուած կարգը, նահանջող թշնամուն հետապնդելու փոխարէն, թուրքի զօրագունդերը լքել էին դիրքերը, արշաւել երկրի սեփական տարածքի տարբեր կողմեր: Նրանք իրենց զէնքը ուղղել էին Վանի շրջակայ շէների հայ կիների, մանուկների, ծերունիների դէմ: Իրենց վայրենի վարուելակերպի համաձայն առեւանգել էին կանանց, կողոպտել ու այրել Հայկական գիւղերը, օրեր շարունակ ջարդել տեղի բնակչութիւնը:
1915 թուականի Ապրիլ ամսուայ 15-ին, 500 երիտասարդների կանչել էին ներկայանալու զօրակայան, մայրամուտից առաջ նրանց քաղաքից դուրս տարել՝ անգթօրէն սպաննել: Իրենց կրօ՞նն էր այդ արտօնում, վայրի բնազդով Օղուզ ցեղի թուրք մարդկանց սրտերին իրենց աստուածը գութ չէր հոսել: Նոյն խժդժութիւնները կատարել էին Վանայ ծովի հիւսիսի մարզում գտնուող 80 գիւղերում, երեք օրերի ընթացքում ամենաանարգ ձեւով 24,000 հայեր սպաննել:
Ճեւտէթ, իր նոր պաշտօնատեղի՝ Վան վերադառնալուց յետոյ պահանջել էր, որ հայերը 4,000 զինուոր տրամադրէին իրեն: Հաշուի առնելով անցեալին պատահած դէպքերը, հայերը տրամադիր չէին եղել նրա պահանջը կատարելու: Ճեւտէթ, Պոլսից իրեն եկած հրահանգների համաձայն՝ ծրագրել էր բնաջնջել քաղաքի ամբողջ հայ բնակչութիւնը: 4,000 քաջառողջ մարդիկ պահանջելով, մտադրուել էր նրանց սպաննել՝ հայերի ինքնապաշտպանութիւնից զրկելու համար: Հայերը, ժամանակ շահելու համար բանակցութիւններ էին վարել նրանց հետ՝ առաջարկել 500 զինուորներ տրամադրել, մնացածի համար փրկագին վճարել: Ճեւտէթ, ապստամբութեան մասին խօսք անելով, որոշել էր խեղդել այն: Յայտարարել էր, որ «Եթէ ապստամբները հրացանի մէկ հարուած արձակեն, պիտի սպաննեմ բոլոր քրիստոնեաները՝ այր, կին թէ մանուկ, մինչեւ ամէնէն պզտիկներ», իր վիրաւոր ծունկն էր ցոյց տուել: Թուրքերը Հայկական թաղին շուրջ խրամներ էին բացել, այնտեղ զինուորներ էին տեղակայել: Ի պատասխան այդ գրգռութիւններին, հայերը սկսել էին պաշտպանուելու պատրաստութիւններ տեսնել:
Ապրիլի 20-ին, թուրք զինուորական ջոկատը, Վան մեկնող հայ կիներ էր բռնել, սպաննել նրանց օգնութեան փութացող երկու հայերի: Թուրքերը, հրացանով ու հրետանիով կրակ էին բացել հայոց արուարձանների վրայ, քաղաքի մեծ մասը բռնուել էր բոցերով: Կանոնաւոր պաշարում էր կազմակերպուել: Հայերի կռուող ուժի թուաքանակը կազմում էր 1,500 մարդ: Նրանք միայն 300 քառապին զէնքեր ունէին եւ անբաւարար չափով ռազմանիւթի պաշար: Ճեւտէթի բանակը բաղկացած էր կատարելապէս զինուած եւ լաւ պարենաւորուած զինուորներով:
Մինչեւ Հ. Մորկընթաուի Վանի հերոսամարտի մասին իր անկեղծ ու հիացմունքով զեղուն գնահատանքի խօսքը մէջբերելը, յաջորդիւ պիտի շարունակեմ նկարագրել հերոսամարտի ընթացքը, նա այն մանրամասն չի յիշատակել իր յուշերում, խոստովանելով, որ իր խօսքով ասած, «Չեմ յաւակնիր իբր զինուորական պատմագիր մը ըլլալ»:
(Մնացեալը յաջորդ թիւով)