Շաբաթ, 15. 02. 2025

spot_img

Գրիշ Դաւթեանի երկու գրքերի ներկայացում

Ռ. ԿՈՐԻՒՆ

 

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Ուրախութեամբ եմ ընդառաջում, երբ լսում կամ հրաւիրւում եմ գրքի ներկայացման հանդիսութեան: Գրքի աշխարհը իւրայատուկ ու անեզր է անգին գանձերով ընդելուզուած, ով գրքի ճամբով է գնացել, նա է իմացել գրքի արժանիքը և նրա միջոցով իմաստաւորել է կեանքը: Գիրքը գիտուն մարդու մտքի, ուղեղի արգասիքն է, գիշերները լուսացնող գրողի սրտի և հոգու անբիծ զգացումների բխումն է:

Յաճախ լսում ենք, թէ մարդիկ գիրք չեն կարդում, նոր գրքեր քիչ են գրւում, նրանք ասում են, որ համակարգիչը ամէն տեսակ տեղեկութիւններ փոխանցում է մարդուն: Հասկանալի է, որ համակարգչի կայսրութիւնը ամէն ինչ իրենով է արել, իր համատարած ցանցում-կայքերում ներգրաւելով  դարձել է ամենագէտ և տեղեկատուութեան միջոց  և շատ հեշտ ու դիւրին ցանկացող մարդուն փոխանցում է այն ինչ գրքերի միջոցով ներարկուել է իրեն, ոչ մի առարկութիւն, փառապանծ գիտնականներ, հրաշք ստեղծագործութիւն, սակայն գրքի պարագայում որոշ վերապահում և տարբեր մօտեցում կայ, երբ գիրքն առնում ես քո ձեռքերում, շօշափում ես, նա մերւում է քո էութեան հետ, նոր հոգեվիճակ ու ներշնչանք է արթնացնում քո մէջ, հետևաբար գիրքն անուրանալիօրէն  իր արժէքն ունի և հեղինակը մեծարելի: Այս առիթով, գրքի մասին յիշենք երջանկայիշատակ Գարեգին Ա. Կաթողիկոս Սարգսեանի մէկ ասոյթը գրքի մասին. «Գիրքը մի՛ արհամարհէք»: «Եթէ ձեզմէ մէկը գիրքը արհամարհէ և հայ գիրքը անտեսէ, աւելի լաւ է, որ հայոց սա բարձրաբերձ լեռներու սէպ գագաթներէ ինքզինք վար նետէ դէպի անդնդախոր ձորերը և դառնայ ժառերու կերակուր…»:

***

Այո՛, գիրքը արժէք ունի և գովասանքի արժանի, այդու նոր հրատարակուած երկու գրքերի շնորհանդէս էր: 26 Փետրուար 2019-ի երեկոյեան կազմակերպուած էր գրքի շնորհանդէս Կլենէյլի «Ապրիլ» գրախանութի «Թորոս Ռոսլին» ցուցասրահում:

Հանդէսի մեկնարկումը կատարեց գրախանութի տնօրէն՝ Առնօ Երիցեանը ասելով. «Ուրախ ենք ձեզ ներկայացնելու հեղինակ բանաստեղծ Գրիշ Դաւթեանի հրատարակած երկու հատորները՝ «Անձրև է գալիս» և «Ամերիկեան թրթիռներ» գրքերը: Շատ ուրախ ենք, որ այսպիսի աշխոյժ գրող ունենք մեր համայնքում»: Նա նաև որպէս հանդիսավար յաջորդաբար բեմ հրաւիրեց  գրքերը ներկայացնողներին:

Համայնքում ճանաչուած և սիրուած անձնաւորութիւն ու “The Armenian Observer” թերթի խմբագիր Փրոֆ. Օշին Քէշիշեանը հանգամանալից ներկայացրեց Գրիշ Դաւթեանի կենսագրականը, անդրադառնալով նրա դերակատարութեանը ազգային-հասարակական, միութենական, խմբագրական, հրատարակչական և գրականութեան բնագաւառումներում՝ Պարսկաստանում, Անգլիայում և ապա Լոս Անճելըսում, Կլենտէյլում. նաև նշեց  պարգևատրումը ՀԳՄ և Ամենայն հայոց կաթողիկոսի «Ս. Սահակ -Ս. Մեսրոպ» ոսկէ շքանշաններով, յիշեց նաև Իտալիոյ Միլանօ քաղաքի միջազգային մրցոյթի առաջին դափնեկրի պատիւը: Օշին Քէշիշեանը իր արտայայտութեան մի այլ հատուածում այսպէս բնութագրեց Գրիշ Դաւթեանին. « Տարիներու փորձառութեամբ յագեցած տարբեր երկիրներու մշակոյթների բովէն անցած կեանքի հարուստ փորձ կուտակած է…այսպէս մշակուած և բազմազբաղ անձ մը ժամանակ գտած է նուիրումով տասը հատորներ հրատարակել 1964-էն սկսեալ՝ մէկ հատորն ալ բանաստեղծութիւններու հաւաքածոյ անգլերէնով  Ամերիկայի մէջ»: Օ. Քէշիշեանը նոր երկու հատորների մասին խօսելով եզրակացնում է՝ «Գ. Դաւթեանը աւելի խորացած է գաղափարական տուեալներու մէջ, հայրենասիրական երանգը ժամանակի հետ քայլ պահած է, սիրոյ ոլորտին մէջ աւելի անկեղծ եղած է անցեալը վերյիշելով»:

Սրտի ջերմ խօսքով ելոյթ ունեցաւ գրող Ռուբէն Կորիւնը (Քէշիշեան). յիշենք մէկ հատուած նրա խօսքից։ «Գ. Դաւթեանը հրատարակել է գրքե՛ր, որոնք ներկայացնում են հեղինակի ջերմ զգացումների սիրոյ աշխարհը հայրենիքի, ազգի, գրականութեան և մշակոյթի հանդէպ: Գրքե՛ր, որոնք արտայայտում են հեղինակի յոյզերը, մտքերն ու մտորումները տարբեր երևոյթների շուրջ՝ լոյս և ստուեր: Գրքե՛ր, որոնք արտացոլում են ծննդավայր երկրի, հօրենական տան…ընտանեկան օջախի ջերմութիւնները… նա լաւապէս ըմբռնել է կեանքի իմաստը և ըստ այնմ հարազատօրէն շարադրել է իր մտքերը…»:

Ասմունքով ելոյթ ունեցաւ Այլին Քէշիշեանը. նա «Անձրև է գալիս» գրքից ապրումով ընթերցեց՝ «Հայոց պատմութիւն» քերթուածը:

Ամբիոն հրաւիրուեց ճանաչուած գրականագէտ և բանաստեղծ Գէորգ Քրիստինեանը Գրիշ Դաւթեանի գրականութեան վերլուծականը ներկայացնելու համար։ Նա այսպէս սկսեց իր ելոյթը. «Ուրախալի օր է, որ անդրադառնում ենք մեր գրականութեան: Գրականութիւնը պիտի ունենայ իր հողը, իր հողի վրայ զարգանայ, սակայն այսպէս է եղել, որ աշխարհի տարբեր ծայրերում ենք ընկել և տարբեր ծայրերում աւելի դժուար պայմաններում ստեղծում ենք գիր ու գրականութիւն, այդ գործում անգերազանցելի է Գ. Դաւթեանի անձնական ներդրումը: Հիմա որ Հայաստանում լոյս են տեսել այս երկու գրքերը ես որոշ չափով ծանօթացայ նրանց հետ, իսկապէս Գ. Դաւթեանը արդէն ժամանակակից լաւագոյն բարձրարուեստ գրողների շարքին է պատկանում և լաւագոյն բանաստեղծներից է համարւում»:

Սրտի խօսք ասաց Գրիշ Դաւթեանի որդին՝ Հարմա Դաւթեանը։

Շնորհակալական խօսք արտասանեց մեծարեալը։ «Գրականութեան մասին ինչ որ ընկերները արտայայտուեցին ես իսկապէս շնորհակալ եմ, որով ինձ հարկադրանքի տակ են դնում առաւել պատասխանատու զգամ ինձ, որը լուրջ խնդիր է»: Սիրոյ մասին նա ասաց՝ «Հին աշխարհը սիրոյ շնորհիւ է այսօրուայ աշխարհը դարձել, առանց սիրոյ կեանքը դժոխք է, իմ գրականութիւնը կառուցուած է սիրոյ վրայ, ես սիրերգակ եմ և ոչ այլ բան»:

Երեկոյթի ծրագրի աւարտին պատրաստուել էր համեստ ընդունելութիւն:  Գնահատելի և հետաքրքիր ձեռնարկ, ջերմ և տպաւորիչ մթնոլորտ:

 

Սանլենտ, Լոս Անճելըս

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին