Չորեքշաբթի, 13. 11. 2024

spot_img

Նիկոլ Փաշինյանը 15 կետով ներկայացրեց տնտեսական հեղափոխությանը միտված քայլերը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 15 կետ, որոնց ուղղությամբ կառավարությունը պետք է առաջիկայում աշխատի՝ տնտեսական հեղափոխությունն առաջ մղելու նպատակով: 

«Իհարկե, կառավարությունը դեռ պետք է ընդունի գործունեության ծրագրից բխող միջոցառումների ցանկը, բայց ես ուզում եմ տարանջատել այդ ցանկը տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Վարչապետը թվարկեց մի քանի ուղղություններ, որոնց ուղղությամբ կառավարությունը պետք է աշխատի.

«1.Վերանայել մինչև այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանց ընթացքը, բացահայտել դրանց իրականացման հետ կապված խնդիրները, կենտրոնացնել տեղեկատվությունը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում:

2.կարգավորումների պարզեցման ճանապարհային քարտեզ կազմել, այդ թվում ջրի, գազի, էլեկտրաէներգիայի կանխատեսելի հասանելիության խնդիրը լուծելու նպատակով,

3.արագացնել ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքները, որը կիրականացնի ներդրումային ծրագրերի ուղեկցումը,

4.հիմա բացվում է սեզոնային աշխատանքի շրջանը, մշակել մեխանիզմ, որ սեզոնային աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացին չզրկվի սոցիալական կամ ընտանեկան նպաստից:

5.հաշվառել ՀՀ-ում առկա բոլոր աշխատատեղերը, աշխատավարձով, հասցեով, ընկերություններով,

6.արագ բացահայտել այն մարդկանց, որոնք ամսական 100 հազար դրամ եւ ավելի վարկեր են սպասարկում եւ միաժամանակ օգտվում են նպաստի համակարգից,

7.բանկային տոկոսադրույքի նվազեցման խնդիրը պահել օրակարգում եւ ռազմավարություն մշակել:

8.միկրոբիզնեսը, անասնապահությունը վարկավորելու գործուն մեխանիզմներ մշակել,

9.մեծ թափով սկսել վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծումը,

10.ակտիվացնել ու զարգացնել այն բոլոր այն ուսումնական կենտրոնները, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է: Այս նպատակով համատեղ ծրագրեր իրականացնել հանրային եւ այլ հեռուստաընկերությունների հետ,

11. ակտիվացնել մասնավոր հատվածի ներգրավումը միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերակենդանացման ու ակտիվացման գործում,

12.կաթիլային ոռոգման, հակակրկտային ցանցերի եւ գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրագրերը ամբողջությամբ իրականանան,

13. ջրամբարաշինության եւ ճանապարհաշինության նախագծերի գույքագրում իրականացնել եւ նոր նախագծեր նախաձեռնել, զուգահեռաբար բանակցելով դոնոր կազմակերպությունների հետ,

14.մսի եւ մսամթերքի արտահանման մեխանիզմների գույքագրում իրականացնել եւ աջակցել այդ մեխանիզմների զարգացմանը,

15.պատրաստվել պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին, համոզվել գործող մեխանիզմների գործունակության մեջ եւ նոր պոտենցիալ արտահանողների համար շուկայի հասանելիության երաշխիքներ ստեղծել»,- թվարկեց վարչապետը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին