«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ – ՀՀ նախագահական նստավայրին մէջ Մարտ 1-ին կայացած է Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանդիպումը:
Ինչպէս կը հաղորդէ «Արմէնփրես»-ը, ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերու վարչութենէն կը տեղեկացնեն, որ նախագահ Արմէն Սարգսեան նշած է. «Պարոն վարչապետ, ուրախ եմ Ձեզ կրկին տեսնել: Մեր աւանդական հանդիպումները շարունակուում են: Զրոյցը սկսելուց առաջ ուզում եմ շնորհաւորել Ձեզ, որովհետեւ լսել եմ, որ շատ յաջող էր Ձեր այցելութիւնը Իրանի Իսլամական Հանրապետութիւն: Ուրախ կը լինեմ լսել այդ այցի մանրամասները: Բոլոր դէպքերում, այն արձագանգները, որ լսել եմ՝ ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ դրսի որոշ բարեկամներից, դրական են եղել»:
Վարչապետ Նիկոլ Փաշինեանը ըսած է. «Շնորհակալ եմ, պարոն նախագահ: Այո, մեր այս աշխատանքային հանդիպումները պարբերական բնոյթ են կրում, եւ շատ կարեւոր է, որ մենք պարբերաբար կիսենք այն տեղեկատուութիւնը, որը կուտակուում է մեր տարբեր շփումների, աշխատանքային գործունէութեան ընթացքում: Եւ, իհարկէ, քննարկենք առաջիկայ անելիքները: Այո, Իրանի Իսլամական Հանրապետութիւն տեղի ունեցած այցը շատ կարեւոր եմ համարում եւ շատ յաջողուած: Նաեւ Երկուշաբթի օրը պատրաստուում եմ պաշտօնական այցով մեկնել Բրիւսել՝ Եւրամիութեան մեր գործընկերների հետ քննարկելու հետագայ անելիքները:
Առաջիկայում արտաքին քաղաքական հարուստ օրակարգ ունենք: Նաեւ այս տարի Եւրասիական տնտեսական միութիւնում նախագահում ենք, եւ միջկառավարական խորհրդի նիստերից մէկը տեղի կունենայ Երեւանում: Բարձրագոյն տնտեսական խորհրդի նիստերից մէկը եւս տեղի կունենայ Երեւանում: Այս ողջ արտաքին քաղաքական օրակարգն, իհարկէ, կարեւոր է նաեւ ծառայեցնել մեր տնտեսական յեղափոխութեան նպատակներին: Տեղեակ եմ, որ Դուք էլ այս ընթացքում որոշ հանդիպումներ էք ունեցել, որոնք տեղաւորուում են այս տրամաբանութեան մէջ: Եւ նաեւ կարեւոր է այդ տեղեկատուութիւնները համադրել, որպէսզի պայմանաւորուածութիւնների հետագայ իրագործումը դառնայ առաւել արդիւնաւէտ»:
«Ես էլ, պարոն վարչապետ, Ձեզ հետ խօսելու շատ բան ունեմ: Իհարկէ, Դուք տեղեակ էք, բայց կուզեմ լրացուցիչ մանրամասներ կիսել Ձեզ հետ յատկապէս իմ վերջին երկու այցելութիւնների մասին. մէկը՝ Ֆրանսիա, որտեղ տեղի ունեցաւ Հայկական բարեգործական ընդհանուր միութեան 90-րդ լիագումար ժողովը, որին ես մասնակցեցի, եւ որի ընթացքում կազմակերպութիւնում որոշակի կառուցուածքային փոփոխութիւններ տեղի ունեցան: Բարեգործական միութիւնը մեր ազգային, Սփիւռքի կարեւորագոյն կազմակերպութիւններից մէկն է: Այդ ընթացքում Փարիզում, իհարկէ, կրկին հանդիպումներ ունեցայ այն շրջանակում, որի մասին մենք բաւական երկար ժամանակ խօսում ենք միմեանց հետ՝ աջակցելու Հայաստանի տնտեսական զարգացմանը, նոր տեխնոլոգիաներին: Հանդիպումներ եղան ֆրանսիական շատ մեծ ընկերութիւնների հետ՝ Thales, Dassault եւ այլն:
Յաջորդն իմ այցելութիւնն էր Միւնխեն՝ անվտանգութեան համաժողովին, որի ընթացքում, ինչպէս տեղեակ էք, մի շարք քաղաքական հանդիպումներ տեղի ունեցան: Դրանցից բացի, հանդիպումներ ունեցայ նաեւ Հայտելպերկի համալսարանում, Միւնխենի տեխնիկական համալսարանում, Max Planck-ի ինստիտուտում: Այս հանդիպումները եւս ուղղուած են՝ Հայաստանը դարձնելու ժամանակակից տեխնոլոգիաների երկիր եւ նպաստելու մեր երկրի տնտեսական արագ աճին: Այնպէս որ, խօսելու շատ բան ունենք»,- յաւելած է Արմէն Սարգսեան: