Երկուշաբթի, 22. 07. 2024

spot_img

Հաղորդագրութիւն – Նոր Հրատարակութիւն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լոյս է ընծայել 2 առանձին հատորներից բաղկացած «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը առաջին աշխարհամարտի եւ Հայաստանի առաջին Հանրապետութեան տարիներին (1914-1920թթ.)» խորագիրը կրող նիւթերի ժողովածուն:

Սոյն հրատարակութիւնները նուիրուած են Մայիսեան հերոսամարտերի եւ Հայաստանի առաջին Հանրապետութեան հռչակման 100-ամեակին:

Առաջին հատորում ներկայացուած են 393 փաստաթղթեր, որոնք ներկայացնում են 1914 թուականից՝ Առաջին աշխարհամարտի սկզբից մինչեւ 1917 թուականի Փետրուարն ընկած ժամանակաշրջանի իրադարձութիւնները: Հրատարակուող փաստաթղթերը պահպանուում են Հայաստանի ազգային արխիւում:  Փաստաթղթերն ընտրուած են հիմնականում Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիւանի, Ս. Էջմիածնի լուսաւորչական հայոց սինոտի, Կովկասի հայոց բարեգործական ընկերութեան, Երեւանի հայոց հոգեւոր թեմական կառավարութեանը կից «Եղբայրական օգնութեան» կոմիտէի, Ս. Էջմիածնի եղբայրական օգնութեան կարգադիր յանձնաժողովի ֆոնտերից:

Երկրորդ հատորում ընդգրկուած են 456 փաստաթղթեր, որոնք ներկայացնում են 1917 թուականի մարտից մինչեւ 1920 թուականի վերջն ընկած ժամանակաշրջանի իրադարձութիւնները:

Հրատարակուած փաստաթղթերը ներկայացնում են այս ժամանակահատուածում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Գէորգ Է. Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ առանձին հոգեւորականների դերն ու գործունէութիւնը եւ Մայր Աթոռի ու Հայաստանի կառավարութեան փոխյարաբերութիւնները:

Գրեթէ բոլոր փաստաթղթերը, որոշ բացառութիւններով, հրատարակուում են առաջին անգամ, բնագրի լեզուով՝ մասնակի ուղղագրական ու կէտադրական շտկումներով:

Երկու հատորներն էլ հրատարակուել են մեկենասութեամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Փառեն արքեպիսկոպոս Աւետիքեանի՝ ի յիշատակ եղբօր` Աստուածատուր Աւետիքեանի:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին