Անցեալի պատմութիւնը մի լուսաւոր լապտեր է, որ ամէն մի ժողովուրդ
ձեռքին պէտք է ունենայ՝ իր ճամբէն անմոլոր գնալու։
Յովհաննէս Թումանեան
ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Հոկտեմբեր ամսուայ երկրորդ Կիրակի օրն էր, տօնական զգեստներով պճնուած մեր մանչերի հետ թրամուէյի փոխադրակառքում էինք, լիքը մարդիկ էին, պատահաբար մի տղամարդ ինձ հարցրեց՝ «Այսօր քաղաքի փողոցներում, փոխադրակառքերում ինչո՞ւ այսքան շատ մարդ է»: Հայրենակից՝ այսօր տօնական օր է, Արին Բերդ բլուրի ստորոտի հրապարակում Էրեբունի-Երեւան ոստանի հիմնադրման մեծարանքի տօնախմբութիւն է լինելու, Հայոց արքայ՝ Արգիշտին՝ Արին Բերդ բլուրի պալատից գալու է մասնակցի իր հիմնադրած Իրբունի ոստանի տարեդարձի տօնակատարութեանը:
***
Թմբուկների զարկերի, ծիրանափողերի հնչիւնների հետ Արին Բերդի բլուրի գագաթի ամրոցի պալատական սրահի 2750 աստիճաններից, առաւօտեան արեգակը ափի վրայ պահած, արեւի ճառագայթներից բռնկած ջահերը վեր պարզած պալատականների հետ Արմինայի Արգիշտի արքան էր իջնում: Արմին-հայերի ողջոյնի բացագանչութիւնները երկինքն էին պատռում, հասնում «Խալտի-Հայկ» աստուծոյ Մուսասիր-Մուշ կամարակապ-սիւնազարդ տաճար: Աշխարհում առաջին կամարակապ-սիւնազարդ տաճարի վկան էր այն, աշխարհներ պիտի գնար տաճարներ, պալատներ, ապարանքներ լինելու: Արգիշտի արքան աւետում էր՝
«Մեծութեամբ Խալդի աստուծոյ,
Արգիշտին, Մենուայի որդին, ասում է,
Իրբունի քաղաքը ես կառուցեցի
Հզօրութեան համար Բիաինա երկրի,
Եւ զսպան համար թշնամի երկրների:
Հողը ամայի էր, ոչինչ չկար կառուցուած այդտեղ:
Հզօր գործեր ես այդտեղ կատարեցի,
6600 զինուորներ Խաթէ եւ Ծուպանի
Երկրներից ես այդտեղ բնակեցրի»:
Ք.Ա. 782 թուականին հիմնադրուած Իրբունի-Էրեբունի-Երեւան հայոց մայր ոստանի ծնունդն է, 2800 տարեկան է, աւելի կանուխ հիմնադրուած քան Աթէնքն ու Հռովմը:
Ո՞վ է Արգիշտի արքան
Նա իսկապէս Արմին-Հայ է, աշխարհակալ թագաւորը Արմինա երկրի. հրեաները «Արարատեան թագաւորութիւն» են կոչել այն: Շատ ցաւալի է, որ այլազգի պատմաբաններ ու նաեւ հայ պատմաբաններ նրա թագաւորած երկիրը անուանում են Ուրարտու-Ուրաշտու, իրեն էլ Արգիշտի թագաւոր: Այն երկրի անուանում չէ, Ասորեստանի թագաւորների արձանագրութիւններում «արտու-աշտու» կրակ բառի իմաստով յիշատակուած հրաբուխների երկիր «Արմինա»-ն է, որտեղ թագաւորել է Արգիշտին, նոյն կրակ բառի իմաստով այն անուանել էին նաեւ Նայիրի: Արգիշտին, իր հիմնադրած Իրբունի քաղաքի արձանագրութիւնում իր երկիրը անուանել է ոչ թէ Ուրարտու-Ուրաշտու, այլ «Բիաինա», նոյնպէս «Բիա» կրակ բառի իմաստով: Արմինա էր նրա երկրի անունը: Աքեմենեանների Դարեհ արքան, Բագահաստան-ի երեք տարբեր լեզուների 1200 տողանոց, երեք սիւնականի իր արձանագրութիւնում, նուաճած երկիրը պարսկերէն լեզուի բնագրում անուանուել է Արմինա, էլամերէն լեզուի սիւնակում՝ Հարմինուա, աքքատական լեզուի սիւնակում՝ Ուրաշտու: Ասորեստանի թագաւորների արձանագրութիւններում կրակ բառի իմաստով նոյն Արմինա երկրի տարածքը յիշատակուել է որպէս Ուրաշտու, այն նոյն Արմինա երկիրն էր, նոյն շատ երկրներ նաեւ կոչւում են տարբեր անուններով: Յոյն պատմագիրներ այդ երկիրը երբեք «Ուրարտու-Ուրաշտու» չեն անուանել, նոյն աշխարհագրական երկրի ու մարդկանց անունների «Ի» հնչիւնը հնչիւնափոխելով «Է» հնչիւնի այն կոչել Արմէնիա, նրա մարդկանց էլ Արմէններ:
Ասորեստանի թագաւորների արձանագրութիւններում, իրենց լեզուի սեպագիր գրերով «Բիաինա-Ուրաշտու-Ուրարտու» կրակի երկրի արքային Արգիշտի էին անուանել: Արգիշտի անունը բաղկացած է «Ար», «Գիշ» եւ «Տի» մասերից: «Ար»-ը՝ Արմինայի Արա կրակ-արեւ աստուած Արան է, «Գիշ»-ը Շումեր-Սումերների սեմական լեզուով նշանակել՝ «ծնել, սերել, ծնունդ, սերունդ»: «Արգիշ» նշանակում է՝ արածին, կրակ-արեւի աստուած «Ար-Արա»-ից սերուած, «Ար-Արա»-ի ծնունդ-սերունդ: «Տի» բաղադրիչը «կենդանի-ապրող» իմաստ ունի: Շումեր-Սումերերէն սեմական լեզուով «Գիշ» եւ «Մա» անուանումները հոմանիշ բառեր են: «Արգիշ-տի» անունը, վերոյիշեալ ստուգաբանութեամբ հնչում է «Արմա-իս»: Իսկ ո՞վ էր Արմաիսը: Պատմիչ Թովմա Արծրունին իր «Արծրունեաց տան պատմութիւն» երկում յիշատակել է հայոց Արմաիս թագաւորին, գահակալել Ասորեստանի Նինոս թագաւորի ու նրա կնոջ՝ Շամիրամի գահակալութեան ատեն, կառուցել Արմաւիր քաղաքը: Ք.ա. 780-ական թուերին գահակալել է նաեւ Արգիշտին, արմինների Արատտա պետութեան ոստան Մեծամօրի մօտ կառուցել իր արձանագրութիւններում յիշատակուած Արգիշտիխինլի քաղաքը: Պատմահայր Մովսէս Խորենացին էլ իր մատեանում հաւաստել, որ հայոց Արմաիս արքան նոյն վայրում կառուցել է Արմա-ւիր քաղաքը, իր որդի Արաստ-ի անունով Երաստ է անուանել Արաքս գետը: «Արգիշտի-Արգիշտիխինլի-Արմաւիր» քաղաքի անունների, կառուցման վայրի ու ժամանակի նոյնութիւնը նաեւ հաստատում են, որ Արգիշտին հայոց Արամ-Արամէ թագաւորի Արա-Արայեան գահատոհմի Արմինա երկրի Արմաիս արքան է եւ ոչ թէ չգոյ Ուրարտու-Ուրաշտու-ի արքան: Ասորեստանի արքաները իրենց արձանագրութիւններում հրաբուխների կրակի երկրներ՝ Արմինա, Նայիրի, Արմանի, Սուրբարտու, Արատտա ասորերէն լեզուի կրակ իմաստով Ուրարտու-Ուրաշտու են անուանել: Արգիշտին, որ շքեղ բեմականացումով այսօր մեծարել ենք, նա Իրբունի-Էրեբունի-Երեւան մայր ոստանի հիմնադիրն է, աշխարհակալ թագաւորը Արմինա-Հայաստանի:
ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ
Հատուած՝ «Իրբունի – Երեւան ոստանը 2800 տարեկան է» յօդուածէն