Երեքշաբթի, 10. 12. 2024

spot_img

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունեց Անտիոքի Ուղղափառ Եկեղեցու` Զահլէի Միտրոպոլիտին

 

Յունիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիւրընկալեց Անտիոքի Յոյն Ուղղափառ Եկեղեցու` Զահլէի եւ Պաալպեքի միտրոպոլիտ Անթոնիոս Էլ Սոուրիին` ուղեկցութեամբ բարերար Նիքոլայ Ապու ֆայսալի:

Նորին Սրբութիւնը, ողջունելով Լիբանանից ժամանած հիւրերին, կարեւոր նկատեց այն, որ երկու ժողովուրդների ու Եկեղեցիների յարաբերութիւնները յատկանշուած են եղբայրական ջերմութեամբ, իսկ նմանօրինակ այցերը նոր ազդակ են հանդիսանում գործակցութեան առաւել զօրացման եւ ամրապնդման առումով:

Հայոց Հովուապետը, իր եղբայրական ողջոյններն ու բարեմաղթանքները փոխանցելով Անտիոքի Յոյն Ուղղափառ Եկեղեցու պետ Նորին Սրբութիւն Յովհաննէս Ժ. Պատրիարքին, յաւելեց, որ այս հանդիպումներն առիթ են ընծայում միմեանց առաւել ճանաչելու համար: Գարեգին Բ. Կաթողիկոսը մասնաւորապէս անդրադարձ կատարեց Լիբանանի հայ համայնքի աշխոյժ ազգային-հոգեւոր կեանքին: 

Ապա Զահլէի միտրոպոլիտն անդրադարձաւ երկու Եկեղեցիների միջեկեղեցական սերտ յարաբերութիւններին, որոնք պատմական, աւանդական խոր արմատներ ունեն, ինչպէս նաեւ հայ համայնքի հետ իր ջերմ կապերին: Նա տեղեկացրեց, որ իր` թուով երրորդ այցն է դէպի Հայաստան եւ ամէն անգամ ինքը տեսնում է հայորդիների ամուր եւ ծաղկուն հաւատքը: Միտրոպոլիտ Անթոնիոս Էլ Սոուրին նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկութիւններ փոխանցեց իր հոգեւոր խնամատարութեան ներքոյ գտնուող համայնքների մասին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վերստին իր օրհնութիւնը փոխանցելով ներկաներին, աղօթեց Լիբանանի ժողովրդի խաղաղ եւ առաջընթաց կեանքի համար:

Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանն ու Մայր Աթոռի միջեկեղեցական յարաբերութիւնների պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին