Երկուշաբթի, 22. 07. 2024

spot_img

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունեց Գանատայի Վարչապետին

Հոկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գանատայի վարչապետ Ճասթին Տրիւդոյին` ուղեկցութեամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականեանի:

Նորին Սրբութիւնը ողջունեց Գանատայի վարչապետի առաջին պաշտօնական այցը Հայաստան` յոյս յայտնելով, որ այն աւելի պիտի խթանի հայ-գանատական յարաբերութիւնները եւ նպաստի առկայ գործակցութեան առաւել ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ հաստատեց, որ ֆրանքոֆոնիայի միջազգային կազմակերպութեան 17-րդ գագաթնաժողովի բարեյաջող անցկացումը Հայաստանում առիթ դարձաւ տարբեր երկրների միջեւ յարաբերութիւնների խորացման, նոր կապերի եւ գործակցութեան հաստատման: Նորին Սրբութեան խօսքով, այն հնարաւորութիւն ընձեռեց ֆրանքոֆոնիայի կազմակերպութեան անդամ-երկրներին ճանաչելու հայ ժողովրդին եւ հաղորդ դառնալու նրա իղձերին, երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գանատայի վարչապետին ներկայացրեց նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելութիւնը հայ ժողովրդի կեանքում` ընդգծելով, որ Հայոց եկեղեցին հայ ժողովրդի հետ միասին դիմագրաւել է դարերի դժուարութիւններն ու փորձութիւնները, կրել նոյն տառապանքներն ու զրկանքները, ապրել նրա իղձերով եւ տեսիլքներով: Նորին Սրբութիւնը մասնաւորապէս անդրադարձաւ Հայոց ցեղասպանութեան եւ խորհրդային տարիների հետեւանքով Հայոց եկեղեցու կրած կորուստներին եւ ներկայում եկեղեցու կողմից տարուող գործունէութեանը տարբեր ոլորտներում` վստահութիւն յայտնելով, որ նոր իրողութեան պայմաններում Հայոց եկեղեցին պիտի կարողանայ առաւել մեծ չափով շարունակել իրականացնել իր առաքելութիւնը հայ ժողովրդի հոգեւոր վերազարթօնքի կերտման ու միասնականութեան ամրապնդման գործում:

Գարեգին Բ. Կաթողիկոսը նաեւ գնահատանքով արձանագրեց այն ջերմ վերաբերմունքը, որ Գանատայի իշխանութիւնների կողմից մշտապէս դրսեւորուում է հանդէպ հայ համայնքը եւ նրա ազգային-հոգեւոր կեանքը: Այս առիթով Նորին Սրբութիւնը նկատեց, որ Գանատայի հայ համայնքը գեղեցիկ կամուրջ է երկու երկրների միջեւ յարաբերութիւնների զօրացման եւ զարգացման համար:

Իր հերթին Գանատայի վարչապետն իր ուրախութիւնն արտայայտեց հանդիպման կապակցութեամբ` ընդգծելով, որ երեք տասնամեակ անց մեծ հաճոյք է վերստին այցելել Հայաստան եւ մեծ պատիւ` հիւրընկալուել հայոց հոգեւոր կենտրոնում, ինչպէս նաեւ նպաստել երկու երկրների միջեւ կապերի խորացմանը:

Պրն. Ճասթին Տրիւդոն, խօսելով Գանատայում ապաստան գտած հայ համայնքի մասին, մասնաւորապէս նշեց, որ Գանատան պէտք է շնորհակալութիւն յայտնի երկրում հաստատուած կանադահայերին, որոնք հսկայական ներդրում են ունեցել Գանատայի կեանքի տարբեր ասպարէզներում: Անդրադառնալով հայ-կանադական յարաբերութիւններին` վարչապետը շեշտեց, որ Գանատան հպարտ է Հայաստանի գործընկերը լինել եւ շարունակելու է գործակցութիւնը տարբեր հարթութիւններում:

Գանատայի վարչապետը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց նաեւ Ծիծեռնակաբերդի յուշահամալիր իր այցելութեան տպաւորութիւնները:

Զրոյցի ընթացքում Վեհափառ Հայրապետը եւ պրն. Ճասթին Տրիւդոն խօսեցին խաղաղ, բարօր եւ ապահով աշխարհի կերտման գործում միջկրօնական երկխօսութեան կարեւորութեան մասին: Այս կապակցութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց Հայոց եկեղեցու ներգրաւուածութիւնը միջկրօնական եւ միջեկեղեցական երկխօսութիւններում, ինչպէս նաեւ տեղեկացրեց ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ուղղուած հոգեւոր առաջնորդների ջանքերի մասին:

Հանդիպմանն անդրադարձ կատարուեց քաղաքական գործիչների կարեւոր պատասխանատուութեանը մարդկային կեանքում ողբերգութիւնների կանխարգելման, անարդարութեան եւ տառապանքների յաղթահարման, աղքատութեան վերացման գործում: Այս կապակցութեամբ Նորին Սրբութիւնը վստահութեամբ ընդգծեց, որ Գանատայի երիտասարդ եւ եռանդուն առաջնորդն ապագայի իր տեսլականով մեծ նպաստ կը բերի խաղաղ աշխարհի կառուցմանը:

Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, Գանատայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմեանը եւ թեմական խորհրդի ներկայացուցիչներ:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին