Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կիպրոսի Հանրապետութեան Ներկայացուցիչների պալատի նախագահ Դէմետրիս Սիլուրիսին:
Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ հաստատեց, որ նման այցերը կարեւոր խթան են երկու բարեկամ երկրների կապերի եւ գործակցութեան առաւել զօրացման համար:
Նորին Սրբութիւնն ուրախութեամբ փաստեց, որ երկու ժողովուրդների եղբայրական յարաբերութիւնները գալիս են դարերի խորքից, ինչն այսօր շարունակում է իր մասնաւոր դրսեւորումը գտնել Կիպրոսի իշխանութիւնների կողմից հայ համայնքի նկատմամբ ցուցաբերուած գնահատարժան վերաբերմունքով, ինչպէս նաեւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման փաստով:
Իր հերթին պրն. Դէմետրիս Սիլուրիսը ընդգծեց, որ երկու ժողովուրդներն ունեն շատ ընդհանրութիւններ եւ պատմութեան ընթացքում մշտապէս պայքարել են իրենց նկատմամբ արդարութեան վերականգնման համար:
Ներկայացուցիչների պալատի նախագահը Վեհափառ Հայրապետին փոխանցեց նաեւ Կիպրոսի նախագահի եւ արքեպիսկոպոսի ողջոյններն ու բարեմաղթանքները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, նոյնպէս իր եղբայրական սէրն ու բարեմաղթանքները փոխանցելով նրանց հոգեւոր առաջնորդին, գոհունակութեամբ արձանագրեց երկու եկեղեցիների միջեւ առկայ բարեկամական ջերմ յարաբերութիւնները:
Վերջում անդրադարձ կատարուեց երկու երկրների առջեւ ծառացած արդի մարտահրաւէրներին եւ դրանց յանգուցալուծմանն ուղղուած ջանքերին: