Շաբաթ, 08. 02. 2025

spot_img

Այլեւս Չունինք Հայաստանի Օրակարգ Եւ Սփիւռքի Օրակարգ, Ունինք Համազգային Օրակարգ. Նիկոլ Փաշինեանը՝ Իրանի Հայ Համայնքին

«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ – Իրան կատարած պաշտօնական այցի առաջին օրուան վերջին հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինեան տիկին Աննա Յակոբեանի եւ իր գլխաւորած կառավարական պատուիրակութեան հետ ունեցած է տեղի հայ համայնքի հետ: Հանդիպումը կայացած է Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միութեան մէջ: Վարչապետ Փաշինեանի հետ հանդիպումին ներկայ եղած են հազարաւոր իրանահայեր, որոնք ՀՀ կառավարութեան ղեկավարը ողջունած են մեծ ոգեւորութեամբ, ջերմութեամբ եւ ծափողջոյններով:

Ինչպէս կը հաղորդեն ՀՀ կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերու վարչութենէն, մինչ ելոյթով ներկաներուն դիմելը, Նիկոլ Փաշինեան գրառում կատարած է «Արարատ» մարզամշակութային միութեան պատուաւոր հիւրերու գիրքին մէջ:

Ողջունելով իրանահայ համայնքի ներկայացուցիչները` Նիկոլ Փաշինեան մասնաւորապէս նշած է. «Իրանի հպարտ հայութեան հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ: Ինձ համար մեծ պատիւ է այստեղ գտնուելը` մաքուր հայկական, մաքուր հայաստանեան, մաքուր ընտանեկան, մաքուր հարազատ այսպիսի մթնոլորտում: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, հպարտանում եմ ձեր ոգով, խոնարհուում եմ բոլորիդ առաջ, որ ապրելով հայրենիքից դուրս, այո, բարեկամական, եղբայրական Իրանում, այնուամենայնիւ շատ կարեւոր է, որ ապահովել էք այսպիսի մթնոլորտ: Սա փաստում է, որ Իրանի քաղաքացի լինելը որեւէ հակասութեան մէջ չի մտել եւ չի մտնում հայ լինելու հետ, հայաստանցի լինելու հետ, հայաստանակենտրոն լինելու հետ:

Նախորդ Ապրիլ-Մայիսին տեղի ունեցած յեղափոխական օրերին, իհարկէ, շատ հնարաւորութիւն չեմ ունեցել հետեւելու, թէ ի՛նչ է կատարուում մեր համայնքներում, մասնաւորապէս Իրանի հայ համայնքում, բայց նաեւ գիտեմ, որ ողջ համայնքն ուշի ուշով հետեւել է հայաստանեան իրադարձութիւններին: Չեմ սասանուի ոչ մի րոպէ ասել, որ սիրելի հայրենակիցներ, դուք լիարժէք մասնակիցն ու հեղինակն էք այն ժողովրդական յեղափոխութեան, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութիւնում: Անկախ նրանից, թէ ով է ֆիզիքապէս այդ օրերին եղել ՀՀ-ում` առանց ձեր աջակցութեան այդ փոփոխութիւնները տեղի չէին ունենայ:

Այո, ձեզնից իւրաքանչիւրն իր սիրով, ուշադրութեամբ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թաւշեայ, ժողովրդական յեղափոխութեան լիարժէք մասնակիցն է, եւ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական յեղափոխութեան յաղթանակը ձեզնից իւրաքանչիւրի անհատական յաղթանակն է, որովհետեւ այս յաղթանակը միասնութիւն է բերել հայ ժողովրդին եւ այդ միասնութիւնը երբեք որեւէ բանով չի խաթարուելու:

Ուզում եմ յստակ արձանագրել. այո ՀՀ-ում սփիւռքի հետ կապուած հարցերում կարող են լինել քննարկումներ, բանավէճեր, տարբեր մօտեցումներ եւ տեսակէտներ, բայց ուզում եմ մի կոնկրետ խնդիր դնել բոլորիս առաջ, առաջին հերթին, իհարկէ, իմ եւ մեր կառավարութեան առաջ. պէտք է բացառել այնպիսի գործողութիւնները, որոնք որեւէ կերպ կասկածի տակ կը դնեն այն բացառիկ ազգային միասնութիւնը, որ այսօր վայելում է հայ ժողովուրդը Հայաստանում, Իրանում եւ ի սփիւռս աշխարհի: Այդ միասնութիւնը դուրս է ցանկացած քաղաքական, կուսակցական շահից, մեր ազգային միասնութիւնը վեհ է ամէն ինչից եւ բոլորս ծառայում ենք այդ ազգային միասնութեանը:

Չեմ կարող իմ առանձնայատուկ յարգանքի եւ գնահատանքի խօսքերը չասել «Արարատ» ակումբին, որը երկար տարիներ անհատական ջանքերով, համայնքի ջանքերով, առանձին խմբերի ջանքերով, կուսակցութիւնների ջանքերով կարողացել է ստեղծել այսպիսի մի բացառիկ հայկական օճախ, որի ամէն քարից, ծառից, ամէն անկիւնից երեւում է հայկականութիւնը: Սա իսկապէս մեր միասնական հպարտութիւնն է, շնորհակալութիւն եմ յայտնում «Արարատ» ակումբի սիրելի մասնակիցներ, կազմակերպիչներ: Ընդգծում եմ, որ այս ծառայութիւնը բացառիկ է ոչ միայն Իրանի հայ համայնքի, այլեւ ընդհանրապէս հայութեան եւ ՀՀ-ի համար:

Ուզում եմ ընդգծել նաեւ այն բացառիկ ծառայութիւնը, որ այստեղ իրանահայ համայնքում ունեցել է եւ ունի Հայ Առաքելական եկեղեցու իրանահայ թեմը, Հայ Կաթողիկէ եկեղեցին, Հայ աւետարանական եկեղեցին: Այն, որ բոլորս այստեղ նոյն տանիքի տակ ենք հաւաքուած` ընդգծում է, որ մեր ժողովրդի պատմութեան համար իսկապէս նոր էջ է բացուել, եւ այդ պատմութեան մէջ մեզնից իւրաքանչիւրն ունի գրելու եւ ստեղծելու իր բաժինը:

Մեր յեղափոխութեան եւ կառավարութեան մեծագոյն առաքելութիւնն այն է, որ մեզնից իւրաքանչիւրը, ձեզնից իւրաքանչիւրը, մենք` որպէս ամբողջութիւն, ոչ միայն հաւատանք մեր հայրենիքի, ժողովրդի ապագային, այլեւ վստահ, համոզուած լինենք, որ մենք յաղթական քայլելու ենք 21-րդ դարում: Սա մի նոր համազգային քայլարշաւ է, որով մենք նոր էջ պէտք է բացենք մեր ժողովրդի պատմութեան մէջ:

Շնորհակալութիւն եմ յայտնում, որ դուք այսպիսով արձանագրում էք նաեւ ձեր հաւատարմութիւնն այն արժէքներին, որ բերեց տեղի ունեցած ոչ բռնի, թաւշեայ, ժողովրդական յեղափոխութիւնը:

Մեր միասնական խնդիրը հետեւեալն է. մենք այլեւս չունենք Հայաստանի օրակարգ եւ Սփիւռքի օրակարգ, ունենք համազգային օրակարգ, որի նպատակը մեր համազգային նպատակների եւ երազանքների իրագործումն է:

Բազմիցս ասել եմ. շատ երկար ժամանակ տառապանքների մէջ, չարչարանքների մէջ մեր ժողովուրդը երազել է, մենք երազել ենք նոր յաղթանակների, նոր երջանկութեան եւ նոր միասնութեան մասին: Ուզում եմ ասել, որ եկել է երազանքները կեանքի կոչելու ժամանակը եւ այսօրուայ ձեր ներկայութիւնը վկայում է, որ մենք միասնական ենք եւ վճռական երազանքները կեանքի կոչելու ճանապահին, լինի դա տնտեսապէս Հայաստանը հզօրացնելու, լինի Արցախի ժողովրդի արդար պահանջի իրացման, լինի մեր երազանքների իրացման հարցը:

Մենք մեր ձեռքերով պէտք է կերտենք մեր ապագան, այնպէս, ինչպէս մեր ձեռքերով կերտել ենք մեր ներկան: Մեր ճակատագիրն այլեւս արեւելքներում, հիւսիսներում եւ հարաւներում չէ, այլ մեր ձեռքերում եւ մենք որպէս արժանապատիւ քաղաքացիներ` մեր ձեռքը պէտք է վերցնենք մեր ճակատագրի ղեկը եւ որպէս պետութիւն, որպէս ժողովուրդ պէտք է առաջնորդնեք նորանոր յաղթանակների: Բայց ուզում եմ նաեւ ընդգծել, որ այս երազանքների իրականացումը իւրաքանչիւրիցս, առաւել եւս ինձնից, կառավարութիւնից է կախուած:

Ձեր առանձնայատուկ պարտականութիւնն այսօր դուք կատարեցիք, որովհետեւ հանդիպումից այնքան էներկիա, ուժ ստացայ, որ Հայաստան վերադառնալուց յետոյ իմ առաքելութեան մէջ լինելու եմ կրկնակի, եռակի, քառակի ջանասէր: Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել այսպիսի հանդիպման եւ մթնոլորտի համար:

Ուրեմն կեցցէ՛ ազատութիւնը, կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը, կեցցէ՛ հայ-իրանական բարեկամութիւմը, կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք որպէս ազատ, հպարտ եւ արժանապատիւ ժողովրդի արժանապատիւ եւ յաղթական զաւակներ: Շնորհակալ եմ»:

Այնուհետեւ վարչապետ Փաշինեան պատասխանած է ներկաներու հարցումներուն, որոնք առնչուած են Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններու ամրապնդումին, Իրան կատարած այցին եւ բանակցութիւններու արդիւնքներուն, ՀՀ կառավարութեան առաջնահերթութիւններուն, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորումին, հայ-թրքական յարաբերութիւններուն ու այլ թեմաներու:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին