Սոյն թուականի Յունիսի 12-ին տեղի ունեցաւ Միաբանական արտահերթ ժողով, որին մասնակցում էին նաեւ Մայր Աթոռում պաշտօնավարող քահանայ հայրերը: Ժողովը հանդէս եկաւ հետեւեալ յայտարարութեամբ.
«Խոր ցաւով եւ վրդովմունքով անդրադարձանք Յունիսի 10-ին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցում Սուրբ Պատարագի ժամանակ բողոքի ակցիա կազմակերպած եկեղեցական ու աշխարհական անձանց անթոյլատրելի գործողութիւններին: Յայտնի գործող անձանց կողմից ոտնձգութիւն կատարուեց Եկեղեցու սրբութեան նկատմամբ, որն ուղեկցուում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ եկեղեցականների հասցէին ուղղուած վարկաբեկիչ արտայայտութիւններով: Նրանց կողմից փորձ արուեց խոչընդոտել Սուրբ Պատարագի թափօրի ընթացքը եւ խաթարել եկեղեցում աղօթական մթնոլորտը: Այս քայլն ուղղուած է Մայր Եկեղեցու դէմ՝ վիրաւորելով նրա բազմաթիւ հաւատացեալների հոգեւոր զգացումները: Փառք Աստծոյ, եկեղեցականների եւ հաւատացեալների միջամտութեամբ հնարաւոր եղաւ խուսափել ընդհարումից:
Խստօրէն դատապարտում ենք կատարուածը եւ արձանագրում, որ Սուրբ Աւետարանի ոգուն եւ պատգամին հակառակ այդ բոլոր նախաձեռնութիւնները խրախուսում եւ ուղղորդում են Տ. Կորիւն աբեղայ Առաքելեանը եւ մի քանի եկեղեցականներ:
Դժբախտաբար մինչ օրս Հայր Կորիւնը եւ իր կողմնակիցներն անտեսում են ինչպէս մեր՝ միաբաններիս, այնպէս էլ եպիսկոպոսաց դասի, թեմակալ առաջնորդների, հոգեւոր հովիւների եւ մտահոգ հաւատացեալների ջանքերն ու յորդորները:
Միաբանական ժողովը քննարկումների արդիւնքում որոշեց նաեւ դիմել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Կորիւն աբեղայ Առաքելեանի հակականոնական եւ հակաեկեղեցական ընթացքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական յանձնախմբում քննութեան առնելու համար»:






