Շաբաթ, 13. 07. 2024

spot_img

Վարդգէս Պետրոսեանի յիշատակին. ՄՈՒՏՔ ՍՈՆԱ ՏԻԳՐԱՆԵԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՑ ՆԵՐՍ

Խօսել Սոնա Տիգրանեանի գրականութեան մասին եւ չյիշել մեծանուն արձակագիր, հրապարակախօս, հասարակական եռանդուն գործիչ, եղերական մահով կեանքին հրաժեշտ տուած Վարդգէս Պետրոսեանի անունը` անհնարին է: Որովհետեւ նրանք միասին անցան «Տառապանքի ուղի­ներով», միասին ըմբոշխնեցին Ազատ, Անկախ Հայաս­տա­նի լուսաբացը, որը ցաւօք, չար ուժերի յախուռն, անմարդկային գործողութիւնների արդիւնքում երկիրը շատ արագ պատուեց մռայլ, մութ, սարսափազ­դու երեկոներով:

Սակայն այդ մութ ու ցուրտ երեկոներին ծնուեց Նոր Հայաստանի նոր սերունդը, որը Սոնա Տիգրանեանի ճշմարիտ բնութագրմամբ «հասակ էր առնում փողոցում, մթի մէջ` բոլոր իմաստներով»:

 Հիմնաւոր մասնագիտական կրթութիւն ստացած մեր զոյգի համար չափազանց տարօրինակ էր տեսնել, թէ ինչպէս այդ օրերի համար բնորոշ ամենաթողութեան պայմաններում հրապարակ էին իջնում մէկը միւսից անորակ հրատարակութիւն­ներ անյայտ եւ քիչ ծանօթ «գրողների» կողմից: Այդպէս էր այդ ժամանակ. ով որ փող, դրամ ունէր` իր ձաբռտուքների համար «գրող» յորջորջուեց: Իսկական գրողների գործերը մնացին դարակներում:

Այդ ամէնը տարօրինակ էր իրենց համար: Չէ՞ որ նրանք տեսել էին անցեալ դարի 60-ականների հայ գրականութեան զարթօնքը` էն էլ խորհրդային պայմաններում, իսկ հիմա` ահա, խնդրեմ, ի՞նչ էր կատարւում մեր երազած, անկախ երկիր դարձած Հայաստա­նում. կողոպուտ, թալան, մարդասպանութիւն: 

1967 թուականին ամուսիններն ստեղծել էին «Գարուն» ամսագիրը, որն արագօ­րէն նուաճեց ընթերցող հասարակութեան սէրն ու համակրանքը: Ամսագիրը շուտով դարձաւ ազատ խօսքի թատերաբեմ: Նրա շուրջը բոլորուեցին ոչ միայն աւագ, այլեւ երիտա­սարդ սերնդի գրողներ: Ներքոյ ստորագրեալս էլ բախտ է ունեցել տպագրուել այդ հեղինակաւոր ամսագրում` 1968 թուականի օգոստոսեան համարում` «Ռեստորանային երաժշտու­թեան շուկայում» քննադատական յօդուածով, որի մանրամաս­նե­րին ընթերցողը կարող է հաղորդակից դառնալ իմ «Այս եմ ես» գրական շարքի 6-րդ հատորում («Այս եմ ես…», Լոս Անճելըս, 2016) տեղադրուած յօդուածից:

Հիմնականում Ղարաբաղեան կոմիտէի անդամներով համալրուած նոր իշխանութեան համար եկաւ պահը հաշուեյարդար տեսնելու անցանկալի տարրերի հետ: Միանգամայն ճշգրիտ հաշուարկով կեանքից հեռացան մի քանի գործարար մարդիկ, դատաւորներ, երկրի դատախազ: Իր հրապարակախօսութեամբ լաւագոյնս սիրուած ու գնահատուած Վարդգէս Պոտրոսեանի բաց խօսքն ու ճառերը այլեւս անկարող էին լսել երկրի տէրերը, ուստի պէտք էր լռեցնել այդ ձայնը:

Եւ` լռեցրին, լռեցրին մէկ փամփուշտով, ճիշդ եւ ճիշդ ենթակայի ուղեղին ուղղուած մէկ կրակոցով` 1994 թուականի Ապրիլի 15-ին, իր բնակարանի մուտքին, աստիճանների վրայ:

1999 թուականին Վարդգէս Պետրոսեանի հարազատները` կինը Սոնա Տիգրանեանը, որդին` Սեւակ Պետրոսեանը եւ դուստրը՝ Լիլիթ Պետրոսեանը Քալիֆորնիայի նորաստեղծ Հայ Գրողների Միութեան աջակցութեամբ ստեղծեցին «Վարդգէս Պետրոսեան մշակութային ֆոնդ» ընկերակցութիւնը: Այդ հիմնադրամի շնորհիւ էլ աւելի շարժուն ու գրաւիչ դարձաւ գրող-հրապարակախօս Սոնա Տիգրանեանի գրիչը, այս անգամ արդէն ոչ թէ Մայր Հայրենիքում, այլ` Լոս Անճելըսում:

Առաջին լուրջ աշխատութիւնը, որ հրապարակ հանեց Սոնա Տիգրանեանը Ամերիկայում «Վարդգէս Պետրոսեան մշակութային ֆոնդի» միջոցով, դա արուես­տի գծով բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների համար նախատեսուած «Հայոց լեզու» ուսումնական ձեռնարկն էր, ըստ որում որպէս լրացուած, երկրորդ հրատարակութիւն (Առաջինը լոյս էր տեսել Երեւանում, 1986 թ.): Գրքի «Երկու խօսք» առաջաբանն ընթերցելիս, դժուար չէ հասկանալ, որ հեղինակի նախասի­րութիւնը արեւմտահայ լեզուն է, մանաւանդ, երբ գործ ունես արեւմտահայ ուսանող­ների հետ: Ահա թէ ինչ է գրում Սոնա Տիգրանեանը այդ կապակցութեամբ.

–  Արուեստի բուհերում անհրաժեշտ է ոչ թէ հիմնաւորապէս մտցնել միայն գրական արեւելահայերէնը ու սովորեցնել այն, այլեւ պէտք է պահպանել ու խորացնել արեւմտահայերէնը, որովհետեւ գրական արեւմտահայերէնով ստեղծուած է չափազանց արժէքաւոր գրականութիւն, որին մենք դիմել ու դիմում ենք, ուրեմն անհրաժեշտութիւն ունենք լրջօրէն տիրապետելու նրա նրբերանգներին:

Սոնա Տիգրանեանի յաջորդ աշխատութիւնը, որ դարձեալ երեւան ելաւ նոյն` 1999 թուականին «Վարդգէս Պետրոսեան մշակութային ֆոնդի» միջոցով, ըստ իս գրականագէտ, գրող, հրապարակագիր Սոնա Տիգրանեանի աշխատութիւնների գագաթն է, գլուխ գործոցը, որի անուանումն է «Մուշեղ Գալշոյեան, կեանքը եւ գործը»: Այս գիտական աշխատութիւնը ժամանակին Սոնա Տիգրանեանը Երեւանի Պետական Համալսարանի ղեկավարութեանն է ներկայացրել որպես աւարտական նիւթ եւ քսան տարուայ խմորումների, ճշդում-շտկումներից յետոյ միայն, 21-րդ դարամուտին է յանձ­նել տպագրու­թեան:

Մուշեղ Գալշոյեանը 20-րդ դարի լաւագոյն արձակագիրներից մէկն է: Նրա հերոսները իրական մարդիկ են, հիմնականում գիւղի աշխատաւորներ: Այս հարցում կարծէք գրողը ընդհանուր գծեր ունի պոլսահայ գրականութեան մէջ լաւագոյնս ճանաչուած գիւղագիր Յակոբ Մնձուրու հետ: Սակայն Գալշոյեանի հերոսները, թէեւ գիւղի մարդիկ, աւելի «զարգացած են», աւելին գիտեն, աւելի են փորձառու: Եւ նման հերոսներին բնութագրելիս, ըստ Սոնա Տիգրանեանի, Մուշեղ Գալշոյեանը իր գրելաոճը մօտեցնում է հրապարակախօսական ժանրին:

Ափսոս, ճակատագրական պահի արդիւնքում 1980 թուականի Հոկտեմբերի 15-ին կտրուեց Մուշեղ Գալշոյեանի կեանքի թելը:

Ինչպէս Սոնա Տիգրանեանն է գրում` «…Նա զոհուեց այնպէս, ասես իր իսկ պատկերած հերոսները` հրացանը ձեռքին, հայրենի դաշտերում:… Որքան էլ տարօրինակ է, կամ օրինաչափ, նա զոհուեց նոյն այն տարիքում եւ նոյնպէս ողբերգաբար, ինչպէս Պարոյր Սեւակն ու Մինաս Աւետիսեանը»:

Իսկապէս ինքնամոռաց կերպով Սոնա Տիգրանեանը մխրճուել է Մուշեղ Գալշոյեանի համապարփակ գրականութեան մէջ ու նրան նուիրուած սոյն մենագրութիւնը հասցրել դասական աստիճանի: Նրա մանրակրկիտ, ճշմարիտ բնութագրումները գրողի այս կամ այն պատմուածքի, վէպի վերաբերեալ` ուղղակի հիացմունքի են արժանի: Խորհուրդս է մէկ անգամ եւս կարդալ Մուշեղ Գալշոյեանի գործերը, մանաւանդ` «Ձորի Միրոն» վիպակը, «Մարութա սարի ամպերը» պատմուածա­շա­րը, եւ, իհարկէ` «Բովտուն» վէպը: Դիտել է պէտք «Ձորի Միրոն» ֆիլմը` աննման դերասան Սօս Սարգսեանի խաղարկութեամբ:

2004 թուականին Վարդգէս Պետրոսեանի եղերական մահուան 10-րդ տարելիցի առթիւ Սոնա Պետրոսեանը հրապարակ հանեց «Վարդգէս Պետրոսեան, յետմահու անմահութիւն» 240 էջանոց մի հաւաքածու, որի մէջ են ներառնուած Վարդգէս Պետրոսեանի ողբերգական մահուան հետ կապուած մեծաքանակ ցաւակցական նամակներ ինչպէս Հայաստանի, այնպէս էլ Սփիւռքի գրող-մտաւորականներից ու պարբերական մամուլից:

Այս գրքում բազմաթիւ են պաշտօնական, կառավարական, անձնական նամակները, ինչպէս նաեւ Սոնա Պետրոսեանի խոհերն ու մտորումները`«Մարդ ապրում է այնքան, որքան նրան յիշում են», «Թող ոչ մի զոհ չպահանջուի ինձնից բացի», «Յարգանքի եւ անարգանքի խաչմերուկ», «Հաւասարում բազմաթիւ անյայտնե­րով», «Վարդգէսին փնտռէք ապրողների մէջ» վերնագրերով եւ մի քանի այլ ակ­նարկ­ներ ու փշուր խոհեր:

Սոնա Տիգրանեանի սրտմօտ, յուզիչ գրութիւնները կարդալիս աչքիդ առջեւ է գալիս անկախութեան առաջին 4-5 տարիների ընթացքում մութ ուժերի կողմից իրականացուած քստմնելի արարքների շարանը, աւելի քան քսան անմեղ մարդկանց դարանակալ սպանութիւնները, թալանն ու կողոպուտը, ժողովրդի ունեցուածքի յափշտակումն ու մարդկանց փախէ-փախ լինելը հայրենի տնից, հայենիքից:

   Վերջին 3-4 տարիների ընթացքին գրական ժանրի առումով Սոնա Տիգրանեանի հետաքրքրութիւնների շրջանակը հիմնականում կենտրոնացաւ մանկական գրականու­թեան վրայ: Այդ հետաքրքրութիւնը նրա եւ ամուսնու` Վարդգէս Պետրոսեանի  մօտ միշտ է եղել: Եւ այստեղ, Լոս Անճելըսում, հանգիստ պայմաններում բոցավառ­ուեց այդ կրակը Սոնայի հոգում, որին, անկասկած նպաստեց սեփական մանկապարտէզ ունենալու պարագան: Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում էլ մեր առօրեայում զգալի է եղել մանկական գրականութեան պակասը:

2015 թուականին «Վարդգէս Պետրոսեան մշակութային ֆոնդի» հրատարակութեամբ, բոլորիս ծանօթ Սարգիս Թoփալեանի «Երեւան» տպարանում շքեղ, գունաւոր տպագրութեամբ, աւելի քան բարձրորակ թղթի վրայ տպագրուեց Սոնա Տիգրանեանից երեք գիրք. յաջորդաբար` «Ծաղկած այբուբեն», «Անմոռուկ», «Երկիր» անուա­նում­ներով: Ըստ որում առաջին երկուսը դասական ուղղագրութեամբ եւ արեւմտահայերէն լեզուով: Միանգամայն ողջունելի եւ գնահատանքի արժանի քայլ:

Մեր այբուբենի իւրաքանչիւր տառի համար հրատարակիչներն օգտագործել են Սիրուն Երիցեանի փառահեղօրէն նկարազարդուած տառերը։ Ափսոս, որ նրա անունը չի նշուած միւս անունների կողքին: Մեր այբուբենի 36 տառի համար Սոնա Տիգրանեանը հիանալի, ականջ շոյող, մէկը միւսից գեղեցիկ քառեակներ  ու բանաստեղծու­թիւն­ներ է յօրինել, ըստ որում, շատ դէպքերում էլ մէկ տառի համար յօրինել է երկու-երեք բանաստեղծութիւն:

Հիանալի գոյներով նկարազարդուած բանաստեղծութիւններով եւ փոքրիկ պատմուածքներով է ամբողջացած Սոնա Տիգրանեանի յաջորդ` «Անմոռուկ» փոքրածա­ւալ գիրքը:

Միանգամայն լուրջ բանաստեղծութիւններ կան Սոնա Տիգրանեանի նոյն` 2015 թուականին հրապարակ ելած, հիանալի գոյներով նկարազարդուած հայրենասիրական բանաստեղծութիւններով եւ փոքրիկ պատմուածքներով առլի «Երկիր» գրքում:

Այս գրքում արդէն իսկական բանաստեղծն է խօսում: Հիանալի պատկերներ, խոհուն մտքեր, յորդոր, թելադրանք ուղղուած հայ մարդուն, բանաստեղծելու գիւտ, նոր խօսք.

Տեսիլք չես դու, ոչ էլ երազ,

Չքնաղ Երկիր Նայիրի,

Գալիք ես դու, ոչ թէ անհաս

Յոյսն ու լոյսն ես ապագայի:

Գալիք ես դու, կը փողփողաս

Ալիքներում Սեւանի,

ԱՆԴՐԱԴԱՐՁԴ ՊԻՏԻ ԽԱՅՏԱՅ

ԾՈՎԱԿԻ ՄԷՋ ԻՄ ՎԱՆԻ:

Ինչո՞վ գիւտ չէ Սոնա Տիգրանեանի «Երկիր Նայիրի» բանաստեղծութեան վերջին երկու տողը: Մասիսապաշտ Շիրազն արդեօք ի՞նչ կ՚ասէր Սոնա Տիգրանեանի հետեւեալ քառեակի համար.

Կանգնած են միշտ իրար կողքի,

Նշխար անարատ,

Ուս-ուսի Սիս ու Մասիս,

Իսկ միասին` Արարատ:

 

Սոնա Տիգրանեանի յաջորդ երկու գրքերը վերահրատարակութիւններ են («Պատ­կերա­­զարդ այբբենարան», «Գիրք-Տետր»)` տպագրուած 2016 եւ 2017 թուականներին, որոնք ծառայում են նախադպրոցական երեխաների հայեցի դաստիարակութեանը:

Մենք այստեղ համարեա չխօսեցինք գրող-բանաստեղծ Սոնա Տիգրանեանի հայաստանեան գրականագիտական, հասարակական գործունէութեան մասին: Մեր նպատակն էր ձեռքի տակ եղած նրա հեղինակած գրքերի միջոցով ընթերցողին ներկայացնել Սոնա Տիգրանեանին որպէս շնորհալի գրող-բանաստեղծի: Թէ որքանով դա մեզ յաջողուեց` կ՚ասի ընթերցողը:

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին