ԺՈՐԱ ՀԱՄԲԱՐՉԵԱՆ
«ՆՈՐ ՕՐ», Լոս Անճելըս – Խորհրդային Միութիւնը չդիմացաւ ժամանակի հողմահարութեանը։ Պարզուեց այդ հասարակարգի շինծու, ոչ-բնականոն իրավիճակը։ Այդ հասարակարգը որպէս ցենտրալիստական, դիկտատորական երևոյթ միլիոնաւոր հպատակներին եօթը տասնամեակների ընթացքում դարձրել էր հլու-հնազանդ ճորտեր, որոնք պարտադրուած էին կատարելու Քրեմլի հրահանգները, թելադրանքները։ Այդ հպատակների զգալի թիւը նմանակելով կենտրոնի տէրերին դառնում են դեսպոտիկներ, այն է գոռոզ, էգոիստ, շաղակրատ տարրեր, որոնք գիտեն հազար ու մի հնարքներով չարաշահել տեղացիների և սփիւռքահայութեան վստահութիւնը։
Ժամանակն է սփիւռքահայութիւնն սթափուի ու այլևս հոգեպէս և ֆինանսապէս չտուժի։ Իսկ Հայաստանի Հանրապետութեան գործակատարներին անհրաժեշտ է ներկայ յեղափոխութեան նպաստաւոր առիթով յեղաշրջուեն դուխով և այդպիսով հաւաստիացնեն 40 հազար քառակուսի քիլոմետրում ապրող հայութեանը, բարեկարգեն ներքին թշնամիներից կեղեքուած զանգուածների կենսամակարդակը և յետոյ հրաւիրեն սփիւռքի առաւել փորձառու մասնագէտներին ու գործարարներին և անկեղծօրէն համագործակցեն նրանց հետ։
Միայն այդ դէպքում հնարաւոր կը լինի Հայաստանի Հանրապետութեան վարկանիշը բարձրացնել միջազգային ասպարէզում և ստանալ մեծաքանակ նպաստներ ճոխացնելու համար քայքայուած երկիրը։