Երեքշաբթի, 18. 02. 2025

spot_img

Հայաստանի Օրհներգը Փոխելու Մասին

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

19-րդ դարում, հայ ժողովրդի Ազգային Զարթօնքի եւ Ազգային ազատագրական պայքարի տարիներում ծնուեցին բազմաթիւ յեղափոխական երգեր, յեղափոխական առանձին դրուագների մասին երգեր յօրինուեցին, եւ այդ երգերը երգում էին սերունդներ, ե՛ւ հիմա։ «Մեր Հայրենիքը» բնորոշում է այդ ժամանակների նախապատ-մութիւնը։ Միքայէլ Նալբանդեանը մեծ բանաստեղծ է, նա եւ ուրիշներ առաջնորդեցին ժողովրդին դէպի զարթօնք։ Միքայէլ Նալբանդեանը չտեսաւ ժողովրդի սխրանքը, ցեղասպանութիւնը, ազատագրութիւնը։ «Մեր Հայրենիքը»՝ իր բառերով, նկարագրում է հէնց այդ ազատագրական շարժմանը նախորդող շրջանը։ Ենթադրում եմ, եթէ Նալբանդեանը տեսած լինէր ազգի սխրանքը, ապա նա ուրիշ բանաստեղծութիւն՝ հպարտառիթ բանաստեղծութիւն կը յօրինէր։

Հայաստանի Օրհներգի եղանակի մասին բան չունեմ ասելու։ Չգիտեմ դա հայկակա՞ն է, թէ՞ ուրիշ։ Այս մասին թող ասեն մասնագէտները։ Առաջին անգամուայ համար լսեցի Արամ Խաչատրեանի յօրինած երաժշտութիւնը․ դա հզօր է։ Թող սերունդները միշտ երգեն «Մեր Հայրենիքը»՝ հէնց «թշուառ, անտէր» բառերով՝ իսկական բառերով, որպէս հայոց ազատագրական շարժմանը նախորդող շրջանը ներկայացնող մի անմոռանալի եւ միշտ յիշուող երգ։ Դա պատմական երգ է։

Ի՞նչ է նշանակում Օրհներգ։ Սա երկար անդրադառնալու հարց է։ Իմ կարծիքով, «Մեր Հայրենիքը» չի կարող Օրհներգ համարուել՝ հէնց իր բառերի պատճառով։ Ես չեմ ուզում իմ երկրի Օրհներգով «Գիշերները անքուն մնալ եւ արտասուքով լուանալ իմ դրօշը»։ Ես ՉԵՄ ՈՒԶՈՒՄ արցունքով լուանալ իմ դրօշը․․․ Կարծում եմ, արդէն ասացի այն բուն պատճառը, որ ես էլ կողմ եմ Հայաստանի Օրհներգը փոխելուն։ Ու դա ԲՆԱՒ պատմութիւնը հերքել, նսեմացնել, անտեսել չի։ ԲՈԼՈՐՈՎԻՆ դա չի նշանակում։

Ես չգիտեմ ինչո՞ւ «Մեր հայրենիքը» Հայաստանի առաջին հանրապետութեան Օրհներգը դարձաւ։ Կարծում եմ, ժամանակները այնքան խառն էին, որ 2/5 տարուայ մէջ 4 կառավարութիւն ունեցած անկախ Հայաստանի իշխանութիւնները չէին կարող ժամ յատկացնել եւ զբաղուել օրհներգի մանրամասն ուսումնասիրութեան հարցով։ Նրանք պիտի դիմագրաւէին արտաքին թշնամուն, դիմագրաւէին սովը, համաճարկն ու տարբեր հիւանդութիւններ, որ ամեն օր հարիւրաւոր կեանք էր խլում․․․ Իսկ օրհներգի համար ժամանակ չկար։

Ես էլ կողմ եմ Հայաստանի համար նոր, հզօր, հպարտառիթ օրհներգ ունենալուն։ Չքաղաքականացնենք այս հարցը։ Պէտք չի իսկապէս։ Սա անցեալը մերժել, անցեալ սխրագործութիւնները հարցականի տակ տանել չի նշանակում։ Թողնենք, որ «Մեր Հայրենիքը» ՄԻՇՏ ՅԻՇՈՒԻ որպէս պատմական երգ, ե՛ւ ԱՌԱՋԻՆ հանրապետութեան Օրհներգ, ու հանգիստ վերաբերուենք այս կարեւոր խնդրին։ Անցեալը չի մերժւում Առաջին հանրապետութեան Օրհներգը ՀԻՄԱ չընդունելով։ Հայաստանը հիմա լրիւ ուրիշ իրականութիւն է, եւ օրհներգն էլ պիտի արտացոլի հայութեան ոչ թէ անցեալն ու ներկայ՝ տուեալ պահի, իրավիճակը, որ պարտաւոր լինենք ժամանակ առ ժամանակ օրհներգ փոխել, այլ պիտի լինի սերունդները ոգեշնչող, հպարտառիթ երգ․ իսկապէս ՕՐՀՆԵՐԳ։

Խորհրդային Հայաստանի Օրհներգի բառերը ԱՆՊԱՅՄԱՆ պիտի փոխել, ու ես, միաժամանակ, ունեմ մի ուրիշ նկատողութիւն եւ առաջարկ։ Առաջին անգամ լսեցի դա, ու կարծում եմ այդ օրհներգը երկար է․ երեք տուն եւ երեք անգամ կրկներգ։ Ես չգիտեմ ուրիշ երկրների օրհներգները, գուցէ բոլորը սեղմ են ու նպատակային, սովորական երգերի պէս ծաւալուն չեն։ Առաջարկս է՝ պահել Արամ Խաչատրեանի երաժշտութիւնը, եւ Հայաստանի նոր Օրհներգը սեղմել, նորը գրել երկու տուն։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին