Շաբաթ, 14. 12. 2024

spot_img

Մեր Ամենակարեւոր Նպատակը Ո՛չ Միայն Կանգնեցնելն Է Արտագաղթի Անիւը, Այլ Նաեւ Ետ Դարձնելը. Նիկոլ Փաշինեան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսի հետ ներկայ եղած է Հայ առաքելական եկեղեցւոյ համաշխարհային երիտասարդաց միութեան հաւաքի աւարտական ձեռնարկին, որուն մասնակցած է աշխարհի աւելի քան 20 պետութեան 400 սփիւռքահայ երիտասարդ: Այս մասին կը տեղեկացնեն ՀՀ կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերու վարչութենէն:

Դիմելով հաւաքի մասնակիցներուն՝ վարչապետը նշած է. «Սիրելիներս, եղբայրներ եւ քոյրեր, ինձ համար մեծ երջանկութիւն է ձեզ այստեղ տեսնելը՝ Հայաստանում, Երեւանում: Համոզուած եմ, որ Հայաստանում շատերն են այդ երջանկութիւնը զգում՝ ձեզ տեսնելով Երեւանի փողոցներում քայլելիս, զբօսնելիս: Ընդհանրապէս, մի անգամ ես գրառում եմ կատարել Ֆէյսպուքում, դա երեւի մէկ տարի առաջ էր՝ փորձելով նկարագրել, թէ ինչպիսին է ապագայ Հայաստանի մասին իմ պատկերացումը: Այն տեսարանը, որը ինչ որ ժամանակ առաջ, շատ հետաքրքրիր էր: Երկու մարդ Աբովեան փողոցի այս մայթից այն մայթը բարձրաձայն միմեանց հետ խօսում էին արեւմտահայերէն եւ պայմանաւորուում, թէ երեկոյեան որտեղ պէտք է հանդիպեն: Դա իսկապէս էպիկական տեսարան էր, երջանկացնող տեսարան էր, որովհետեւ երբ մենք ասում ենք, որ Հայաստանը պատկերացնում ենք որպէս մի պետութիւն, որը պէտք է հայութեան մարդկային ռեսուրսները կամ նրա մեծագոյն մասը կենտրոնացնի իր տարածքում եւ ապահովի այդ մարդկանց, մեր ժողովրդի մեծագոյն մասի անվտանգութիւնն ու բարեկեցութիւնը՝ դա մեզ համար պարզապէս գաղափարախօսական խնդիր չէ: Դա խնդիր է, որը մենք ուզում ենք լուծել: Մենք ուզում ենք, որ դուք այս երջանկութիւնն աւելի ու աւելի յաճախ պատճառէք Հայաստանի Հանրապետութեանը՝ ձեր հայրենիքին: Մենք ուզում ենք, որ դուք այստեղ լինէք ուխտագնացութեան առիթով, առանց ուխտագնացութեան առիթի, լինէք ձեր քոյրերի, եղբայրների, ծնողների, հարազատների հետ, լինէք աւելի երկար, լինէք աւելի յաճախ եւ այնքան երկար ու աւելի յաճախ, որ մենք մտածենք, որ ոչ թէ դուք եկել էք Հայաստան ինչ որ ժամանակով, այլ մտածենք, որ դուք ինչ որ ժամանակով պէտք է ետ գնաք Միացեալ Նահանգներ, Ռուսաստան, Եւրոպա, Աւստրալիա, Լիբանան, ամէնուր: Սա է մեր խնդիրը, սա է մեր նպատակը,  որովհետեւ Հայաստանի Հանրապետութիւնը մի երկիր է, որը բոլորիս հայրենիքն է, Հայաստանի Հանրապետութիւնը մի երկիր է, որտեղ մենք պէտք է ապրենք, որտեղ մենք պէտք է ստեղծագործենք, որտեղ մենք պէտք է ամուսնանանք, որտեղ մենք պէտք է երեխաներ ունենանք, որտեղ մենք պէտք է աղօթենք, որտեղ մենք պէտք է ուխտի գնանք եւ որտեղ պէտք է հրաւիրենք մեր միւս հայրենակիցներին ուխտի, հայրենիքում մնալու, հայրենիքը շէնացնելու, հայրենիքը հզօրացնելու ուխտն ամէնօրեայ գործ եւ ամէնօրեայ աշխատանք դարձնելու: Սա է մեր նպատակը եւ այս նպատակին մենք ծառայում ենք ամէն օր: Չկայ որեւէ այլ նպատակ, որին, իմ ընկալմամբ, իմաստ ունի ծառայել, քան այն նպատակը, որ Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է բառիս իրաւական, տնտեսական, քաղաքական, սոցիալական իմաստով բոլորիս համար լինի աշխարհում լաւագոյն տեղն ապրելու համար: Հայաստանի Հանրապետութիւնն աշխարհում պէտք է լինի բոլոր իմաստներով ապրելու լաւագոյն տեղը իւրաքանչիւր հայի համար: Մեր խնդիրը, մեր ամբիցիան այդքան մեծ է, այդքան ուժեղ է, այդքան համապարափակ, եւ կարծում եմ՝ որեւէ մէկը չի կասկածում, որ շատ շուտով հենց այդպէս էլ բոլորիս ուժերով, ուս-ուսի ենք տալու եւ հասնելու ենք այդ նպատակին: Շնորհակալ եմ, որ դուք այստեղ էք, շնորհակալ եմ, որ դուք համաձայն էք նուիրուել այդ նպատակին եւ էներգիա ներդնել այդ նպատակի մէջ»:

Ի պատասխան մասնակիցներէն մէկուն՝ կառավարութեան կարեւորագոյն նպատակներէն մէկուն մասին հարցին Նիկոլ Փաշինեան նշած է. «Մեր քաղաքական ուժի եւ մեր քաղաքական գործունէութեան ամենակարեւոր նպատակներից մէկն է մեծ հայրենադարձութեան յարուցումը: Մենք ուզում ենք այնպէս անել, որ մարդիկ ոչ միայն նրա համար որոշեն գալ ապրելու Հայաստանում, որ սա իրենց հայրենիքն է, իրենց նախնիների հողը, այլ ուղղակի նրա համար, որ Հայաստանի Հանրապետութիւնը մի երկիր է, որտեղ կայ օրինականութիւն, որտեղ կայ կարգ ու կանոն, որտեղ յարգուում են մարդու իրաւունքները, որտեղ կայ ժողովրդավարութիւն, որտեղ հնարաւոր է տնտեսական մրցակցութեան հաւասար պայմաններում գործունէութիւն ծաւալել, ներդրումներ անել, հարստանալ եւ հարստացնել, ունենալ ստեղծագործական հնարաւորութիւններ: Իսկ ինչի՞ համար ենք մենք սա անում, ի՞նչն է մեր նպատակը՝ մեր ամենամեծ նպատակը հետեւեալն է. ըստ էութեան, արդեն Բագրատունիների ժամանակներից Հայաստանից արտագաղթի անիւը պտտուել է, պտտուել է եւ պտտուել, մեր ամենակարեւոր նպատակն է արտագաղթի այդ անիւը ոչ միայն կանգնեցնելը, այլեւ այդ անիւը հետ պտտելը, որ ինչպէս մարդիկ դարերով արտագաղթել են, այդպէս էլ վերադառնան Հայաստան, վերադառնան, վերադառնան եւ շարունակեն վերադառնալ: Սա է մեր ամենակարեւոր նպատակը»:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին