Ուրբաթ, 11. 10. 2024

spot_img

Արևմտեան թեմի Շաբաթօրեայ հայկական դպրոցները

Միացեալ Նահանգներում դրանք հայապահպանութեան դեր են խաղում

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Հայաստանից դուրս հայահոծ բոլոր մեր համայնքների համար ամէնից հրատապ խնդիրներից մէկը հայերէնի պահպանութիւնն է, մեր լեզուի կիրառութեան սահմանները պահպանելը, յատկապէս հայ մանուկներին հայերէն խօսք ու գիր սովորեցնելը։ «Ես հայ եմ, եւ դուք գիտէք, թէ ինչ դժուարին եւ միանգամայն ինչ հրաշալի բան է այդ», Ուիլիամ Սարոյեանի անչափ տարողունակ այս միտքը լիովին ձեւում է նաեւ սփիւռքում մեր լեզուի պահպանութեան հարցերի վրայ։ Հայաստանաբնակ մէկի համար գուցէ անսովոր լինի տեսնել, թէ ինչպէս հայ մանուկը հայերէն թոթովախօսելու փոխարէն անգլերէն է հաղորդակցւում, ինչպէս շերտ առ շերտ նահանջ է արձանագրւում հայախօսութեան մէջ։ Կրթական ծրագրերն են, որ ի զօրու են դրա առաջն առնելու։

Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ արեւմտեան թեմում գործող շաբաթօրեայ հայերէն դպրոցները կոչուած են այդ գործին ծառայելու, ուր հայերէն են սովորում 6-14 տարեկան մանուկներն ու պատանիները։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում շաբաթօրեայ այդ կրթօջախները, փորձել ենք մի քանի փաստեր ի մի բերել ու համառօտ ներկայացնել։

Առհասարակ կրթական լայն ծրագրերը անբաժան են ԱՄՆ Արեւմտեան թեմից, այդ թւում՝ պատանիներին հայերէնի ուսուցման ուղղութեամբ, որոնցից մէկն է «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցը։ Այն հիմնադրուել է 2000 թուականին, ապա 2010-ին թեմի առաջնորդ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի օրհնութեամբ շարունակել է գործել առաջնորդանիստ Ս. Ղեւոնդեանց Մայր տաճարի հովանու ներքոյ։

Դասընթացն իր մէջ ամփոփում է հայերէնի այբուբենից մինչեւ հայոց գրականութեան, պատմութեան, մշակոյթի եւ երաժշտութեան դասաւանդում, որ հիմնուած է Քալիֆորնիայի կրթական շրջանի հաստատած՝ լեզուների ուսուցման չափանիշների վրայ (Common State Standards)։ Ըստ այդմ՝ «Փոքրիկ հրեշտակների» աւարտական դասարանի սաները ստանում են վկայականներ, որոնք պետական քոլէճների կողմից ճանաչւում են որպէս երկրորդ օտար լեզուի վկայագիր։

Յատկապէս Քալիֆորնիայի եւ Լոս Անճելըսի շրջաններում է կարեւոր նման դպրոցի գործունէութիւնը, ուր ամերիկեան պետական դպրոց են յաճախում, ըստ որոշ գնահատականների, մօտ 110 հազար հայորդի պատանիներ, որոնց ուսուցումն անցնում է անգլերէնով, եւ սաների շրջանում կաթիլ առ կաթիլ մտածողութեան լեզու է դառնում, բնականաբար, անգլերէնը։ Շաբաթօրեայ նման դպրոցներն են որոշակիօրէն հայկական կրթական միջավայր վերադարձնում հայ սաներին։

Ուսման տեւողութիւնը շաբաթօրեաներում 10 ամիս է, մեկնարկում է Օգոստոսին եւ աւարտւում Մայիսին։ Դասերն սկսում են առաւօտեան ժամը 9։30-ին, իբրեւ կանոն՝ ազգային, հոգեւոր պատգամով, ապա շարունակւում են լսարաններում, մինչեւ 12։00։ Աւելորդ չէ նշել, որ 2015 թուականին «Փոքրիկ Հրեշտակներ» դպրոցը ճանաչուել է որպէս սփիւռքի լաւագոյն շաբաթօրեայ վարժարան եւ արժանացել գլխաւոր մրցանակի։

Ուսումնական տարուայ աւարտին անցկացուող միջոցառման ընթացքում առաջին դասարանի աշակերտները հանդէս են գալիս մայրենի լեզուին նուիրուած հոգեսնոյց բանաստեղծութիւններով, երգերով, ապա նրանց շնորհւում են «Տառաճանաչութեան» վկայականներ։ Աւանդական վերջին հանդէսին, որն այս տարի տեղի ունեցաւ արեւմտեան թեմի առաջնորդանիստ Սրբոց Ղեւոնդեանց Մայր տաճարում, եւ որին իր ներկայութիւնն էր բերել եւ օրհնութիւն բաշխել թեմի առաջնորդ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանը, սաները ներկայացրին գեղեցիկ արտասանութիւններ, երգեր։ Աւարտին առաջնորդարանի «Թրբանջեան» հրապարակում կազմակերպուել էր հիւրասիրութիւն Ձմեռ պապի ընկերակցութեամբ, եւ ուրախ երգ ու երաժշտութեան ներքոյ շարունակուեց տօնական տրամադրութիւնը՝ աւետելով նոր տարուայ եւ Մանուկ Քրիստոսի ծնունդը։

Դպրոցի պատասխանատու Յովհաննէս սարկաւագ Գումրուեանը նշում է, որ շնորհիւ թեմի առաջնորդի հետեւողականութեան, որակեալ կրթութեան ու կատարուող աշխատանքների՝ հաստատութիւնը դարձել է աշխարհի ամենամեծ հայկական շաբաթօրեայ դպրոցը, եւ միայն իրենց հաստատութիւնում աշակերտների թիւն արդէն անցնում է 300-ից։

***

«Փոքրիկ Հրեշտակների» օրինակով թեմում գործում են շաբաթօրեայ նաեւ այլ դպրոցներ, ինչպէս օրինակ՝ Սանթա Քլարիթա քաղաքի Ս. Սարգիս հայկական շաբաթօրեայ դպրոցում աշակերտների թիւը 45 է, Կլենտէյլի Հայ ընտանեկան շաբաթօրեայ վարժարանում սովորում է նոյնպէս 45 աշակերտ, որտեղ դասաւանդումը կազմակերպւում է արեւելահայերէն եւ արեւմտահայերէն։ Թահանկա քաղաքի Սրբոց Առաքելոց եկեղեցու «Երուանդ Պապայեան» շաբաթօրեայ դպրոցն ունի 36 աշակերտ, Փասատինայի «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» շաբաթօրեայ վարժարանը՝ 48 աշակերտ եւ այլն։ «Շաբաթօրեաները սովորական դպրոցներ չեն, որտեղ աշակերտներն իրենց ուսումնառութեան ընթացքում միայն տառաճանաչ են դառնում եւ ուսանում ոսկեղնիկ մայրենին, այլ՝ կենսական կրթօջախներ, որտեղ երեխաների մէջ սերմանւում են ազգային արժէքներ, աւանդութիւններ եւ դարերից եկած մեր հարուստ ժառանգութիւնը»,– նշում է Թահանկայի դպրոցի պատասխանատու Քաղցրիկ Մանուկեանը։

Ընդհանուր առմամբ Արեւմտեան թեմի հովանու ներքոյ գործող 20 շաբաթօրեայ դպրոցներում ուսանում են մօտ 1200 աշակերտներ։ Եւ այդ թիւը վերջին տասնամեակում, ուրախութիւն մեզ, շարունակ աճելու միտում է ցոյց տալիս։ Պատճառները յստակ են։ Նախ՝ աշխարհի տարբեր ծագերից՝ Մերձաւոր Արեւելքից, Իրանից եւ առաջին հերթին Հայաստանից չդադարող ներգաղթն է Միացեալ Նահանգներ, որի արդիւնքում հայ համայնքը շարունակ համալրւում է նորանոր ընտանիքներով։ Երկրորդ կարեւոր գործօնը թեմի առաջնորդի նախանձախնդիր ու պահանջկոտ վերաբերմունքն է կրթական հաստատութիւնների եւ այդ թւում շաբաթօրեայ դպրոցների կազմակերպման հարցում։ Վերջին շրջանում կանոնակարգուել են կրթական ծրագրերը եւ դրանք պատշաճեցուել Քալիֆորնիայի կրթական չափանիշներին, իւրաքանչիւր ուսումնական տարուայ սկզբին կազմակերպւում են եւ իրականացւում են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, համալրուել են ժամանակակից տեխնիկական միջոցներով եւ այլն։ Նաեւ՝ առաջնորդարանին կից ձեւաւորուել է գիտակրթական յանձնախումբ, որ համակարգում է ընդհանուր աշխատանքները։ Կազմակերպական այս կառոյցը, կրթութեան կազմակերպման ձեւը, կարծում ենք, օրինակելի է մեր բոլոր հայ համայնքների համար եւ արժէ ընդօրինակել հայապահպանութեան այս արդիւնաւէտ փորձը։

 

ՆՈՐԱՅՐ ՊՕՂՈՍԵԱՆ
Բանասիրական Գիտ. թեկնածու, դոցենտ


Լոս Անճելըս

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին