Շաբաթ, 14. 12. 2024

spot_img

Հատուածներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ելոյթէն Պաշտօնավարման 100-րդ օրուան նուիրուած հանրահաւաքին

«ՆՈՐ ՕՐ», ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ – Ստորեւ, հատուածներ Օգոստոս 17-ին, Երեւանի Հանրապետութեան հրապարակը տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի աւելի քան մէկ ժամեայ ելոյթէն, անոր պաշտօնավարման 100-րդ օրուան առիթով։

 

Սիրելի՛ ժողովուրդ,

Այսօր բացառիկ օր է և բացառիկ իրադարձութիւն: Այսպիսի բան Հայաստանի Հանրապետութեան կեանքում առաջին անգամ է տեղի ունենում: Այսօր այս հրապարակում են գտնւում ՀՀ հարիւր հազարաւոր քաղաքացիներ, այսօր այս հրապարակում են գտնւում ոստիկանութեան, ազգային անվտանգութեան ծառայութեան 100-աւոր աշխատակիցներ, այսօր այս հրապարակում են գտնւում Արցախի Հանրապետութիւնից ժամանած հազարաւոր մեր հայրենակիցներ, այսօր այստեղ են գտնւում Ռուսաստանի հայութեան ներկայացուցիչներ, Ամերիկայի հայութեան ներկայացուցիչներ, Եւրոպայի հայութեան ներկայացուցիչներ, Իրանի հայութեան ներկայացուցիչներ, Սփիւռքի բազմաթիւ համայնքներից, Լիբանանի հայութեան ներկայացուցիչներ: Եւ այսօր սահմանին մեր խաղաղութիւնը պահպանում և պաշտպանում են Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերի փառապանծ գեներալներ, սպաներ և զինուորներ, և նրանք հոգով և մտքով այստեղ են: Եւ այսօր այս ամէնը, շեշտում եմ, այստեղ են հայրենակիցներ Սիւնիքի մարզից, Վայոց Ձորի մարզից, Արարատի մարզից, Արմաւիրի մարզից, Արագածոտնի մարզից, Շիրակի մարզից, Լոռու մարզից, Տաւուշի մարզից, Գեղարքունիքի մարզից, Կոտայքի մարզից, մայրաքաղաք Երևանի բոլոր վարչական շրջաններից, բոլոր թաղերից, բոլոր փողոցներից: Եւ այսօր հայ ժողովուրդը միասնական է, քան երբևէ, և այսօր հայ ժողովրդի միասնութեան և միասնական յաղթանակի օրն է: Եւ քանի որ այսօր միասնութեան օր է, ես խնդրում եմ իջեցրէք բոլոր այն պաստառները, որ ուղղուած են ընդդէմ ոևէ մէկի, որովհետև այս հանրահաւաքը չի կարող լինել ընդդէմ ոևէ մէկի: Սա հայ ժողովրդի յաղթանակի հանրահաւաքն է, սա հայ ժողովրդի միասնութեան հանրահաւաքն է: 

 

ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ
Հայաստանի Հանրապետութեան հպարտ քաղաքացիներ, 

Ուղիղ 100 օր առաջ ձեր հզօր և միասնական կամքը յաղթանակեց: 100 օր առաջ և ձեր կամքով, ձեր որոշմամբ ես ընտրուեցի Հայաստանի Հանրապետութեան վարչապետ: Ես եկայ և ասացի ձեզ, որ դուք յաղթեցիք, և ձեր յաղթանակը այն չէ, որ ես ընտրուել եմ ՀՀ վարչապետ: Յաղթանակն այն է, որ դուք էք որոշել, թէ ով լինի ՀՀ վարչապետ, և սրանից յետոյ ընդմիշտ դուք և միայն դուք էք որոշելու, թէ ով լինի ՀՀ վարչապետ: 100 օր առաջ ձեր կամքը յաղթեց, և միջազգային հանրութիւնը մինչև օրս էլ չի հասկանում, թէ ինչ է տեղի ունեցել Հայաստանում, ինչպէս և ինչու: Աշխարհի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել, որ Հայաստանի Հանրապետութիւնում կարող է տեղի ունենալ այսպիսի ժողովրդական զարթօնք: Բոլորը ելնում էին այն կանխավարկածից, թէ Հայաստանը վերջնականապէս յանձնուել է յուսահատութեան առաջ: Նաև այս պատճառով է տեղի ունեցածը բացառիկ: Համաշխարհային պատմութեան մէջ դեռ չի եղել նախադէպ, երբ խորհրդարանական ընտրութիւններից մէկ տարի անց երկրի վարչապետ ընտրուի մէկը, ով խորհրդարանում ունի ընդամէնը մի քանի վստահելի ձայն, և այս ամէնն իրականութիւն դառնայ առանց մի կրակոցի, առանց մի բռնութեան, առանց մի զոհի: Եւ հիմա աշխարհի վերլուծաբանները ջանք չեն խնայում՝ գտնելու համար, թէ որն է այն գործօնը, այն հզօր ուժը, որ հնարաւոր դարձրեց իրադարձութիւնների նման զարգացումը: Ոմանք այդ գործօնները փնտռում են արևմուտքում, ոմանք այդ գործօնները փնտռում են հիւսիսում, բայց հիմա այս ամբիոնից ուզում եմ ի լուր աշխարհի ասել, որ բացառիկ և հզօր այն ուժը, որը հնարաւոր դարձրեց այդ աննախադէպ իրադարձութիւնը, հայ ժողովուրդն է, ՀՀ հպարտ և արժանապատիւ քաղաքացին, Սփիւռքի հայութիւնը, աշխարհում ապրող իւրաքանչիւր հայ, ով հնարաւոր դարձրեց աննախադէպ այդ իրադարձութիւնը: Այս ֆոնին, սակայն, ուզում եմ նշել, որ մեր ոչ բռնի, թաւշեայ ժողովրդական յեղափոխութիւնը բացառիկ է ոչ միայն իր ձևով, այլ նաև իր բովանդակութեամբ, որովհետև ոմանք գուցէ չեն նկատել, որ Հայաստանի Հանրապետութեան վարչապետը ոչ թէ խորհրդարանական ուժերի բաշխուածութեան կամ որևէ խորհրդարանական ուժի ներկայացուցիչ է կամ որևէ խորհրդարանական կոմբինացիայի ներկայացուցիչ, այլ ՀՀ վարչապետը Հայաստանի ժողովրդի, հայ ժողովրդի ուղիղ և անմիջական կամքի ներկայացուցիչն է: Եւ սա է պատճառը, որ մենք տեղի ունեցածն անուանում ենք յեղափոխութիւն, որովհետև Հայաստանի Հանրապետութիւնում տեղի է ունեցել կառավարման ձևի դը ֆակտօ փոփոխութիւն, և ՀՀ-ում հիմա հաստատուել է մի իրաւակարգ, մի կառավարման համակարգ, որը պատմագիտութեան մէջ ընդունուած է անուանել ուղիղ ժողովրդական կառավարում, ուղիղ ժողովրդաիշխանութիւն: Եւ այս քաղաքական իրավիճակի չհասկացուածութեան պատճառն է, որ Հայաստանի ներքաղաքական կեանքում դեռևս ոմանք խօսելիս օգտագործում են կոալիցիա, կոալիցիոն իշխանութիւն, խորհրդարանական մեծամասնութիւն հասկացութիւնները: Հայաստանի Հանրապետութիւնում չկայ կոալիցիա, ՀՀ-ում չկայ կոալիցիոն իշխանութիւն, ՀՀ-ում չկայ խորհրդարանական մեծամասնութիւն: ՀՀ-ում կայ ժողովուրդ, ՀՀ-ում բարձրագոյն իշխանութիւնը պատկանում է ուղիղ ժողովրդին, և ժողովուրդն իրականացնում է ուղիղ կառավարում: Հենց սրանում է Հայաստանում տեղի ունեցած յեղափոխութեան առանցքային իմաստը: 

Եւ հիմա ուզում եմ ասել, թէ դա ինչ է նշանակում. գործնականում դա նշանակում է, որ յեղափոխական այս հրապարակը, յեղափոխական Հանրապետութեան հրապարակը հռչակւում է որպէս ժողովրդական իշխանութեան բարձրագոյն մարմին: Սա նշանակում է, որ կառավարութիւնն ինչպէս ձևաւորուել է այս հրապարակում, կառավարութիւնը սրանից յետոյ հաշուետու է այս հրապարակին, և սրանից յետոյ կառավարութիւնը ենթարկւում է այս հրապարակին: Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական կեանքի, տնտեսական կեանքի կարևորագոյն որոշումները կայացնելիս պիտի ժողովրդով հաւաքուենք այս հրապարակում և կառավարութեանը լիազօրենք իրականացնել այս կամ այն գործողութիւնը կամ կառավարութեանն արգելենք իրականացնել այս կամ այն գործողութիւնը:

***

Մեր յեղափոխութիւնը բացառիկ է նաև այն պատճառով, որ մեր յեղափոխութեանը չհետևեց տնտեսական անկում: Ընդհակառակը, յեղափոխութիւնից յետոյ արձանագրւում են տնտեսական աշխուժութեան բաւական բարձր ցուցանիշներ:

Իմ վարչապետ ընտրուելուց յետոյ, ամենակարևոր արդիւնքը՝ Հայաստանի Հանրապետութիւն աւելի շատ գալիս են, քան ՀՀ-ից հեռանում են, ինչը կարելի է համարել արտագաղթի կանխման առաջին և շատ կարևոր փուլ:

 

ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Մեր կառավարութեան 100 օրուայ ամենայիշարժան ձեռքբերումներից մէկը պայքարն է կաշառակերութեան դէմ: Մենք ձեզ խոստացել էինք, որ հերթով բացայայտելու ենք Հայաստանի Հանրապետութեան բոլոր թալանչիներին, և մենք հերթով բացայայտում ենք Հայաստանի Հանրապետութեան բոլոր թալանչիներին: Բայց ես ուզում եմ ասել, որ կաշառակերութեան դէմ պայքարում մեր կարևորագոյն խնդիրը ոչ թէ բանտերը լցնելն է, այլ ձեզնից գողացուած գումարները լումայ առ լումայ ժողովրդին և պետութեանը վերադարձնելը: Իհարկէ, այսօր արդէն տասնեակ միլիոն գողացուած տոլարներ վերադարձուել են պետութեանը և վերադարձւում են պետութեանը: Բայց այսօր մենք ունենք իրավիճակ, երբ իրաւապահ մարմիններն աշխատում են խստագոյն ծանրաբեռնուածութեամբ, և, բացի այդ, տեղի են ունեցել իրադարձութիւններ, որոնք հարց են առաջացնում, թէ արդեօք մեր գործող դատական համակարգը ոչ միայն ֆիզիքապէս, այլև բարոյապէս ի վիճակի է իրականացնել կաշառակերութեան դեմ պայքար: Այսօր աւելի ու աւելի բարձր են հնչում տեսակէտներ, որ մեր հանրապետութեան դատաւորների մի զգալի մասը երկար տարիներ սպասարկել է կաշառակերութեան համակարգին:

***

Կայ նաև մի ուրիշ խնդիր, ուզում եմ ձեզ կոնկրէտ մի օրինակ բերել. ՀՀ բարձրաստիճան պաշտօնեաներից մէկի հարազատ եղբօր անունը չեմ ուզում ասել, սակայն այստեղ ոչ հեռու գտնուող մի բանկում՝ միայն մէկ հաշուեհամարում, յայտնաբերուել է 30 մլն. դոլար: Երէկ մէկը կար, չէ՞, որ ասում էր՝ բա չե՞ն հարցնելու՝ այդ ուր է չգիտեմ ում 10 տոկոսները: Հարցնելու ենք, մենք ենք հարցնելու և մենք էլ պատասխանելու ենք, իսկ դուք լինելու էք պատասխան տուողը, չկասկածէք: Ժողովրդից գողացուածը կոպեկ առ կոպեկ վերադարձուելու է մինչև վերջ, բայց ես ուրիշ բան էի ասում: Այդ հաշուեհամարում, որտեղ կայ 30 մլն. դոլարը, Հայաստանի այսօրուայ ֆորմալ օրէնքների տեսակէտից չափազանց դժուար է դրա հետ կապուած քննութիւն կազմակերպել, որովհետև այդ մարդը ֆորմալ առումով երկար տարիներ պետական պաշտօնեայ չի եղել, հետևաբար, յայտարարագիր չի ներկայացրել և ֆորմալ առումով այստեղ կան դժուարութիւններ՝ այդ գումարը հետաքննելու և օրէնքով սահմանուած կարգով առգրաւուելու համար:

 

ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ

Ասում եմ՝ պէտք է շուտ-շուտ երթ-հանրահաւաքներ անել, մանաւանդ, որ տեսնում էք՝ մարդիկ կան, որոնք ակնյայտօրէն ուզում են դա և կը ստանան: Պատկերացնո՞ւմ էք՝ փողեր են ծախսում, լրատուամիջոցներ են ձեռք բերում, ֆէյքեր են վարձում, վարձու փրոֆիլներ են վարձում, որ յայտարարեն, թէ Փաշինեանը եկել է հողեր յանձնելու: Դուք պատկերացնում է՞ք. ես Ղարաբաղի հարցով դեռևս մի բառ չեմ բանակցել, նրանք ասում են, թէ եկել է հող յանձնելու: Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող յանձնելուց, ուրիշ բանի մասին չեն բանակցել, և ես դա հիմա գիտեմ փաստաթղթաւորուած, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցէսին, թէ ով ինչ է խօսել՝ այ երկիր թալանածներ, այ բանակ թալանածներ, այ զինուորին թալանածներ, այ սերմացու գողացող մկներ…:

Ուզում եմ ասել հետևեալը. ես ասել եմ, որ պատրաստ եմ լիարժէք Ղարաբաղի հարցով բանակցել Հայաստանի Հանրապետութեան անունից, բայց Արցախի Հանրապետութեան անունից պէտք է բանակցի Արցախի Հանրապետութեան իշխանութիւնը: Բայց ուզում եմ ասել, հաստատեք իմ ասածը, որ մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարուած տալու Ատրպէյճանի ցանկացած սադրանքի: Բայց մենք նաև պատերազմ չենք ուզում: Մենք պատրաստ ենք իսկապէս խաղաղ բանակցութիւնների, մենք պատրաստ ենք հասնել խաղաղ կարգաւորման, բայց նա, ով փորձում է ինձ վրայ որևէ կասկած գցել, էլի եմ ասում, նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարութիւնը չէ:

 

ՀԱՅ-ՌՈՒՍ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ

…Ամբողջ խնդիրն այն է, որ ինչպէս Արևմուտքի, այնպէս էլ Ռուսաստանի մեր գործընկերները դեռ նոր իրավիճակն ամբողջութեամբ չեն գնահատել: Եւ այսօր խօսել հայ-ռուսական յարաբերութիւնների վատ լինելու մասին ուղղակի ծիծաղելի է: Ես այս ընթացքում երկու անգամ հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլատիմիր Փութինի հետ և երեք անգամ ունեցել եմ հեռախօսազրոյց: Եւ կարող եմ միանշանակ ասել, որ հայ-ռուսական յարաբերութիւնները ոչ միայն վատ չեն, այլև, ի հեճուկս հանրապետականների և նրանց սատելիտների, հայ-ռուսական յարաբերութիւնները լաւ են և գնալով աւելի ու աւելի լաւանալու են: Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռևերանսներ չեն լինելու, և մեր քաղաքականութիւնը, մեր նպատակներից մէկը հայ-ռուսական բարեկամութիւնը խորացնելն է և հայ-ռուսական յարաբերութիւնները նոր մակարդակի բարձրացնելը:

***

Բայց ես ուզում եմ մի բան ասել, որ կ՚ուզենայի լսել նաև Ռուսաստանում գործող այն փորձագէտներին, ովքեր անընդհատ ահազանգում են, որ Հայաստանը գնում է Արևմուտք, Հայաստանը գնում է Արևելք, Հայաստանը չգիտեմ ուր է գնում: Հայաստանի Հանրապետութիւնը ոչ մի տեղ չի գնում: Հայաստանի Հանրապետութիւնն ամուր կանգնած է իր ոտքերի վրայ, ուղիղ ողնաշարով, հպարտ քաղաքացիներով և արժանապատիւ կեցուածքով: Եւ հայ-ռուսական ռազմավարական բարեկամութիւնը խորանալու է և զարգանալու: 

 

ԿԱՊԸ ԵՒՐՈՄԻՈՒԹԵԱՆ ՀԵՏ

Մենք զարգացնելու ենք նաև մեր յարաբերութիւնները Եւրոմիութեան հետ: Բա ինչո՞ւ չեն ասում, որ Եւրոմիութիւն-Հայաստան յարաբերութիւնները վատ են: Բրիւսէլ կատարած իմ այցի ընթացքում այնտեղ նոյնպէս մենք որոշակի հարցեր ենք բարձրացրել: Մենք Միացեալ Նահանգների հետ մեր յարաբերութիւններում ենք մեր երկրի շահերը պաշտպանում, Իրանի հետ էլ: Մեր արտաքին քաղաքականութեան կարևորագոյն էութիւնը մեր ազգային շահերի պաշտպանութիւնն է, և մենք հետևողականօրէն գնում ենք այդ ճանապարհով, որովհետև դուք էք լիազօրել մեզ այդպէս վարուել:

Նախորդ տարիներին Հայաստանում տեղի է ունեցել մի այսպիսի բան: Օրինակ, իշխանութիւններն իրենց կեցուածքով այնպէս են արել, որ Հայաստանում տեղի ունեցած բազմաթիւ նուազ երևոյթներ այդ իշխանութիւնների նաև պասերով կապուել են Ռուսաստանի հետ: Ինչո՞ւ է այդպէս եղել, որովհետև ուզեցել են կոռումպացուած իշխանութիւններն իրենց գործողութիւնների պատասխանատուութիւնը դուրս քցել, իբր այդ իրենք չեն մեղաւոր, դրսում ինչ-որ ուժեր կան, որ իրենց թոյլ չեն տալիս կոռումպացուած չլինել:

***

…Իսկ այս փուլում, այնուամենայնիւ, մեր ամենակարևոր անելիքը նոր ներդրումների ներգրաւումն է: Ես յոյս ունեմ և կոչ եմ անում աշխարհի հայութեան ներկայացուցիչներին, բոլոր ներդրողներին՝ գալ Հայաստան և կատարել լրջագոյն ներդրումներ, որովհետև Հայաստանի Հանրապետութիւնում հաստատուած է օրէնքի գերակայութիւն, Հայաստանի Հանրապետութիւնում հաստատուած է օրէնքի իշխանութիւն:

Ինչ վերաբերում է գործարարներին. մենք նրանց ասում ենք, որ նրանք ազատուած են ցանկացած կաշառակերութեան պարտաւորութիւնից: Եւ եթէ նոյնիսկ նրանք նախկինում հարկեր չեն վճարել, մենք անպայման արձանագրելու ենք և նրանց պարտաւորեցնելու ենք վճարել այդ հարկերը: Բայց ուզում եմ ասել, որ եթէ նոյնիսկ հարկեր չվճարելու առիթով քրէական գործեր են յարուցւում, այդ քրէական գործերը հէնց այսօր գործող օրէնքի ուժով կարճւում են այն ժամանակ, երբ այդ հարկերը վճարւում են: Եթէ կը լինեն դէպքեր, երբ նախկինում չվճարուած հարկեր պահանջելը շատ ծանր կը լինի որևէ առեւտուրի համար, այսինքն՝ կը սպառնայ նրա գոյութեանը, մենք այդ պարագայում կը գտնենք տարաժամկէտման հնարաւորութիւններ: Եւ ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում մեր կառավարման շրջանում ոչ մի բիզնէս չի փակուելու, ոչ մէկի ձեռքից ոչ մի բիզնէս չի խլուելու, ոչ մի գործարան և ունեցուածք չի խլուելու:

***

Հայաստանի Հանրապետութեան հպարտ, արժանապատիւ քաղաքացին յաղթել է, և այդ յաղթանակը ոևէ մէկը չի կարող նրա ձեռքից հետ վերցնել: Եւ խնդրում եմ, հաստատէք, որ այն փոփոխութիւնը, որ ոմանք իրենց աշխատասենեակներում կուչ եկած յոյս ունեն, թէ լինելու է, հաստատէք, ասէք նրանց, որ չի լինելու, որովհետև, այն, ինչ լինելու էր, արդէն եղել է: Սեպտեմբերին դուք դա հնարաւորութիւն էք ունենալու ապացուցել Երևանի աւագանու ընտրութիւններում՝ ընտրելով Երևանի նոր քաղաքապետ՝ ի դէմս Հայկ Մարութեանի: 

 

ՄԱՐՏ 1 ԵՒ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿ

…Մենք կարող ենք ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջ ծաւալով բացայայտուած է, չկայ տարբերակ, որ ոճրագործներից, ոճրագործների պարագլուխներից ոևէ մէկը խուսափի պատասխանատուութիւնից, չկայ այդպիսի տարբերակ: 

Ուզում եմ նաև անդրադառնալ ներքաղաքական վիճակին: Դուք գիտէք, որ մէկ տարուայ ընթացքում, այսինքն՝ մինչև յաջորդ Մայիս, պէտք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ: Տեսէք՝ ինչ է կատարւում. ըստ էութեան, Սահմանադրական հնարաւորութիւնը հետևեալն է այս պահին, որ ես՝ որպէս վարչապետ, պէտք է հրաժարական տամ, և խորհրդարանը պէտք է 2 անգամ անընդմէջ չընտրի նոր վարչապետ, որից յետոյ պէտք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ: Բայց հիմա նրանք սկսել են մտածել հետևեալը. ասում են՝ դէ թողնենք, հրաժարական տայ, յետոյ արագ, թաքուն ուրիշ վարչապետ կ՚ընտրենք, կ՚ասենք, օրինակ՝ չասեմ ում: Նախ ես ասեմ, որ այդ մարդիկ շարունակում են չհասկանալ, թէ ինչ է կատարւում Հայաստանի Հանրապետութիւնում, բայց քանի որ չեն հասկանում, թէ ինչ է կատարւում Հայաստանի Հանրապետութիւնում, մենք կ՚անենք հետևեալը. մենք կը նախաձեռնենք սահմանադրական փոփոխութիւններ, որի իմաստը կը լինի հետևեալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին