Կարծիք
ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Յարգելով խօսքի եւ խղճի ազատութիւնը, տեղ կու տանք Վահէ Մեսրոպեանի այս գրութեան, ոչ անպայման համաձայն գտնուելով անոր ամբողջական բովանդակութեան։
ՆՈՐ ՕՐ
Արդի ժամանակաշրջանում տեղեկատուական անհաւանական նորութիւնները այնքան շատ են, կարծես թէ «նորութիւնների հեղեղ» է յորդում։ Բացի առօրեայ, ամենօրեայ նորութիւններից, որոնց մենք հաղորդակից ենք լինում, համացանցում, յատկապէս Youtube-ի կայքերում հրապարակւում են սենսացիոն վերնագրերով բացայայտումներ, առեղծուածային նորութիւններ, որոնք երբեմն գլխապտոյտ իրավիճակներ են առաջացնում։ Շատ անգամ այդ նորութիւնները մարդկանց վրայ այնպիսի ազդեցութիւններ են թողնում, որ մարդիկ հաւատում են անհեթեթութիւնների և կախուածութիւն է առաջանում նման «նորութիւնները» կարդալու կամ լսելու համար։ Յատկապէս շատ են այդպիսի կրօնական հաղորդումները։ Երբեմն էլ մարդիկ ճիշդ չեն ընկալում հաղորդուող նիւթը և իրենց շրջապատում՝ իրենց հաղորդակիցների մօտ սխալ մեկնաբանութիւններով աղաւաղում են այդ նորութիւնները։ Այնուհանդերձ, համացանցային նորութիւնները և համացանցի տրուած հնարաւորութիւնները անգնահատելի ծառայութիւններ են գիտակից մարդու համար։ Նրանք վերաիմաստաւորում են իրենց իմացածը, առաւել մանրամասն տեղեկութիւններ են ստանում անցեալում կատարուած իրադարձութիւնների վերաբերեալ և կարողանում են ճիշդ եզրայանգումներ անել ու մեկնաբանել, բանավիճել իրենց հաղորդակիցների հետ։ Բացի դրանից, արդի ժամանակաշրջանում կատարւում են նոր բացայայտումներ, հնէաբանական հետազօտութիւններ, գտնւում են իրեր, որոնց հետազօտութիւններով էլ ենք կարողանում ճանաչել աշխարհը, մեր պատմութիւնը՝ մանաւանդ, որ դրանք գաղտնիութեան կնիքից դառնում են հասարակութեան սեփականութիւնը։
Ծանօթանալով Youtube-եան հրապարակումներին, որոնք վերաբերւում են մարդկութեան առաջացմանը, նկատեցի, որ շատ երկրներում նորանոր հնավայրեր են յայտնաբերւում, նոր գտածոներ, որոնց ուսումնասիրութիւններով ոգևւորուած, յայտնաբերողները յայտարարում են, որ դա մարդկութեան բնօրրանն է եղել։ Շատ դէպքերում այդ գտածոներն իրօք արժէքաւոր են և նոյնիսկ անբացատրելի, որը և հիմք է հանդիսանում նման յայտարարութիւններ անելու համար։
Արդէն յայտնի քաղաքակրթութեան օջախներից բացի նոր յայտնագործութիւններ են կատարւում նաև դրանց յարակից երկրներում։ Եւ, եթէ մենք ուսումնասիրում ենք այդ երկրների աշխարհագրութիւնը Արևելեան կիսագնդում, ապա նկատելի է, որ դրանք տարածւում են Հայկական Բարձրաւանդակի չորս կողմերում։ Պատահական չէ, որ յոյն պատմիչները ժամանակին արձանագրել են, որ Հայաստանն աշխարհի կենտրոնն է։ Դրա համար էլ Տիգրան Մեծ արքայից արքան իր թագի վրայ կրում էր ութթևանի աստղ, որը խորհրդանշում էր, որ ինքն աշխարհի կենտրոնում է, ճիւղաւորւում է բոլոր ուղղութիւններով, և իրեն են պատկանում Հայաստանի չորս կողմի սահմանակից թագաւորութիւնները։ Այդ աստղը նաև Արեգակի, յաւերժութեան և արիականութեան խորհրդանիշ է։
Ուրեմն կարելի է եզրակացնել, որ Հայաստանից մինչև Չինաստան ու Եւրոպա, մինչև Ռուսաստան ու Եգիպտոս տարածաշրջանի կենտրոնը Հայկական Բարձրաւանդակն է՝ Հայաստանը։ Եւ այն համարւում է «քաղաքակրթութեան միջուկը»՝ ինչպէս անուանում է հայաստանեան պատմութեան գիտակ Նաթալիա Սոբոլը։ Բնականաբար, քաղաքակրթութիւնը տարածւում է միջուկից, ոչ թէ տուեալ տարածքի ծայրերից։ Եթէ ցանկանում էք նշել մարդկութեան բնօրրանի տեղը, ուրեմն ուսումնասիրէք Հայկական Բարձրաւանդակի հին ու նոր հնավայրերը։ Դրանցից է Նոր Գեղի հնավայրը, որի տարիքը 325,000 տարի է 25,000 տարով աւելի, քան Արևելեան Աֆրիկայի ժողովուրդները, ովքեր ըստ մինչև այժմ գերիշխող տեսութեան, եկել և Միջին Արևելքով տարածուել են աշխարհով մէկ։
Համաձարկւում եմ նկատել, որ բացի բնիկութիւնից, Հայաստան աշխարհը որպէս Երկիր Դրախտավայր է նշւում շատ աղբիւրներում և քարտէզներում։ Շումերական արձանագրութիւններից յայտնի Հայա կամ Էնկի Աստուածի ուսերից յորդում են գետեր՝ Տիգրիսն ու Եփրատը, որոնք սկիզբ են առնում Արարատեան լեռներից (նկ. 1)։
Իսկ դրանց ակունքներում տեղաբաշխուած է եղել Արատտա ամենահնագոյն պետութիւնը։ Իզուր չէ, որ Արատտա երկիրն անուանել են Սրբազան օրէնքների երկիր։ Եւ եթէ դրախտն այդտեղ է եղել, ուրեմն Ադամն ու Եւան այդտեղ են արարուել։ Բայց համաձայն դարվինեան տեսութեան՝ մարդիկ զարգացում են ապրել։ Ուրեմն Ադամն ու Եւան Homo Saphiens-ի (կատարեալ մարդու) այն ներկայացուցիչներն են, որոնք այլ մոլորակից ժամանել են Դրախտ՝ Հայկական Լեռնաշխարհ։ Ըստ ասուրա-շումերական աւանդութեան, արարիչը գտնուել է Արարատեան լեռներում և այնտեղ է արարել մարդուն։ Իսկ դա էլ բացատրւում է հետևեալ բանաձևով.
Արարիչն արարեց մարդուն (արի մարդուն)
Արարատեան լեռներում (Արարատեան դաշտում):
Այսինքն, Ադամի ու Եւայի Դրախտում՝ սրբազան օրէնքների երկրում յայտնուելը վերագրել են աշխարհում մարդի արարմանը։
Այլ մոլորակից ժամանելով, նրանք էլ կարծել են, թէ դրախտում են յայտնուել, սակայն շուտով հասկացել են, որ այնպիսի վայրում են, որտեղ կայ նաև նախանձ, դաւադրութիւն, որոնք դրսևորւում են օձի տեսքով՝ սողացող քստմնելի, բանսարկու արարածի միջոցով։ Այդտեղ էլ նրանք ճաշակում են անմահական պտուղը, որը հաւանաբար ծիրանն է եղել։ Շատ գրքերում այն պատկերում են խնձորի տեսքով։ Սակայն անծանօթ պտուղը չես կարող ձեռքով կիսել և չես պատկերացնի, թէ ինչպէս պէտք է ուտել։ Իսկ ծիրանը Եւան կարող էր հեշտութեամբ կիսել և տեսնելով ծիրանի ջրալի, փափուկ տեսքը այն հաւատ է ներշնչել ուտելու համար։ Իսկ քանի որ ծիրանը յայտնաբերուել է Դրախտում, նա էլ պէտք է լինի անմահական կամ արգելուած պտուղը, որովհետև օտարները ծիրանին են անուանել հայկական պտուղ՝ Prunus armeniaca կամ armenian plum՝ հոմանիշ՝ armeniaca vulgaris։ Դրախտում ապրելով, նրանք նախանձի և անհանդուրժողականութեան դրսևորման արդիւնքում ականատես են լինում դաժան սպանութեան՝ Կայէնը սպաննում է եղբօրը՝ Աբելին (սա էլ նման է Սասունցի Դաւթի և Մսրայ Մելիքի կռուին՝ ըստ Սամուէլ Պօղոսեանի)։ Հեռանալով դրախտից, նրանք հանդիպում են քաղաքի (ըստ «Աստուածաշնչի»), որտեղ մարդիկ են ապրում։ Սա էլ ապացոյց է, որ մինչ իրենց յայտնուելը, այդտեղ բնիկներ են ապրել։ Իսկ թէ քանի տարի են ապրել նրանք, բացատրւում է այլ մոլորակի վրայ տարուայ տևողութիւնից, համեմատած Երկիր մոլորակի հետ։ Մարս մոլորակի վրայ անցկացրած մէկ տարին հաւասարազօր է երկրի վրայ անցկացրած մօտ երկու տարուան։ Սատուրն մոլորակի վրայ անցկացրած մէկ տարին հաւասարազօր է երկիր վրայ անցկացրած 29,4 տարուան։ Ուրեմն, Ադամն ու Եւան եկել են այլ մոլորակից, որտեղ նրանց անցկացրած 15-20 կամ 20-25 տարիները միգուցէ բազմապատկւում են այլ թուով, որը համապատասխանում է նրանց անցկացրած 930 տարուան։ «Աստուածներն իրական մարդիկ են եղել» («60 յօդուած 60 ամեակին» գրքից) և այլ յօդուածներում վերծանուել է Մովսէս Խորենացու «Պատմութիւն Հայոց» գրքում մէջբերուած «Վահագնի ծնունդը» բանաստեղծութիւնը, որում արժանահաւատօրէն ապացուցւում է, որ իրօք, առաջներում այլ մոլորակներից մարդիկ են այցելել Երկիր մոլորակ։ Իզուր չէ, որ երբեմն անտեղեակ մարդուն ասում են․ «Մարսից ես եկե՞լ, ինչ է»։
Ադամ ու Եւայի երրորդ որդի՝ Սեթի յետնորդը՝ Նոյը, նոյնպէս իր առաջին հանգրուանը համաշխարհային ջրհեղեղից յետոյ գտնում է Հայկական Բարձրաւանդակի ամենաբարձր լեռան՝ Արարատի բարձունքին։ Եւ հետաքրքիր է, որ Նոյի երեք որդիներից երկուսը մեկնում են, իսկ Յաբէթը մնում է Արարատեան լեռներում։ Սա էլ, կարծես նախանշում է, որ հայ ազգի 2/3-ը պէտք է բնակուի Հայաստանի սահմաններից դուրս, իսկ 1/3-ը մնայ հայրենիքում (ինչպէս դարեր շարունակ և այժմ)։ Այսինքն, հայերը միշտ տարածուել են աշխարհով մէկ, այնտեղ տանելով իրենց կենցաղը, արհեստները, գիտութիւնը և ծաղկացրել շատ ու շատ երկրներ, դառնալով բազմաթիւ բնագաւառների առաջամարտիկներ ու նորարարներ։
ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ
Լրագրողների միջազգային միութեան անդամ