Ուրբաթ, 14. 06. 2024

spot_img

ԱՆ հորդորը Սևանա լճի որոշ` «ծաղկած» ափերում չլողալուն է վերաբերում. տարընկալում կա

 Սեւանա լճի որոշ հատվածներում լողալուց զերծ մնալու մասին առողջապահության նախարարության հորդորը չպետք է տարընկալումների պատճառ դառնա:

«Արմենպրեսի»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը` անդրադառնալով այս առիթով Գեղարքունիքի մարզի որոշ բնակիչների դժգոհությանը: «Ես կրկին հղում եմ կատարում նախարարության պաշտոնական պարզաբանմանը, որտեղ խոսք է գնում ոչ թե առհասարակ Սեւանա լճում չլողալու մասին, այլ հստակ ընդգծվում է` զերծ մնալ միայն կոնկրետ «ծաղկած» կամ առատ ջրիմուռներով վայրերից: Նախարարության այս հայտարարությունը որեւէ կերպ չի առնչվում Սեւանա լճի մաքուր ափերում լողալուն: Հանրային լողափերը, հանգստի գոտիները, որտեղ նման խնդիր չկա, կարող են լինել եւ մնում են մարդկանց հանգստի համար հարմար վայր: Այս մասին իր հարցազրույցում եւ տեսաուղերձում բազմիցս հայտարարել են նաեւ առողջապահության նախարարը եւ նախարարության մասնագետները»,-շեշտեց Լիանա Եղիազարյանը:

Նա հավելեց, որ Սեւանա լճին առնչվող բնապահպանական խնդիրների մասին բնապահպանները խոսում են վաղուց` ներկայացնելով իրենց փաստարկները: Առողջապահության նախարարությունն իր հերթին մեծապես կարեւորում է հանրային առողջությանն առնչվող խնդիրները:

Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին` քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց: 

Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց  ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած»  ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։ 

Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝  ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ,  մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։  

Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է`

  •  չլողալ կանաչ կամ «ծաղկած» ջրում, 
  •  արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում,
  •  վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին