Երեքշաբթի, 18. 02. 2025

spot_img

Ծննդեան 150-ամեակին առիթով. ՅՈՎՀԱՆՆէՍ ԹԱԴԵՒՈՍԻ ԹՈՒՄԱՆԵԱՆ

ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ

Հրաշք է բնութիւնը, հրաշք է լոյսը: Հրաշք է նաեւ Լոռի աշխարհի հողի ծնունդ՝ բանաստեղծ Յովհաննէս Թումանեան մարդը, իր Անուշ-ով, Մարօ-ով, Սաքօ-ով, Գիքոր-ով, հայրենաշունչ «Բալլադ»-ներով, իր ազնիւ հոգու լոյսով: Լոռուայ աշխարհի լեռների բարձր գագաթներին իջած անուշ լուսնեակը արարման լոյս էր վառել իր հոգու տաճարի խորան: Արմին-Հայ ցեղի մշակոյթի գանձարանը վարարել է իր հոգու հարստութեան բազում գանձերով:

             Թումանեանը, դասական վարպետութեամբ պատկերել է նահապետական գիւղի կեանքը, սովորութիւնները, կենցաղային հակասութիւնները, նրա մարդկանց հոգու ազնուութիւնը: Լոռի աշխարհի ու նրա մարդկանց կեանքը պատկերող  անկրկնելի բանաստեղծական քերթուածների, հայրենաշունչ «Բալլատ»-ների, հէքեաթների ու աւանդապատումների ընթերցումը խռովքի ու զմայլանքի խինդի սարսուռով է պատում մարդու հոգին, նրանք կարծես լինէին իր անուշ նախնիների ու հայրենի երկրի պատարագի աղօթք: Թումանեանի սիրտը բուսել է իր աշխարհի սարերի ձնծաղիկների հազար գոյնի լոյսում, լեռների լանջերի բրաբիոն ծաղիկների բոյլերում: Թումանեանի հոգու արարման արմատները մխրճուել էին Լոռի աշխարհի լեռների հողում, որի շունչից յառնել էին նախնիների պատումները, գիւղի մարդկանց կեանքի անուշ տաղերը: Նրա բանաստեղծութիւններում Լոռուայ արեւի ժպիտն է շողում, լեռների լանջերի ծաղկունքի բոյրը, սիրոյ ու երգի արեւագալի շարականների խորհուրդը, «Ադաթ»-ին զոհ գացած հրացանի զարկերի որոտի ողբն է հնչում:

             Թումանեանի երկնած Հայ գիւղի կեանքի, կենցաղի, նախնիների աւանդապատումների, ազգային ոգու ճախրանքի դիւցազնական «Բալլադ»-ները, տաղերը, քերթուածները, գրողներին յղած նրա պատգամը՝ «Դէպի բնութիւնը, դէպի ժողովուրդը» վարար լոյս բռնկեցին հայոց մեծերի հոգիների տաճարներում, որտեղ պատարագեցին Արմինա-Հայաստան արարչական երկրի բնութիւնը, նախնիների քաջերի սխրանքները, հողի մարդկանց արարման հրաշքը, Արմին-հայ ցեղի ընդվզումը տիրողների դէմ: Վահան Թոթովենց, «Կեանքը հին հռոմէական ճանապարհի վրայ» Տուշպուէա-Վան ոստանի մարդկանց կենցաղի պատումները, «Բաց կապոյտ ծաղիկներ»-ում ժողովուրդի կեանքի պատկերումը կրում են Թումանեանի երկերի պատմելու, գրելու քաղցր ու զգայուն ոճի ազդեցութիւնը: Հայ գրականութեան «Գիւղագիրներ» Համաստեղի, Թլկատինցիի, Մնձուրիի հայրենի գիւղի մարդկանց կեանքի, սովորութիւնների պատումների ստեղծագործութիւնները զօրացել են Թումանեանի երկնած հայրենի երկրի բնութեան, հաց արարող ռանչպարների, գարնանային արեւի շողերից բարձրացող հողի շունչի, գիւղի մարդկանց հերոսապատումների, շինականների սիրոյ, արտերով անցած հովիկների ալեակների, հողի ռանչպարների արարման հրաշապատումների ոգիով: 

            Արմինա-Հայաստանի՝ Տարօն աշխարհի գիւղի մարդկանց կեանքը, կենցաղը, սովորութիւնները, նախնիների պատումները պատկերող «Գիւղագիր»-ների երկերում վարարում է Թումանեանի արարման շունչը: Նրանց սրտերն էլ բուսել էին հայրենի աշխարհի հողում: Նրանք էլ երգել էին հաց արարող ռանչպարների կեանքը, շինականների սէրը, գարնանային հողի բուրմունքը, ամպերից վարարած Նար-Ծովինարի անձրեւը, զեփիւռի թովչանքից յառնած արտերի ոսկեայ հեղեղը, թեւատարած սերմնացանների ճախրանքը, մաճկալների արօրների խոփերի բացած գարնան վարի հողի անուշ բոյրը: 

            Թումանեանի հոգում ճառագել էր ցեղի ընդվզման ոգին, իր գիրով նրան պայքարի տանել, նրա մարդկանց հոգիներում մարել ստրկութեան խաւարի մութը: Գիւղացին, որ«սուր ու զէնք» չէր տեսել, նրանց սրտերում կռուի ելնելու շեփորներ էր հնչել: Լոռի աշխարհի լեռների գագաթներին այցի եկած աստղերի լոյսով երկնել Սասունի Մհերների ու Դաւիթի քաջութեան, ազնուութեան, հայրենասիրութեան մասին ասքը: Ցեղի արարչական օրրանի պաշտպանութեան ոգու լոյսի  ճախրանքի դիւցազներգական քերթուածներ, «Բալլադ»-ներ էր երկնել, մարդկանց սրտերին քաջութեան ղօղանջներ հնչել: Թումանեանի հայրենասիրական բանաստեղծութիւնների ոգու ազդեցութեամբ, Արմին-Հայ գիր արարողներ երկնել իրենց ցեղի ընդվզումների, թշնամու դէմ մղած պատերազմների հերոսապատումներ: «Վերնատուն» գրական խմբակի անդամ՝ Դերենիկ Դեմիրճեան, Թումանեանի հայրենի երկրի ազատութեան համար կռուի ելնելու ոգու շունչով երկնել՝ ազատ կամքի ու հաւատքի համար մղուած հայոց պատերազմի «Վարդանանք» վիպերգութիւնը: Նոյն ոգու ազդեցութեամբ մեծ գրող՝ Ստեփան Զօրեանը արարել է «Պապ թագաւոր», «Վարազդատ» պատմավէպերը, որտեղ Զօրեանը հաստատել է, որ ուժեղ պետականութիւնն է երկրի մարդկանց գոյութեան գլխաւոր նախապայմանը, որի համար իր կեանքը զոհել խոհեմ ու իմաստուն թագաւոր, Արշակի որդի, Արշակունի տոհմից Պապը: Օտար նուաճողների դէմ մարտնչելու նոյն ոգու ազդեցութեամբ, Մուրացանը երկնել է «Գէորգ Մարզպետունի» վէպը, որ փոքրաթիւ մարտիկներով էլ կարելի է յաղթական կռիւ մղել հայրենի երկիրը նուաճելու եկած թշնամու դէմ: 

            Հայ գիւղի մարդկանց կեանքին, ժողովրդական աւանդապատումներին, ցեղի բանահիւսութեանը նուիրուած Թումանեանի պատմուածքները հայ արձակ գրականութեան լաւագոյն էջերից են: Նա ստեղծել է նաեւ գիւղի մարդկանց տառապանքի մասին տխուր պատումներ, որոնց ընթերցումները սիրտ են փլում: «Գիքոր»-ը.  նման մարդկային ողբ կա՞յ, չէ՜, չկայ, գիւղի կենցաղին, «ադաթ»-ներին զոհուած Անուշ, Մարօ, Սաքօ: Նրա հէքիաթների պատումների ազդեցութեամբ Ղազարոս Աղայեանը նաեւ ստեղծել է գիւղի կեանքի, նրանց բանաւոր շրջանառուած հէքիաթների պատումներ: Թումանեանի գրի ազդեցութեամբ չէ՞ր, որ հայոց ուրիշ մի մեծ գրող՝ վանեցի Վրթանէս Փափազեան, «Ժայռ» թատերախաղում ինչպէ՜ս է նկարագրել գիւղի մշակների ողբերգական հալածանքը, հանապազօրեայ հաց արարող մաճկալների կեղեքումը, նրանց հոգիների ստրկացումը:

             Թումանեանի անպաճոյճ գրելու ոճը, Լոռուայ երկնքի կապոյտի նման ջինջ լեզուն, պատմելու հնարքի խինդը,  յօրինելու իմաստութիւնը, անկաշկանդ բանաստեղծութեան յօրինման ղողանջը մեծ ազդեցութիւն են գործել ժամանակի ու յետագայ գրողների ստեղծագործութիւնների վրայ: Նրա արարած գրի բոյրը վարարում է ցեղի մարդկանց սրտերում:

            Հայոց մեծ բարեկամ Վ. Բրիւսովը գրել է՝ «Թումանեանի քերթողութիւնը Հայաստանն ինքն է»: 

Կլենտէյլ, 2018                                   

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին