«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ներկայությամբ նիստ է անցկացրել, որի օրակարգի առաջին հարցը եղել է խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ ներկայացրած դիմումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով »Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական ծրագիրը, նկատի ունենալով նաև Գևորգ Պետրոսյանի մասին որոշ լրատվամիջոցներով շրջանառվող խոսակցություններն ու լուրերը՝ Գագիկ Ծառուկյանը նիստ է հրավիրել խմբակցության պատգամավորների կարծիքները լսելու համար: «Ես հանդիպել եմ Գևորգի հետ, նա ինձ դիմում է ուղարկել: Ես այսօր իրեն չեմ հրավիրել, որպեսզի դուք ձեր կարծիքներն ասեք առանց կաշկանդվելու: Ես չեմ ուզում իմ կարծիքն առաջինը հայտնել: Ես ձեզ հարցնում եմ, որևէ մեկդ կարո՞ղ է մտածել, որ Պետրոսյան Գևորգը կարող է ծախված լինել, պատվեր կատարել»,- հարցրել է Ծառուկյանը:
Գևորգ Պետրոսյանի մասին պատգամավորների կարծիքները լսելուց հետո իր կարծիքն է հայտնել նաև Գագիկ Ծառուկյանը: «Ես Պետրոսյանին վաղուց եմ ճանաչում, մարդը նվիրյալ է, պատրաստ է թիմի և ընկերոջ համար մինչև վերջ կանգնել»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:
Ծառուկյանը հայտարարել է, որ չի ընդունում Գևորգ Պետրոսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումը և պատռել է այն: Նիստի ընթացքում քննարկվել են նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների հետ կապված հարցեր:
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը իր դժգոհությունն էր արտահայտել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քաղաքապետի պաշտոնում ԲՀԿ-ի կողմից Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրելու որոշման կապակցությամբ: Նա նշել էր, որ ԲՀԿ-ում կան շատ ավելի արժանավոր ու ունակ կադրեր, ովքեր անհամեմատ ավելի պիտանի կլինեին Երևանն ի շահ երևանցու ղեկավարելու գործում: Ավելի ուշ նա «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր. «Որպեսզի թյուր տպավորություն չստեղծվի, թե ես կառչած եմ մանդատից կամ որ գործում եմ իմ քաղաքական ղեկավարի թիկունքում կամ նրա կամքին հակառակ, ներկայացնում եմ իմ հրաժարականին համաձայնություն տալու դիմումը»։