Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները կանխատեսում են, որ Հայաստանը կարող է 4 տոկոս և ավելի տնտեսական աճ ունենալ ԵԱՏՄ համագործակցության շրջանակում:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
«ԵԱՏՄ գործընթացներն իրականանում են անդամ երկրների տնտեսական իրավիճակի բարելավման ֆոնին: Ունենք ֆինանսական, տնտեսական վիճակի զարգացման միտում: Այդ զարգացումն ազդեցություն է ունենում հատկապես փոքր երկրների, օրինակ՝ Հայաստանի, Ղրղզստանի վրա: Հայաստանի տնտեսությունը գտնվում է վերելքի փուլում: Բացի երկու ոլորտներից՝ գյուղատնտեսությունից և շինարարությունից, մեր տնտեսական զարգացումը թե արդյունաբերության, թե ծառայության, թե փոխադրման և այլ ուղղություններով արձանագրել է կայուն աճ»,-ասաց Սաֆարյանը:
Նրա կարծիքով՝ այս տարի երկրորդ անգամ փորձագետները ստիպված կլինեն վերանայել Հայաստանի տնտեսական զարգացման մասին կանխատեսումները: Տարվա սկզբին արձանագրվել էր երկու տոկոսով աճ, տարվա ընթացքում աճի միտումն այնքան նշանակալի էր, որ հունիսին այն վերանայվել է: Հայտարարվել է 3 տոկոս աճի հնարավորության մասին:
«Ներկայում Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները կանխատեսում են, որ Հայաստանը կարող է 4 տոկոս և ավելի տնտեսական աճ ունենալ: Այն հնարավոր է դարձնում նոր տնտեսական զարգացման ծրագրերի իրականացումը նաև ԵԱՏՄ երկրների մասնակցությամբ: Եվ դա ամենաշահավետ ձևով ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա առաջիկա երկու տարում»,-եզրափակեց Սաֆարյանը: