Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյաննընդգծեց, որ օրենքի նախագիծը մշակվել է սահմանադրական փոփոխություններին համապատասխան՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ոլորտում լիազորություններ ունեցող պետական մարմինների գործառույթները հստակեցնելու նպատակով:
«Նոր Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում արտակարգ դրություն հայտարարելու լիազորությունը հանրապետության նախագահի փոխարեն այլևս վերապահվում է կառավարությանը: Ուստի ներկայացված նախագծով ամրագրվում են արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ նոր իրավակարգավորումները»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:
Վարդան Եղիազարյանը հավելեց, որ արտակարգ դրություն հայտարարելու, արտակարգ դրությունը դադարեցնելու, արտակարգ դրության տարածքում պետական կառավարման հատուկ մարմին՝ պարետատուն, ստեղծելու իրավասությունը վերապահվում է ՀՀ կառավարությանը, հստակեցվում են այլ մարմինների լիազորություններն այս ոլորտում: Նա տեղեկացրեց, որ պետական-իրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում օրենքի նախագծի քննարկման ընթացքում հնչած առաջարկների հիման վրա այն ենթարկվել է որոշակի փոփոխությունների: