Կիրակի, 09. 02. 2025

spot_img

Արցախեան քառօրեայ պատերազմ. Ատրպէյճանի ձախողուած քաղաքականութիւնը 2016 թ. Ապրիլին Ուժի սպառնալիքի մարտավարութիւնը ԼՂ հիմնախնդրում

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- 2016 թ. Ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով Ատրպէյճանը ձեռնարկել է բացայայտ յարձակողական գործողութիւններ` կիրառելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Ապրիլեան մարտական գործողութիւնների ընթացքում Ատրպէյճանի Զինուած Ուժերը տարբեր տրամաչափի և տարբեր նշանակութեան զէնքերից գնդակոծել է ոչ միայն Արցախի Պաշտպանական Բանակի զօրամասերը, դիրքերը, ռազմական նշանակութեան օբիէկտները, այլև բնակավայրերը:

Փաստերը ցոյց են տալիս, որ ատրպէյճանական կողմը ոչ միայն առաջինն է յարձակուել՝ նախապէս ծրագրելով այդ գործողութիւնը, այլև վերոնշեալ յարձակումով փորձել է ռազմավարական խնդիր լուծել: Ատրպէյճանի ռազմավարութիւնը կարելի է բաժանել երկու հիմնական բաղադրիչի՝ ուժի կիրառմամբ «տարածքներ ազատագրել», առաջնագծում անընդհատ լարել իրավիճակը և պատերազմի սպառնալիքը օգտագործել ԼՂ հիմնախնդրի հարցում շահեկան դիրք ձեռք բերելու համար:

Մարտական գործողութիւնների հէնց առաջին օրը՝ Ապրիլի 2-ին, Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիևի և Պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովի գլխաւորութեամբ անցկացուած նախագահին կից անվտանգութեան խորհրդի նիստի ընթացքում Զ. Հասանովը, զեկուցելով իրավիճակը, ասել է. «…Հաշուի առնելով հաւանական ուղղութեամբ հայկական զինուած ուժերի պահեստազօրայինների գործողութիւնը, Ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերը Ատրպէյճանի զինուած ուժերի հետախուզական խմբերը երեք ուղղութեամբ փլանաւորուած միջոցառումներ են իրականացրել»:

Զ. Հասանովը որպէս յարձակման անցնելու «հիմնաւորում» փորձել է ներկայացնել այն թէզը, թէ հայկական կողմը մինչ այդ կրակում էր ատրպէյճանական բնակավայրերի ուղղութեամբ՝ չբերելով որևէ հիմնաւորում:

Հարկ է նշել, որ 2016 թ. Մարտի 1-ից Ապրիլի 1-ն ընկած ժամանակահատուածում Ատրպէյճանի ՊՆ-ն յայտնել է իբր հայկական կողմից կազմակերպուած «դիվերսիոն ներթափանցման 5 փորձի» մասին, սակայն տուեալ ժամանակաշրջանում Ատրպէյճանի ՊՆ որևէ հաղորդագրութեան մէջ չի նշուել, թէ հայկական կողմը վնասներ է պատճառել Ատրպէյճանի բնակչութեանը, և դրանից յետոյ էլ յստակ փաստեր չեն մատնանշուել ի հիմնաւորումն նշուածի: Զ. Հասանովի խօսքերը և նշուած հաղորդագրութիւնները արդէն իսկ ցոյց են տալիս, որ յարձակումը նախօրօք ծրագրուած է եղել, և որպէս պատրուակ՝  ներկայացուել է այսպէս կոչուած «Ատրպէյճանի բնակչութեան շրջանում առկայ կորուստները»,  որը, ինչպէս նշեցինք, չի հիմնաւորուել: Այսպիսով, Մարտին տարածած 5 հաղորդագրութիւնը կարելի է համարել գործողութիւնների տեղեկատուական նախապատրաստման բաղադրիչներից մէկը:

Յատկանշական է նաև, որ Ապրիլի 2-ին հայկական ուժերի կողմից խոցուած Ատրպէյճանի ԶՈւ-ին պատկանող Մի-24Գ հարուածային ուղղաթիռի անձնակազմի մօտ գտնուած քարտէզում նշուած է եղել ԼՂՀ տարածքում 9 նշանակէտ, որոնց խորութիւնն առաջնագծից կազմել է 3-ից մինչև 10 քմ.: Նշանակէտերից մէկը եղել է նաև Վարազաթումբ («Լելէ Թեփէ») բարձունքը: Սա ևս վկայում է այն մասին, որ ռազմական ագրեսիան նախօրօք փլանաւորուած է եղել ատրպէյճանական ղեկավարութեան կողմից և նպատակ չի ունեցել սահմանափակուել դիրքային գործողութիւններով՝ միայն առաջնագծի հատուածում:

Փաստենք, որ դեռևս 2015 թ. Դեկտեմբերի 22-ին ՀՀ ՊՆ մամուլի խօսնակ Ա. Յովհաննիսեանը նշել է, որ Ատրպէյճանն առաջնագծում լարուածութիւնը հասցրել է այն մակարդակի, որ կիրառւում է առաջնագծում կանգնած գնդերի և բրիգադների սպառազինութեան ամբողջ տեսականին, այսինքն այն, ինչ կիրառւում է պատերազմում:

 

ԼՂ հիմնախնդիրը «ռազմական ճանապարհով լուծելու» վերաբերեալ Ատրպէյճանի թէզը

2016 թ. Ապրիլի 2-ի ԱԽ նիստի ընթացքում Ի. Ալիևը, մասնաւորապէս, նշել է. «… Հայաստանի հիմնական նպատակն է անփոփոխ պահել ստատուս-քուոն: Բոլոր հակամարտութիւնները պէտք է լուծուեն մէկ սկզբունքի հիման վրայ»: Կարող ենք եզրակացնել, որ Ատրպէյճանի նախագահը, այս յայտարարութեամբ մեղադրելով հայկական կողմին ստատուս-քուոն պահպանելու համար, իբրև Ատրպէյճանի կողմից ռազմական գործողութիւններ սկսելու արդարացում՝ առաջ է քաշել այսպէս կոչուած Ատրպէյճանի «տարածքային ամբողջականութեան վերականգնման անհրաժեշտութիւնը»: Հարկ է նշել, որ, համաձայն Հելսինկիի եզրափակիչ ակտի 2-րդ կէտի՝ «Ոչ մի նկատառում չի կարող ներկայացուել՝ հիմնաւորելու համար ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքին դիմելը՝ ի խախտումն սոյն սկզբունքի»: Ըստ այդմ՝ Ատրպէյճանի նախագահի «հիմնաւորումը» իրականում նշուած միջազգային սկզբունքի խախտումն է:

Յատկանշական է նաև այն, որ Ռուսաստանում Ատրպէյճանի դեսպան Փոլադ Բիւլբիւլօղլուն 2016 թ. Ապրիլի 2-ին «Խօսում է Մոսկուան» ռադիոկայանին տուած հարցազրոյցի ընթացքում յայտարարել է, որ «Ատրպէյճանը չունի այլ միջոց, քան հակամարտութեան ռազմական եղանակով կարգաւորումը»։

Դեսպան Բիւլբյիւլօղլուի յայտարարութիւնը ևս մէկ անգամ փաստում է այն, որ Ատրպէյճանը ռազմական գործողութիւնները դիտարկել է որպէս իր՝ «ագրեսորի ռազմավարութեան» կարևոր բաղադրիչ, ինչի ակնյայտ դրսևորումը ապրիլեան մարտական գործողութիւններն էին:

Հարկ է նշել, որ ԼՂ հիմնախնդրի հարցում Ատրպէյճանի ռազմավարութեան կարևորագոյն բաղադրիչն է ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը: Նշուած ռազմավարութիւնը օգտագործելով Ատրպէյճանը փորձում է Հայաստանի նկատմամբ տնտեսական, քաղաքական, բարոյահոգեբանական տեսանկիւններից ճնշումներ գործադրել: Ուստի վերոգրեալը թոյլ է տալիս պնդել, որ ապրիլեան մարտական գործողութիւնների դրուագը ընդհանուր պատկերի մէջ Ատրպէյճանի Հանրապետութեան քաղաքականութեան մասն է, և այն հարկաւոր է դիտարկել հէնց այդ համատեքստում, այլ ոչ թէ պարզապէս իբրև առանձին գործողութիւն: Այս մասին է վկայում նաև այն, որ 2016 թ. Նոյեմբերի 12-ին Իլհամ Ալիևը, այցելելով առաջնագծի զօրամասերից մէկի մարտական դիրքեր, յայտարարել է. «…Մենք երբեք թոյլ չենք տայ մեր հողում երկրորդ հայկական պետութեան ստեղծում: Ապրիլեան մարտերը դա ևս մէկ անգամ հաստատեցին»: Աւելացնենք, որ չնայած ատրպէյճանական կողմի յայտարարութիւններին, ինչպէս ցոյց են տալիս առկայ փաստերը, Ատրպէյճանի զինուած ուժերը 2016 թ. Ապրիլին չեն կատարել իրենց առջև դրուած խնդիրը: Նշուածը հաշուի առնելով՝ Ատրպէյճանի իշխանութիւնները փորձ են կատարում 2016 թ. Ապրիլին յաջորդած շրջանում իբրև յաջողութիւն ներկայացնել մասնաւորապէս «Լելէ թեփէ» բարձունքի գրաւումը՝ շրջանցելով Ատրպէյճանի զինուած ուժերի մեծաթիւ կորուստների փաստը, ինչպէս նաև այն հանգամանքը, որ ըստ էութեան ատրպէյճանական բանակը ձախողել է իր առջև դրուած առաջադրանքների իրականացումը:

 

ԱՐԱՄ ԿՈՍՏԱՆԵԱՆ

«Արմէնփրէս»

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին