«ՆՈՐ ՕՐ», ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քրիստոնեայ Հայաստան» երկշաբաթաթերթը լոյս է ընծայել բացառիկ` նուիրուած Հայաստանի առաջին Հանրապետութեան եւ Սարդարապատի հերոսամարտի 100-ամեակներին:
Բացառիկում տեղ է գտել յոբելենական տարուայ առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը, ինչպէս նաեւ բազմապիսի յօդուածներ։ Մի շարք յօդուածներ նուիրուած են 100-ամեակի տօնակատարութիւններին եւ Մայր Աթոռում ու Սարդարապատի յուշահամալիրում կազմակերպուած միջոցառումներին:
Վերլուծական յօդուածներով ներկայացւում է Հայոց Եկեղեցու դերակատարութիւնը յիշեալ տարիներին եւ մասնակցութիւնը Հանրապետութեան կայացման գործում, անցկացւում պատմական զուգահեռներ Աւարայրի եւ Սարդարապատի միջեւ: Յօդուածներում մասնաւորաբար ուշադրութիւն է դարձւում պատմական իրադարձութիւններին, դրանց նորովի ներկայացմանը եւ լուսաբանմանը: Առանձին յօդուածով ներկայացուած է 1918-1920 թթ. Պատմական իրադարձութիւնների անդրադարձը ժամանակի հայ գրականութեան մէջ:
Բացառիկում ներկայացուած են նաեւ 100-ամեակի առիթով Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի կողմից հրապարակուած աշխատութիւնները: