ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից
Ընթացիկ տարուայ Յուլիս ամսուայ 22 – 24 «Հետք» լրատուականի կազմակերպութեամբ, «Զարթօնք» հայկական այլ լրատուամիջոցներու կողքին այցելեց Արցախի մարտական առաջնագիծեր, ականատես դառնալու հայոց բանակի դիրքերու իրավիճակին եւ հաղորդակից ըլլալու սահմանապահ հայ զինուորին հետ, որուն մեծապէս պարտական է Հայ ժողովուրդը, որովհետեւ առանց անոր զոհաբերութեան չկայ, ո՛չ Արցախ, ո՛չ Հայաստան, ո՛չ ազգային հպարտութիւն, ո՛չ ալ հանրապետութիւն կամ անկախութիւն:
Ստորեւ մեր աշխատակիցին տպաւորութիւնները այս այցելութենէն, որուն յուզումնախառն զգացումներուն մասնակիցը եղանք նշեալ օրերուն:
«Խմբ.»
«ԶԱՐԹՕՆՔ», «ՍԵՊՏԵՄԲԵՐԵԱՆ ԲԱՑԱՌԻԿ», ՊԷՅՐՈՒԹ – Լեռնային Ղարաբաղն աշխարհի քարտէզի վրայ անտեսանելի մի կէտ է, շատերի համար անհասանելի վայր, գերտէրութիւնների համար՝ չճանաչուած պետութիւն: Լեռնային Ղարաբաղը ճանաչելու ու սիրելու համար բաւական է մէկ անգամ ոտք դնել այնտեղ, զգալ ամուր հողը, որը պաշտպանում են 18-20 տարեկան երիտասարդներն ու կեանքը բանակին նուիրած սպաները:
Եկէք Լեռնային Ղարաբաղի փոխարէն օգտագործենք Արցախ անուանումը, որն աւելի գեղեցիկ է, հայեցի, հայավարի…
ՀՀ մայրաքաղաք Երեւանից Արցախի մայրաքաղաք հասնելը տեւում է մի քանի ժամ՝ կախուած փոխադրամիջոցի արդիականութիւնից: Եթէ փոքր ինքնաշարժով ես, 4 ժամում կարող ես հասնել Արցախ, եթէ մեծ խումբով ես ու ըստ այդմ՝ հսկայ հանրակառքով, ճանապարհը փոքր-ինչ երկարում է: Չնայած դա էլ իր հաճոյքն ունի: Հայաստանի ճամփեքով շրջելը անբացատրելի զգացումներ է արթնացնում, որը կը հասկանան մէկ անգամ այդ ճանապարհները անցած մարդը միայն:
Մենք առիթ ունեցանք այդ անբացատրելի զգացումներն ապրել բաւական երկար, քանի որ մեզ բախտ էր վիճակուել Արցախ մեկնել հանրակառքով: Ճանապարհը երկար էր, հիանալու տեսարանները՝ շատ: Երեկոյեան հասանք Արցախ, աւելի կոնկրետ՝ մայրաքաղաք Ստեփանակերտ: Քաղաքի մաքրութիւնը միանգամից աչք է զարնում: Չես գտնի մէկին, ով, ասենք, ձեռքի ծխախոտի մնացորդը քամահրանքով կը նետի փողոց: Դա մարդկանց հոգեբանութեան մէջ է: Ստեփանակերտի ու ստեփանակերտցիների մասին դեռ առիթներ կ’ունենանք խօսելու:
Երեկոյեան հասնելով Արցախի մայրաքաղաք, տեղաւորուեցինք ոչ այնքան բարձրակարգ, բայց յարմարաւէտ հիւրանոցում: Պէտք է խոստովանել, կարեւորը հիւրանոցի աստղերը չէին, կարեւորը՝ Ստեփանակերտի աստղերն էին, որոնք գիշերն այնքան պարզ էին երեւում, ինչպէս փայլեցրած ադամանդը գեղեցիկ կնոջ ձեռքին:
Մոռացայ ասել՝ Արցախ այցելութեան մեր նպատակը: Գնացել էինք հանդիպելու սահմանը պահող զինուորների, հրամանատարների ու սպաների հետ, իհարկէ պաշտօնական հանդիպումներ եւս նախատեսուած էին…
Մէկ տուփ ծխախոտ, քաղցրաւենիք ու ճանապարհ դէպի դիրքեր…
Արցախ այցելութեան երկրորդ օրն է, որն ի սկզբանէ խոստանում էր յագեցած լինել՝ զօրամասեր, դիրքեր, հարցազրոյցներ զինուորների հետ, ընթրիք ու մէկ գաւաթ սուրճի սեղանի շուրջ ազնիւ ու ջերմ զրոյց տղաների հետ: Համաձայնենք, որ սրանից առաւել երջանկութիւն լինել չի կարող:
Մինչ դիրքեր հասնելը, անհրաժեշտ էր հրամանատարի թույլտուութիւնը ստանալ: Արցախի N զօրամասի հրամանատար Գեղամ Գաբրիէլեանին առաջին անգամ չէի տեսնում: Առիթ ունեցել էի շփուելու: Արտաքինից խիստ, խրոխտ ու ինքնավստահ թուացող հրամանատարն իրականում շատ կատակասէր ու մարդամօտ էր: Զինուորներն էլ էին ասում՝ հրամանատար ունենք, աշխարհը չունի… Թէ ինչքանով էին անկեղծ ասում, կը դժուարանամ ասել: Հրամանատարի սենեակում նման իրարանցում երեւի վաղուց չէր եղել: Լրագրողներ, ովքեր անհամբեր սպասում էին դիրքեր բարձրանալուն, լուսանկարողներ, ովքեր սաստում էին իրենց լրագրողներին՝ համբերութիւն ունեցէք, մի մոռացէք՝ հրամանատարի սենեակում էք: Իհարկէ, տրամադրութիւնն ինչպէս կ’ասին զինուորները, մարտական էր: Վերջապէս, երկարատեւ «բանակցութիւնից», կէսլուրջ-կէսկատակ զրոյցից յետոյ հրամանատարը արտօնեց լրագրողներին ուղեկցել դիրքեր: Լրագրողական հանճարեղ նիւթեր պատրաստելու մեծ ցանկութիւնը եւ նախանձախնդրոթիւնն իրենց արդիւնքը տուեցին: Բոլորին բախտ վիճակուեց ունենալ «սեփական» դիրքը ու դիրքի զինուորներին: Հրամանատար Գաբրիէլեանն ասում էր՝ «ուզում էք տղերքին իջեցնեմ դիրքերից, դուք բարձրանաք, քանի որ ուզում էք մենակ լինել»: Տղաներն իհարկէ դիրքերը չթողեցին, փոխարէնը մենք մի ամբողջ օր անցկացրինք նրանց հետ: Իսկապէս, հայրենիքը սկսուում է սահմանից արտայայտութեան իմաստը միայն այդ ժամանակ է լիարժէք ընկալուում:
Զինուորական մեքենաները մեզ հասցրեց սահման՝ թշնամուց մի քանի հարիւր մեթր հեռաւորութեան վրայ, կարգ մը կէտերու վրայ՝ մի քանի տասնեակ մեթր: Հասկանո՞ւմ էք՝ 50-60 կամ 70 մեթր այն կողմ հակառակորդն է, ով ամէն վայրկեան պատրաստ է կրակել ու մարդկային կեանք խլել:
Քայլում ենք խրամատում, ամէն ինչ հետաքրքիր է, հարցերը՝ անսահման: Տղաները լայն ժպիտով դիմաւորեցին, դե՜հ, իհարկէ՝ հիւրերին պէտք է պատշաճ դիմաւորել, ասում էին նրանք: Նորակոչիկների նման մեզ՝ լրագրողներիս ամէն ինչ էր հետաքրքրում, բայց առաջնայինը զինուորների ու հրամանատարների հետ շփումն էր: Վահէն, ով ծառայութեան ընթացքում առաջին անգամ էր դիրքերում, շատ յուզուած էր, դժուարութեամբ համաձայնեց հարցազրոյց տալ: Այնուամենայնիւ, դիրքի ժպիտը համարուող Վահէն ասում էր՝ ծառայութեան ընթացքում տղային կարող է շեղել միայն սիրած աղջիկը: Ծառայակից Ռազմիկն այնքան էլ համաձայն չէր, ասում էր՝ դիրքերում պէտք է կենտրոնանալ միայն ծառայութեան վրայ, ուրիշ ոչնչի մասին մտածել պէտք չէ: «Շատ բաներ կայ, որ ուրիշ աչքով ես նայում, ինչ-որ մի բան անելուց առաջ երկար ես մտածում, առաջուայ նման չէ»,- ասում էր նորակոչիկներից Ռուտիկը:
Դիրքերում զինուորների հետ ընթրելու ժամն է: Մեր առօրեայ ուտելիքից տարբերուող էր սերժանտի պատրաստած ճաշատեսակը, բայց միեւնոյն ժամանակ համեղ: Դա այն է, ինչ ուտում են զինուորները: Դիրքերում սառնարան եւս կայ, ուտելիք ամրանը չի փչանայ, հանգիստ են:
Համազգեստի մասին ասում էին՝ իհարկէ, կարելի է աւելի որակով համազգեստ, ներքաշորեր տրամադրել, բայց եղածից էլ դժգոհ չեն, տանից էլ են ուղարկում: Երկար-բարակ զրոյցի ընթացքում խօսեցինք ամէն ինչի մասին, կարծես՝ հազար տարի ճանաչում էինք իրար՝ զինուորները՝ լրագրողներին, լրագրողները՝ դիրքի զինուորներին: Պատճառը հաւանաբար գիտացումն էր, որ հակառակորդից գտնուում ես մի քանի տասնեակ մեթր հեռաւորութեան վրայ ու իւրաքանչիւրի կեանքը քոնից թանկ է:
Զինուորների հետ զրոյցն ընդհատուեց, երբ անսպասելի դիրք այցելեց գնդի հրամանատարը, ում, յիշում էք՝ զօրամասում արդէն հանդիպել էինք: Մեզ բախտ վիճակուեց հենց դիրքում հրամանատարի հետ անկեղծ զրոյց ունենալ: Գեղամ Գաբրիէլեանը պատմում էր ապրիլեան քառօրեայ պատերազմի օրերի մասին, բանակին հասած ու չհասած օգնութիւնների մասին: Ինքն էլ էր գիտակցում՝ եղել են մարդիկ, ովքեր իւրացրել են բանակի ու զինուորի բաժինը, բայց այդ պահին զինուորը բացի հակառակորդին համարժէք պատասխան տալուց այլ բանի մասին չէր մտածում, վստահեցնում էր հրամանատարը:
Նրա խօսքով՝ զինուորների նկատմամբ ուշադրութիւնը պէտք է լինի բարձր մակարդակի վրայ: Սպաներից շատ բան է կախուած, եթէ ոչ ամէն ինչ, ասում էր հրամանատար Գաբրիէլեանը:
«Աւելի լաւ է իմ երեխու մատը փուշ մտնի, քան զինուորներից մէկի: Այդ դէպքում՝ ես ինչ եմ պատասխանելու զինուորի ծնողին»,- մեզ հետ զրոյցում ասում էր գնդի հրամանատարի տեղակալ, Մարտական խաչ առաջին եւ երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, երկու պատերազմ անցած փոխգնդապետ Յովսէփեանը: Շատ խօսել չէր սիրում, նախընտրում է, որ իր մասին պատմեն իր զինակից ընկերները, զինուորները: Փոխգնդապետ Յովսէփեանն ասում էր՝ «գնամ թոշակի, որ իմ տեղը մեր ջահել սպաները գան, ծառայեն հայրենիքին, մենք էլ ինչով պէտք լինենք կ’օգնենք»:
Փոխգնդապետը վստահ է՝ հայկական բանակը պատրաստ է ամէն պահի համարժէք հակահարուած տալ թշնամուն՝ թէ տեխնիկապէս, թէ մարտունակութեան տեսանկիւնից բանակը կազմ-պատրաստ է, ապրիլեան պատերազմից շատ դասեր են քաղել: Դիրքերը յագեցուել են նորագոյն ցերեկային ու գիշերային տեսահսկման սարքերով: Եթէ առաջ գիշերը թշնամու դիրքերի տեսանելիութիւնը 10 տոկոս էր, հիմա զինուորները լիարժէք հսկում են հակառակորդի ցանկացած շարժ:
Զրոյցով տարուած չնկատեցինք՝ ինչպէս ժամանակն անցաւ ու մեր հեռանալու պահը եկաւ: Պէտք է խոստովանենք՝ զինուորները մի քանի ժամում հասցրին մեզ սիրել, դե՜հ, բնականաբար փոխադարձ:
Վերադարձանք Ստեփանակերտ՝ ինքնաբաւ տպաւորութիւններով, նոր ու թարմ լիցքերով, հետաքրքիր յօդուածներ ու հաղորդագրութիւններ պատրաստելու ցանկութեամբ:
Պաշտօնական հանդիպումներ
Դէպի Արցախ ուղեւորութեան վերջին օրը նախատեսուած էր ասուլիս Պաշտպանութեան բանակի հրամանատար Լեւոն Մնացականեանի հետ: Հրամանատարը պատասխանեց լրագրողների բոլոր հարցերին, իսկ դրանք շատ էին: Դիրքերում զինուորներին յուզող հարցերը եւս լրագրողների կողմից բարձրացուեց՝ ստանալով սպառիչ պատասխաններ:
Ասուլիսի աւարտից յետոյ, մինչ հրաժեշտ կը տայինք Արցախին ու կը վերադառնայինք Երեւան, Պաշտպանութեան բանակի հրամանատարն առաջարկեց ճաշել ու խմել ազգ-բանակի համար, հասարակութիւն-զինուած ուժեր առողջ համագործակցութեան համար, սահմանին կանգնած զինուորի ու սպայի համար, տանը նրանց սպասող մայրերի ու քոյրերի կենացը, կեանքը հայրենիքին նուիրած հերոսների համար: Դե՜հ, իհարկէ, վերջում պատիւ ունեցանք՝ լրագրողների կենացը եւս ընդգրկուեց այդ սուրբ կենացների մէջ…
Արցախից բաժանուելը դժուար էր…
Արցախ – Երեւան