Հինգշաբթի, 25. 07. 2024

spot_img

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հանդիպեց Արեւելեան Ուղղափառ-Կաթոլիկ Երկխօսութեան Յանձնախմբի Անդամների Հետ

Փետրուարի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց յունուարի 30-ից փետրուարի 4-ը Մայր Աթոռում իր հերթական` 15-րդ հանդիպումն անցկացնող Արեւելեան Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ աստուածաբանական երկխօսութեան միացեալ յանձնախմբի անդամներին:

Տարբեր երկրներից ժամանած շուրջ 30 մասնակիցներն այս օրերին քննարկում են եկեղեցաբանութեանն առնչուող մի շարք հարցեր` կենտրոնանալով հիմնականում ապաշխարութեան, ձեռնադրութեան եւ հիւանդաց օծման խորհուրդների վրայ:

Հանդիպմանը յանձնախմբի անդամ, ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց յանձնախմբի համանախագահներին եւ անդամներին:

Ապա յանձնախմբի անունից Ամենայն Հայոց Հայրապետին ողջունեցին եւ յանձնախմբի աշխատանքների մասին տեղեկութիւններ փոխանցեցին Քրիստոնէական միութեան քահանայապետական խորհրդի նախագահ Նորին Սրբազնութիւն կարդինալ Կուրտ Կոխը (Կաթոլիկ Եկեղեցի) եւ Կահիրէի Ղպտական ուսումնասիրութիւնների ինստիտուտի տնօրէն, Դամիետտի, Բարարի, Քաֆր էլ Շեյքի միտրոպոլիտ Գերաշնորհ Անբայ Բիշոյը (Ղպտի Ուղղափառ Եկեղեցի): Վերջիններս նաեւ շնորհակալութիւն յայտնեցին Նորին Սրբութեանը ցուցաբերուած ջերմ հիւրընկալութեան համար:

Այնուհետեւ ներկաներին իր հայրապետական օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերեց Նորին Սրբութիւն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը ողջունեց յանձնախմբի հերթական ժողովի գումարումը Մայր Աթոռում` ընդգծելով, որ Սուրբ Էջմիածինը պատրաստակամ է մշտապէս հիւրընկալելու Քոյր Եկեղեցիների ներկայացուցիչներին:

Նորին Սրբութիւնը, անդրադառնալով Արեւելեան Ուղղափառ-Կաթոլիկ երկխօսութեան շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին ու քննարկումներին, կարեւոր նկատեց նման երկխօսութիւնները, որոնք վեր են հանում Եկեղեցիների միջեւ ինչպէս ընդհանրութիւնները, այնպէս եւ աստուածաբանական եւ եկեղեցաբանական ընկալումներում առկայ տարբերութիւնները: Վեհափառ Հայրապետը նշեց, որ երկխոսութիւնները նպաստում են Եկեղեցիների միջեւ փոխճանաչողութեանը, եղբայրական յարաբերութիւնների առաւել սերտացմանը եւ ընդհանուր վկայութեանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց Եկեղեցիների գործակցութեան եւ ջանքերի մէկտեղման անհրաժեշտութիւնը մարդկութեան առջեւ ծառացած ժամանակակից մարտահրաւէրների յաղթահարման գործում: Այս կապակցութեամբ Վեհափառ Հայրապետը նաեւ իր մտահոգութիւնն արտայայտեց աշխարհիկացման գործընթացների հետեւանքով հասարակական կեանքում արձանագրուող հոգեւոր-բարոյական արժէքների նահանջի եւ խեղաթիւրման վերաբերեալ, ինչը հիմնական պատճառն ու շարժառիթն է դառնում այսօր աշխարհում տեղ գտնող ողբերգութիւնների եւ կորստաբեր երեւոյթների:

Մասնաւորապէս անդրադառնալով Մերձաւոր Արեւելքում քրիստոնեաների ծանր վիճակին` Նորին Սրբութիւնը կարեւորեց Եկեղեցիների միասնական հետեւողական ջանքերն ի պաշտպանութիւն քրիստոնէական համայնքների իրաւունքների եւ տարածաշրջանում քրիստոնէական ներկայութեան` աղօթք վերառաքելով նահատակների համար, որոնք ծայրահեղականների եւ ահաբեկչական միաւորումների բռնարարքների զոհ են դարձել:

Վերջում, բարի ընթացք մաղթելով յանձնախմբի աշխատանքներին, Ամենայն Հայոց Հայրապետը եղբայրական իր ջերմ ողջոյնները փոխանցեց Քոյր Եկեղեցիների հոգեւոր պետերին, աղօթքն ու օրհնութիւնը` հոգեւոր դասին եւ հաւատացեալներին: Գարեգին Բ Կաթողիկոսը մաղթեց, որ Աստուած զօրացնի սէրն ու գործակցութիւնը Եկեղեցիների միջեւ եւ արդիւնաւորի նրանց առաքելութիւնը ազգերի ու ժողովուրդների խաղաղ գոյակցութեան համար:

Հանդիպումն աւարտուեց հայրապետական «Պահպանիչ» աղօթքով:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին