«ՆՈՐ ՕՐ», ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ – Ի վերջոյ եկաւ Օգոստոսի 17-ը։ Անկախ բարի կամեցողների և չարակամների ցանկութեանը հարիւր հազարաւոր խանդավառ մասնակիցներ Հ․ Հանրապետութիւնից, Արցախից, նաև Ռուսաստանի Դաշնութեան, Միացեալ Նահանգների, Լիբանանի, Իրանի, Եւրոպայի և այլ հայաշատ երկրներից ժամանած հայեր իրենց զօրակցութինն ու հովանաւորութիւնն ի ցոյց դրին վարչապետ Փաշինեանին և գործադիր մարմնի կորովի անդամներին մայրաքաղաք Երևանի Հանրապետութեան հրապարակում։
Վարչապետ Փաշինեանը ծաւալուն ելոյթով փոխանցեց գործադիր մարմնի հարիւրօրեայ գործունէութիւնը։ Ըստ էութեան զառամեալ օրէնսդիր մարմինն ու դատական, իրաւական համակարգը, նաև զանգուածային լրատուական միջոցները չեն վերակառուցուել տակաւին ու բնականաբար ընթանում են նախկին ճահճակալած հունով տարածելով յերիւրանքներ՝ թունաւոր, վհատեցնող, մինչև իսկ սարսափազդու մտքեր։ Ահա թէ ինչու, ըստ վարչապետի անհրաժեշտ է այսուհետև հերթական հարիւր հազարաւոր քաղաքացիներից բաղկացած հանրահաւաքներով հաստատել յեղափոխութեան ծրագրերը, այն, ինչ կատարւում էր Հին Աթենքում ագորայում (հրապարակում)։ Վարչապետ Փաշինեանն այն կոչեց ժողովրդի իշխանութեան բարձրագոյն մարմին։
Հետևապէս այսուհետև չեն լինելու սատրապների հերթական իշխանութիւն, չեն լինելու մենաշնորհներ, կը լինի միայն ժողովրդի իշխանութեան մենաշնորհ, չի լինելու կոռուպցիա (կաշառակերութիւն ու կաշառատուութիւն), դղեակների կառուցումը չի համարուի ժողովրդական տնտեսութեան զարգացում։ Չի լինելու զանգուածային արտագաղթ, չի լինի հայ ժողովրդի բնօրրանից մինչև իսկ մէկ թզաչափ յանձնում ոխակալ թշնամուն, չեն լինելու հակահայկական, հայատեաց տարրերի սիստեմատիկ գործունէութիւնը հայրենիքում։ Կը բարձրացուի ժողովրդական կրթամշակութային մակարդակը։ Կը կասեցուեն հայրենի բնութեանը վնասող արդիւնահանումներն ու արդիւնաբերական աշխատանքները։ Կը վերացուեն աղէտի գօտու տակաւին մնացած ամօթալի փաստերը։ Կը զարգանայ գիւղատնտեսութիւնը։ Վերադարձուել են ու դարձեալ կը վերադարձուեն սատրապների ու նրանց գործակալների թալանած բազմամիլիարդ դոլարները։
Այսպիսին էին վարչապետ Փաշինեանի Օգոստոսի 17-ի ելոյթի գուցէ և ոչ բոլոր առանցքային թեմաները, ելոյթ, որն անտարակոյս քննարկութեան ու քննադատութեան առարկայ կը դառնայ այս օրերին։
Երանի թէ իւրաքանչիւրս աշխուժօրէն մասնակցենք նոր հարապետութեան կերտման վեհ գործին։
ԺՈՐԱ ՀԱՄԲԱՐՉԵԱՆ
Լոս Անճելըս