Յունուարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին՝ ուղեկցութեամբ ՄԱԿ-ի մասնագիտացուած գործակալութիւնների եւ ծրագրերի պատասխանատուների: Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրէն, ԵՀԽ հայաստանեան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը եւ Կլոր սեղան հիմնադրամի տնօրէն Կարէն Նազարեանը:
Հանդիպման սկզբում տիար Կարէն Նազարեանը Նորին Սրբութեանը ներկայացրեց պրն. Շարփի գլխաւորած պատուիրակութեանը՝ մասնաւոր անդրադարձ կատարելով Հայաստանում ՄԱԿ-ի գրասենեակի գործակցութեանը Մայր Աթոռի կառոյցների եւ Կլոր սեղան հիմնադրամի հետ եւ դրա հեռանկարներին:
Մայր Աթոռում այս հանդիպման առիթով իր ուրախութիւնը յայտնեց նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը: Վերջինս Ամենայն հայոց հայրապետին ներկայացրեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենեակի կողմից ծաւալուող գործունէութիւնը տարբեր ոլորտներում` ուղղուած արժանապատիւ կեանքի պայմանների ստեղծմանը, մարդու իրաւունքների պաշտպանութեանը, երկրի առջեւ ծառացած խնդիրների յաղթահարմանը: Ընդգծելով ՄԱԿ-ի գրասենեակի եւ Հայոց եկեղեցու առաքելութեան ընդհանրութիւնը մի շարք ոլորտներում` պրն. Շոմբի Շարփը շնորհակալութիւն յայտնեց ՄԱԿ-ի գործակալութիւնների եւ եկեղեցական կառոյցների միջեւ ձեւաւորուած գործակցութեան առիթով` պատրաստակամութիւն յայտնելով էլ աւելի ընդարձակելու այն: ՄԱԿ-ի մշտական համակարգողը փոխանցեց վեհափառ հայրապետին ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարութեան երախտագիտութիւնը Հայոց եկեղեցու` միջկրօնական երկխօսութեան մէջ հետեւողական ներգրաւուածութեան եւ տարածաշրջանում խաղաղութեան վերականգնմանն ի նպաստ ծրագրերի իրականացման կապակցութեամբ:
Այնուհետեւ ներկաներին իր օրհնութիւնը բերեց Նորին Սրբութիւն Գարեգին Երկրորդ կաթողիկոսը` գնահատելով Հայաստանում ՄԱԿ-ի գրասենեակի լայնածաւալ գործունէութեանը: Ամենայն հայոց կաթողիկոսը գոհունակութեամբ արձանագրեց ՄԱԿ-ի մասնագիտացուած գործակալութիւնների, հիմնադրամների եւ ծրագրերի արդիւնաւէտ գործակցութիւնը Մայր Աթոռի կառոյցների, թեմերի եւ Կլոր սեղան հիմնադրամի հետ:
Նորին Սրբութիւնը հիւրերին հանգամանօրէն ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառոյցների գործունէութիւնը մասնաւորապէս կրթա-դաստիարակչական եւ սոցիալական ոլորտներում` տեղեկացնելով առաջիկայ ծրագրերի մասին: Վեհափառ հայրապետը յայտնեց, որ 2019 թուականին, Ընտանիքի տարուայ շրջանակներում, Մայր Աթոռի եւ թեմերի կողմից կազմակերպուելու են հասարակութեան մէջ ընտանեկան արժէքների ամրապնդմանն ուղղուած միջոցառումներ, իրականացուելու են նաեւ աջակցութեան զանազան ծրագրեր:
Զրոյցի ընթացքում խօսուեց առկայ գործակցութեան ընդլայնման հնարաւորութիւնների մասին:
Վերջում վեհափառ հայրապետը ՄԱԿ-ի գրասենեակի պատասխանատուին եւ ներկայացուցիչներին մաղթեց արգասաւոր գործունէութիւն: