Ուրբաթ, 16. 05. 2025

spot_img

Ս. Ղեւոնդեանց Քահանայից Տօնի Առիթով Եկեղեցականները Հանդէս Եկան Ուղերձով (լուսանկարներ)

Փետրուարի 26-ին Ս. Ղեւոնդեանց քահանաների տօնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էին համախմբուել Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում ու կառոյցներում սպասաւորող 230 եկեղեցականներ թեմակալ առաջնորդների առաջնորդութեամբ:

Այս կապակցութեամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետութեամբ, Էջմիածին քաղաքի Ս. Աստուածածին եկեղեցում հոգեւորականները մասնակցեցին Սուրբ Պատարագի արարողութեանը: Պատարագիչն էր Արցախի թեմի հոգեւոր սպասաւոր, Դադիվանքի հոգեւոր հովիւ Արժանապատիւ Տ. Յովհաննէս քահանայ Յովհաննիսեանը:

Ս. Պատարագի ընթացքում Տ. Յովհաննէս քահանան իր քարոզում նշեց, որ Ղեւոնդեանք օրինակ ու առաջնորդ են իւրաքանչիւր հոգեւորականի համար, օրինակ ոչ միայն յանուն հայրենիքի ու հաւատի կեանքը տալու, այլեւ այդ նոյն չափօրինակի համեմատ աստուածահաճոյ կեանք ապրելու:

«Քահանայի համար առանձնայատուկ մի ընտանիք է հայոց բանակը, որի կողքին ու շարքերում է միշտ՝ թէ անցեալում եւ թէ այսօր՝ պատրաստ նրա հետ ճաշակելու պատերազմի ու պարտութեան դառնութիւնը եւ յաղթանակի բերկրանքը: Հազկերտին Արտաշատից գրուած նամակում, կրօնափոխ լինելու հրամանին ի պատասխան, հայոց աւագանին, հոգեւորականութիւնն ու ժողովուրդը խիզախօրէն պատասխանում են. «Մենք ոչնչով աւելի լաւը չենք մեր նախնիներից, որոնք այս հաւատի համար դրին իրենց գոյքն ու ստացուածքը եւ մարմինները»: Եւ խօսքն ապացուցւում է գործով: Հայ քահանան պատերազմի դաշտ է դուրս գալիս՝ պաշտպանելու հայոց հաւատը եւ առաջնորդելու իր մեծ ընտանիքը, որ ողջ հայութիւնն էր: Միասնութեան այսպիսի պահերն են, որ պատուար են դառնում չարի սանձազերծած ամենամեծ արհաւիրքներին: Հազկերտի մտադրութիւնն անկատար է մնում. հայը շարունակում է պաշտել իր Աստծուն:

Սիրելի եղբայրներ, պատահական չէ, որ սրբոց այս խումբը հէնց քահանայի՝ Ղեւոնդ երէցի անունով է կոչւում: Ինչպէս մեր վիպագիրներից Ծերենցն է ասում՝ «Տուէք ինձ մի Ղեւոնդ եւ ես ձեզ կը տամ տասը Վարդան»: Ղեւոնդներն էին, որ իւրաքանչիւրն իր գիւղում ու քաղաքում հաւատացելոց սրտում ջերմ էր պահում Յիսուսի նկատմամբ յարատեւ սէրն ու կենդանի հաւատը, յարատեւ ու կենդանի այն աստիճան, որ ամէն մէկն իրեն պատրաստ էր տեսնում արիւնը, կեանքը տալու «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»: Իսկ հաւատը երբեք տեսութիւն չէ ու չի քարոզւում լոկ բարձր բեմերից, այլ նախ եւ առաջ կեանք ու զոհաբերութիւն է, որ տրուած օրինակով սերունդներ է կրթում եւ ամէն նոր ժամանակին համահունչ Ղեւոնդներ ու Վարդաններ ասպարէզ բերում»,- ասաց Տէր Յովհաննէսը:

Վերջում Յովհաննէս քահանան քահանայից դասի անունից տօնի առիթով շնորհաւորեց Հայոց Հովուապետին:

Ս. Ղեւոնդեանց տօնի առիթով քահանայից հաւաքի մասնակիցները հանդէս եկան ուղերձով, որում ասւում է.

«Սրբոց Ղեւոնդեանց տօնի առիթով, համախմբուելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեր հոգեւոր հօր` Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ, փառք եւ գոհութիւն ենք վերառաքում առ Աստուած Նրա բազում շնորհների համար եւ շնորհաւորում մեր բարեպաշտ ժողովրդին, ծառայակից մեր հոգեւոր եղբայրներին:

 Ղեւոնդեանց ոգին դարեր շարունակ առաջնորդող է եղել մեր ազգի համար յանուն արժանապատուութեան, խղճի ազատութեան եւ իրաւունքների պաշտպանութեան մղուող իր արդար պայքարում: Սուրբ Ղեւոնդեանք ներշնչող կերպար են հայ հոգեւորականի համար` իրենց նահատակութեամբ վերահաստատելով ազգային անդաստանից ներս Հայոց Եկեղեցու ծառայութեան ուղին, նրա առաքելութիւնը յանուն հաւատի եւ հայրենեաց: Հայրենիքի անսասանութեան ու հայ ժողովրդի հոգեւոր ինքնութեան անխաթար պահպանման տեսլականն է եղել Ս. Ղեւոնդեանց պայքարի անկիւնաքարը, մի տեսլական, որի հաւատարիմ կրողն է այսօր Հայոց Եկեղեցին իր ողջ հոգեւոր դասով:

21-րդ դարում աշխարհասփիւռ մեր ժողովուրդը, յանդիման տարաբնոյթ մարտահրաւէրների, շարունակում է պայքարն իր արդար իրաւունքների` ազատ ու անկախ կեանքի, սեփական անվտանգութեան եւ բարօրութեան արարման, հոգեւոր կեանքի զօրացման համար: Փորձութիւններից ու դժուարութիւններից անմասն չէ նաեւ մեր հայրենիքը, որին ուղղուած է աշխարհասփիւռ մեր ժողովրդի հայեացքը, ակնկալութիւններն ու սպասելիքները: Հայրենի հողն է խարիսխը մեր ազգային բոլոր իղձերի ու երազանքների, մարմնաւորողը եւ կրողը դարերով կերտուած հոգեւոր-ազգային արժէքների: Հայրենի երկրի անկախութիւնն է իմաստաւորումը հայի գոյութեան եւ պայքարի, սնուցող ջինջ ակունքը հայի ինքնութեան եւ երաշխաւորը նրա լուսաւոր ընթացքի:

Այսօրուայ աշխարհի փոթորկալի պայմաններում, երբ յարձակման են ենթարկւում ազգային-հոգեւոր արժէքները, երբ տարբեր ուժերի ներգործութեան ներքոյ փորձեր են արւում խեղաթիւրել պատմական իրողութիւնները, Ղեւոնդեանց քահանաների ոգին դարերի խորքից մեզ ամէնքիս պատգամ է ուղղում առաւել զգաստութեան, պատասխանատուութեան եւ միաբանութեան ի սէր հայրենիքի եւ մեր Սուրբ Եկեղեցու:

Քաջ գիտակից մեր հոգեւոր առաքելութեանը` պէտք է շարունակենք առաւել մեծ նախանձախնդրութեամբ ու ժրաջանութեամբ մեր սպասաւորութիւնը բերել մեր ժողովրդին` ճշմարիտ թթխմորը դառնալով մեր ազգային, հասարակական կեանքում սիրոյ առատացման, յանձնառութեան գիտակցութեան զօրացման եւ բարի գործերի մէջ յարատեւման: Մեր Սուրբ Եկեղեցու հովանու ներքոյ, հաւատարիմ մեր սրբազան նախնեաց հաւատամքին, պէտք է շարունակենք հայոց կեանքը խարսխել հոգեւոր արժէքների վրայ, որպէսզի մեր ազգի զաւակներն ապրեն իբրեւ լոյսի որդիներ Աստծոյ գթառատ սիրոյ եւ ողորմութեան մէջ, փոխադարձ յարգանքով եւ խոնարհութեամբ: Այս գեղեցիկ տօնի առիթով Քրիստոսասէր մեր ժողովրդին առաքեալի խօսքով պատգամում ենք. «միշտ փափագող եղէք բանական անխարդախ կաթին, որպէսզի նրա միջոցով աճէք փրկութեան համար, քանի որ արդէն ճաշակել էք, որ քաղցր է Տէրը» (Ա Պետր. Բ 2):

Սրբոց Ղեւոնդեանց բարեխօսութեան հայցով աղօթում ենք հայրենի մեր երկրի շէն ու բարօր կեանքի, մեր հաւատաւոր ժողովրդի արժանապատիւ ու խաղաղ ընթացքի համար: Թող մեր Զօրագլխի` Տէր Յիսուս Քրիստոսի առաջնորդութեամբ միշտ պայծառ մնա մեր Սուրբ Եկեղեցին` անսասան իր հոգեւոր-ազգային առաքելութեան մէջ»: 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին