Հինգշաբթի, 16. 01. 2025

spot_img

Գլխաւոր հիւպատոս Դոկտ. Արմէն Բայբուրդեանի գործնական հանդիպումնեըր Ֆրեզնոյում

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Լոս Անճելըսում ՀՀ Գլխաւոր հիւպատոս Արմէն Բայբուրդեանը եռօրեայ աշխատանքային այցով մեկնել էր Ֆրեզնօ: Ֆրեզնոյում Քալիֆորնիայի համալսարանի նախագահ Ճոզէֆ Կաստրոյի ուղեկցութեամբ գլխաւոր հիւպատոսն այցելել և ծաղիկներ է խոնարհել համալսարանի բակում տեղակայուած՝ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշակոթողին:

Այնուհետև Դոկտ. Բայբուրդեանը և Դոկտ. Կաստրոն առանձնազրոյց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանի բուհերի և Ֆրեզնոյում Քալիֆորնիայի համալսարանի միջև գործակցութեան ծրագրեր՝ կենտրոնանալով երեք ուղղութիւնների վրայ՝ հայագիտութեան, ճարտարագիտութեան և գիւղատնտեսութեան:

Գլխաւոր հիւպատոսը նաև մասնակցել է Ֆրեզնոյի համալսարանի հայկական ուսումնասիրութիւնների կենտրոնի աւարտական միջոցառմանը, որին հրաւիրուած էր՝ իբրև գլխաւոր բանախօս:

 

Աշխատանքային այցի ընթացքում դեսպան Բայբուրդեանը հանդիպում է ունեցել նաև Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրենդի հետ: Գլխաւոր հիւպատոսը կարևորել է Ֆրեզնոյի հետ յարաբերութիւնների սերտացումը՝ շեշտելով, որ ԱՄՆ արևմտեան ափում ամերիկահայ համայնքի արմատները գտնւում են հէնց Ֆրեզնոյում: Արմէն Բայբուրդեանը փաստել է նաև, որ Հայաստանը կարևորում է գիւղատնտեսական տեխնոլոգիաների զարգացումը, և այդ առումով, Ֆրեզնոյի հետ փորձի փոխանակման մեծ դաշտ կայ: Այդ իմաստով գիւղատնտեսութիւնը գործակցութեան առաջնային ուղղութիւններից մէկը կարող է դառնալ, շեշտել է գլխաւոր հիւպատոսը: Զրուցակիցները կարևորել են նաև Ֆրեզնօ-Էջմիածին քոյր-քաղաքների ծրագրի աշխուժացումը:

Գլխաւոր հիւպատոս Բայբուրդեանը հանդիպում է ունեցել նաև Ֆրեզնոյի մարզի տնտեսական զարգացման կորպորացիայի նախագահ Լի Էն Իգերի հետ: Նրանք քննարկել են տնտեսական գործակցութեան հեռանկարները: Լի Էն Իգերը սիրով ընդունել է Արմէն Բայբուրդեանի՝ Հայաստան այցելելու հրաւէրը՝ տնտեսական գործակցութեան ծրագրերին գործնական բնոյթ հաղորդելու համար:

Ֆրեզնօ կատարած այցի ընթացքում դեսպան Բայբուրդեանը մասնակցել է նաև համայնքային պաշտօնական ընդունելութեանը, որը գլխաւոր հիւպատոսի պատուին կազմակերպել էր Ֆրեզնոյում ՀՀ պատուաւոր հիւպատոս Պերճ Աբգարեանը:

ՀՀ Գլխաւոր հիւպատոսն այցելել և յարգանքի տուրք է մատուցել նաև Սողոմոն Թեհլէրեանի յիշատակին նուիրուած յուշարձանին, ինչպէս նաև այցելել է Ուիլիամ Սարոյեանի տուն-թանգարան:

ՀՀ Գլխաւոր հիւպատոսութիւն

Լոս Անճելըս

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին