Շաբաթ, 13. 07. 2024

spot_img

ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅԸ ԵՎ ՖՅՈԴՈՐ ՇԱԼՅԱՊԻՆԸ

 Այսօր լրանում է ճանաչված գրական, հասարակական, քաղաքական գործչի, խմբագրի, մանկավարժի, Պարսկաստանում նախկին ՀԽՍՀ լիազոր ներկայացուցչի ծննդյան 155-ամյակը։

  Լևոն Սարգսյանը ծնվել է 1862 թվականի հոկտեմբերի 23-ին Գողթն նահանգի Ցղնա գյուղում։ Փայլուն մտավորական այդ այրը բավականին հարուստ և ուսանելի կենսագրություն ունի։ Սովորել է Լազարյան ճեմարանում, ավարտել Մոսկվայի համալսարանի բնագիտության ֆակուլտետը, երեք տարի դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան և Գայանյան դպրոցներում, եղել է Շուշիի թեմական դպրոցի տեսուչ, հինգ տարի՝ 1895-1900 թվականներին, դասավանդել է Լազարյան ճեմարանում, եղել է «Մուրճ» ամսագրի խմբագիրը։ Նա գործուն մասնակցություն է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության հիմնադրմանը, սակայն ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով լքել է այդ կուսակցության շարքերը։ Իր խմբագրած «Մշակ» պարբերականում բազմաթիվ հոդվածներ է տպագրել, որոնցում քննադատել է ՀՅԴ քաղաքականությունը։

  1918 թվականին Լևոն Սարգսյանն ընտրվել է Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ , մասնակցել է թուրք նվաճողների դեմ մղված կռիվներին։ 1920 թվականի Մայիսյան ապստամբության ժամանակ օգնել է բոլշևիկներին։ Մի քանի ամիս եղել է Ալեքսանդրապոլի հեղկոմի նախագահը։ 1921 թվականի հոկտեմբերին նշանակվել է Պարսկաստանում Խորհրդային Հայաստանի լիազոր ներկայացուցիչը։

  Լևոն Սարգսյանը բազմաբեղուն գրիչ ուներ։ Մանկավարժությանը վերաբերող նրա հոդվածները լայն արձագանք էին գտնում մասնագետների շրջանում։ Ճանաչված և հարգված հրապարակախոս էր, ում հոդվածերը, ճամփորդական նոթերը, գրախոսականները և այլ երկեր միշտ սպասելի էին ու սիրով էին ընթերցվում։

   Ես մանկուց լսել եմ նրա մասին։ Լևոն Սարգսյանի այրին՝ Ելիզավետա Սարգսյանը, Թիֆլիսում ապրում էր մեր հարևանությամբ։ Նրա երկու տղաներն էլ բնակություն էին հաստատել Մոսկվայում։ Երբեմն տատիկին հյուր էր գալիս Լևոն Սարգսյանի ավագ որդի Արտավազդի դուստրը՝ Լիլիթը։  Իմ ծնողները չափազանց մտերիմ հարաբերություններ ունեին Ելիզավետա Սարգսյանի հետ։ Նա հաճախ էլ լինում մեր տանը, մանավանդ Հայրենական պատերազմի տարիներին։  Բոլորն այդ տիկնոջը ակնածանքով Ելիզավետա Ղահրամանովնա էին կոչում։ Միայն ես էի նրան Լիզա տատիկ ասում։ Ես հաճախ էի լինում նրա տանը։ Նա առանց հոգնելու ինձ՝ դպրոցական տղայիս, զանազան հետաքրքիր պատմություններ էր պատմում հռչակավոր դերասանների, գրողների կյանքից։ Երբ դպրոցն ավարտեցի և պետք է ինստիտուտ ընդունվեի, նա ինձ հետ ֆրանսերեն էր պարապում։ Օգնեց…

  Տարիներ անց, երբ Լիզա տատիկը չկար, իսկ ես արդեն գործող լրագրող էի, մի ակնարկ գրեցի, որի հերոսներն էին Լիզա և Լևոն Սարգսյանները, Լև Տոլստոյը և Ֆյոդոր Շալյապինը։ Այո, հենց նրանք։ Այդ ակնարկը երկար տարիներ մնում էր իմ դարակում, տպագրել հնարավոր չէր։ Բայց ժամանակները փոխվեցին և «Շալյապինի կոճակը» վերնագրով ակնարկս տպագրվեց իմ գրքերից մեկում։ Օգտվելով առիթից, որ այսօր Լևոն Սարգսյանի ծննդյան օրն է, նպատակահարմար համարեցի տարիներ առաջ գրված ակնարկս  որոշ կրճատումներով ներկայացնել  ընթերցողի դատին…

  Ահա  այդ ակնարկը:

        

                       «Նվիրում եմ Ելիզավետա Սարգսյանի հիշատակին,

                          ումից առաջին անգամ լսել եմ Ադամյանի,

                          Սիրանույշի, Սառա Բեռնարի, Շալյապինի

                          և այլ հանճարների անունները։

 

Ես տատիկ չեմ ունեցել։ Ավելի ճիշտ՝ ունեցել եմ, բայց ճակատագիրն այնպես է ուզել, որ իմ ծնվելուց երկու տասնամյակ առաջ նա զոհ գնար թուրքական յաթաղանին։ Բայց տատիկի գուրգուրանք զգացել եմ։ Նա էր իմ առաջին և միակ տատիկը՝ Ելիզավետա Սարգսյանը, իմ Լիզա տատիկը։ Շատ կրթված էր, աշխարհ տեսած։ Նրա ամուսինը՝ Լևոն Սարգսյանը ճանաչված մտավորական էր, հրատարակիչ։ Մի որոշ ժամանակ զբաղվել է քաղաքականությամբ։ Կարծեմ, եղել էր Հայաստնի լիազոր դեսպանը Պարսկաստանում։ Եվ որտեղ էլ որ գտնել է, նրա կողքին միշտ եղել է գեղեցկուհի կինը։ Ես շատ էի սիրում լինել նրանց մեկսենյականոց բնակարանում, որը գտնվում էր Թբիլիսիի Ձերժինսկու փողոցի թիվ 10 շենքում( մենք ապրում էինք Ձերժինսկու 6 համարում, «Հայարտան» նախկին շենքում)։ Այդ մեկսենյականոց բնակարանը յուրօրինակ մի թանգարան էր։ Մի պատն ամբողջությամբ գրապահարանն էր զբաղեցնում, մյուս պատերին փակցված էին ազդագրեր, աշխարհահռչակ արտիստների մեծ ու փոքր լուսանկարներ՝ կյանքում և դերերում։ Այստեղ էր Սիրանույշը Համլետի դերում, Ադամյանը, որի վրա հանճարեղ ողբերգակը հրաշալի տողեր էր ձոնել Ելիզավետա Սարգսյանին։ Լիզա տատիկից եմ առաջին անգամ լսել ֆրանսիացի հանճարեղ դերասանուհի Սառա Բեռնարի, Ֆյոդոր Շալյապինի անունները, հենց այս տանն եմ տեսել և նրանց լուսանկարները։ Դպրոցից հետո անմիջապես վազում էի նրա մոտ, և նա, որ անտարբեր չէր իմ դպրոցական գործերի նկատմամբ, ամեն անգամ հարցնոմ էր, թե ինչ նոր բան ենք անցել, ի՞նչ գնահատականներ եմ ստացել։ Բոլորից շատ սիրում էի պատմել գրականության ժամերի մասին։ Լավ գիտեի, որ նա գրեթե յուրաքանչյուր հեղինակի կյանքից հետաքրքիր մի բան կպատմի, ինչի մասին ես ոչ մի դասագրքում չէի կարդա։

  Ամեն անգամ Լիզա տատիկի մոտ գնալիս ուշադրությամբ ուսումնասիրում էի պատերին փակցված լուսանկարները, զանազան ներկայացումների աֆիշները, բայց առավել շատ սիրում էի զննել լուսանկարներով պատի տակ դրված սեղան-ցուցափեղկը։ Այստեղ, ապակու տակ, կողք-կողքի դրված էին զանազան իրեր և առարկաներ՝ գրիչ ու գրպանի ժամացույց, թանաքաման ու թուղթ կտրելու դանակ, լուսանկարներ և այլ առարկաներ։ Ցուցափեղկի հենց կենտրոնում, ասել է թե՝ ամենապատվավոր տեղում, դրված էր մի կոճակ, որը հիշեցնում էր մեջտեղից կիսված ֆուտբոլի գնդակ։ Ես մի քանի անգամ խնդրել էի Լիզա տատիկին պատմել այդ կոճակի պատմությունը, բայց նա ամեն անգամ խոսափում էր դրա մասին խոսել, փոխարենը մի ինչ-որ հետաքրքիր միջադեպ էր պատմում այս կամ այն գործչի կյանքից։ Բայց այն օըը, երբ ես նրան ցույց տվեցի իմ հասունության վկայականը, նա նախ համբուրեց ինձ, շնորհավորեց, ապա ասաց.

  -Տղաս, հիմա կարող եմ պատմել այս կոճակի պատմությունը։ Դու արդեն հասունացած մարդ ես և կարող ես ինքնուրույն եզրակացություն անել և գնահատել այն իրադարձությունները, որոնք առնչվում են այս կոճակին։ Սա Շալյապինի կոճակն է։      

   Եվ նա պատմեց այն, ինչը մի քանի տարի ուզում էի թղթին հանձնել։ Ուղղակի ժամանակներն այլ էին, և ամեն ինչի մասին չէր կարելի հրապարակավ ասել։ Այսօր ես դա անում եմ, թեև գիտակցում եմ, որ շատերին, երևի, դուր չգա իմ գրածը։

   -Անցյալ դարի վերջերն էին, սուլթան Համիդի կոտորածի օրերը։ Աշխարհի շատ առաջադեմ մտավորականներ իրենց բողոքի ձայնը բարձրացրին Թուրքիայում հայերի կոտորածի դեմ։ Մոսկվայի հայկական համայնքի ղեկավարները հանձնարարեցին ամուսնուս՝ Լևոն Սարգսյանին, ով այն ժամանակ այդ համայնքի պատասխանատու քարտուղարն էր, գնալ Յասնայա Պոլյանա՝ Լև Տոլստոյի մոտ և խնդրել, որպեսզի նա ևս իր բողոքի ձայնը բարձրացնի Համիդյան ջարդերի դեմ։ Լևոնը ոգևորված մեկեց Տոլստոյի կալվածքը։ Վերադարձավ չորս օր հետո։ Նա անճանաչելի էր դարձել։ Ես նրան այդպես ընկճված երբեք չէի տեսել։

   -Լևոն ջան, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես այդքան մռայլ,-հարցրի ես։

   -Երանի ոտքս կոտրվեր, չգնայի Յասնայա Պոլյանա,- պատասխանեց ամուսինս և արեց հետևյալ պատմությունը.

  -Տոլստոյի կալվածք գալու առաջին օրը նա ինձ չընդունեց։ Չընդունեց նաև երկրորդ, երրորդ օրերը։ Միայն չորրորդ օրն ինձ ասացին, որ կոմսը պատրաստ է ինձ ընդունելու։ Գնացի մոտը։ Իր տնամերձ այգում բահը ձեռքին ինչ-որ գործ էր անում։ Երբ ծառան նրան զեկուցեց, որ Մոսկվայի հայկական համայնքի ներկայացուցիչը եկել է, նա առանց աշխատանքը ընդհատելու դիմեց ինձ. «Ի՞նչ է ուզածդ, այ հայ»։

   Նրա դիմելու այդ ձևից, տոնից ես քիչ էր մնում կաթվածահար լինեի։ Նման վիրավորանք ինձ երբեք ոչ ոք չէր հասցրել։ Բայց քաջ գիտակցելով, թե ինչի համար եմ եկել, կուլ տվեցի այդ վիրավորանքը և դիմեցի կոմս գրողին։ «Ողորմած պարոն կոմս, Դուք, հավանաբար, գիտեք, որ Թուրքիայում տեղի է ունենում հայերի անողոք ջարդ։ Ամբողջ համաշխարհային հանրությունն իր բողոքի ձայնն է բարձրացրել ի պաշտպանություն անմեղ խաղաղ ժողովրդի։ Մոսկվայի հայկական համայնքը խնդրում է Ձեզ միանալ համաշխարհային հանրության այդ բողոքին»։ «Ես դա անել չեմ կարող։ Երևի, հայերը մեղավոր են, որ նրանց կոտորում են»։

   «Բայց, Լև Նիկոլաևիչ, չէ՞ որ Դուք օգնեցիք մոլոկաններին, երբ նրանց ճնշում էին, Դուք անգամ նյութապես սատարեցիք նրանցից շատերին, ովքեր արտագաղթում էին Ամերիկա»։

  «Այո, բայց նրանք մոլոկաններ էի և ոչ հայեր…»:

  Ես ուղղակի ցնցված էի։ Գրողը, որին ես համարում եմ աշխարհի խոշորագույն գրողներից մեկը, այդքան ազգայնամոլ էր։ Որտեղի՞ց  նրա մեջ այդ հայատյացությունը։ Չգիտեմ։ Ահա այսպես, ես կորցրեցի մի հսկա գրողի։ Երանի ոտքս կոտրվեր…

  -Տիկին Լիզա (ես արդեն  դպրոցն ավարտել էի և  ինձ թույլ տվեցի առաջին անգամ նրան այդպես դիմել), իսկ ի՞նչ կապ ունի Շալյապինի կոճակը Ձեր պատմածի հետ։

   -Անմիջական, տղաս… Այդ կոճակի պատմությունը սերտորեն առնչվում է Տոլստոյի մասին պատմածիս։ Լսիր շարունակությունը։

  Տարիներ անց Մոսկվայի հայկական համայնքը որոշել էր բարեգործական համերգ կազմակերպել Մոսկվայում և դրանից գոյացած գումարը փոխանցել հայ ուսանողների օգնության ֆոնդին։ Արդեն կազմվել էր համերգի ծրագիրը, պայմանավորվածություն էր ձեռք բերվել ճանաչված շատ երգիչ-երգչուհիների, Վալերի Բրյուսովի և այլոց հետ։ Պայմանավորվել էինք նաև դահլիճի վերաբերյալ։ Համերգից երկու օր առաջ լուրեր տարածվեցին, որ Շալյապինը արտասահմանյան համերգային շրջագայությունից վերադարձել է Մոսկվա։ Համայնքի ղեկավարությունը նորից խնդրեց Լևոն Սարգսյանին փորձել համոզել Ֆյոդոր Շալյապինին իր մասնակցությունը բերել այդ բարեգործական ձեռնարկին։ Լևոնը կտրականապես հրաժարվեց՝ ասելով, որ նա Տոլստոյից ստացած հարվածից դեռ չի ապաքինվել, հիմա էլ պարտադրում են բանակցել մեկ այլ ռուս հանճարի հետ։ Բայց նահանջել չէր կարելի։ Լևոնն էր այդ միջոցառման կազմակերպիչը, նա էլ պետք է գնար Շալյապինի մոտ։ Գնաց և մի երկու ժամ հետո ոգևորված տուն եկավ։ Նա ուղղակի փայլում էր, չէր կարողանում ուրախությունը թաքցնել։

  -Լևոն, պատմիր, ինչպե՞ս ընդունեց քեզ Շալյապինը։

  -Լիզա, սիրելիս, նա մարդ չէ, նա աստված է,- պատասխանեց ամուսինս։- Նա ինձ շատ սիրալիր ընդունեց և հենց զրույցի սկզբում ասաց. «Մեծարգո պարոն Սարգսյան, Դուք չեք կարող պատկերացնել, թե որքան ուրախ եմ Ձեր այցի համար։ Ես երբեք չեմ մոռանա, թե ինձ համար հայերն ինչ են արել իմ ստեղծագործական ուղու հենց առաջին օրերից։ Երբ 1892 թվականի գարնանը ես՝ երգչախմբի գործազուրկ երգիչս, հայտնվեցի Թիֆլիսում, ինձ օգնության ձեռք մեկնեցին տեղի հայերը։ Եթե չլիներ Թիֆլիսի առաջին երաժշտական դպրոցի հիմնադիր Կոնստանտին Ալիխանովը, ես չէի կարողանա վոկալի դասեր վերցնել հիանալի մանկավարժ Դմիտրի Ուսատովից։ Բավական չէր, որ Ալիխանովն ինձ իր տանը սենյակ հատկացրեց, նա նաև ինձ ամսական 10 ռուբլի կրթաթոշակ նշանակեց»։

  Իմանալով գալուս նպատակը, Շալյապինը հարցրեց, թե որտե՞ղ ենք մտադիր կազմակերպելու համերգը։ Երբ ես նրան տվեցի  դահլիճի անունը, Շալյապինն ասաց. «Հենց հիմա գնացեք Մոսկվայի ամենամեծ համերգասրահի՝ «Էրմիտաժի» տիրոջ մոտ և վարձակալեք այն»։ «Բայց, Ֆեոդոր Իվանովիչ, նա մեզ  դահլիճ չի տա։ Համ էլ մենք այդքան գումար չունենք նման համերգասրահ վարձակալելու համար»։                «Ասացեք այդ պարոնին, որ այդպես է ցանկանում Շալյապինը։ Ասացեք, որ ես Մոսկվայում այլ համերգ չեմ տալու, թող շտապ աֆիշներ պատվիրի»։

  Ես անմիջապես շտապեցի «Էրմիտաժ»։ Տնօրենը ուրախությունից յոթերորդ երկնքում էր։ Մի խոսքով, Լիզա ջան, մեր համերգն աննախադեպ հաջողություն է ունենալու։

  Նշանակված օրը դահլիճում ասեղ գցելու տեղ չկար։ Այնտեղ էր Մոսկվայի ողջ ընտրանին։ Բոլորը եկել էին աշխարհը նվաճած Շալյապինին լսելու, տեսնելու։

  Բնական է, որ Շալյապինն էր եզրափակելու համերգը։ Նրանից առաջ ելույթ ունեցողները կատարեցին մեկ-երկու ստեղծագործություն։ Շալյապինը կատարեց երեքը։ Դահլիճը ցնծում էր և վանկարկում.

   «Բլո՛-խո՛ւ», «Բլո՛-խո՛ւ»…

   «Դուք ուզում եք լսել «Բլոխա» ե՞րգը»…

   «Այո՜, այո»…

   «Հիմա կլինի «Բլոխա»-ն, բայց մինչ այդ»…

   Եվ նա վերցրեց իր մորթյա մեծ գլխարկը, իջավ դահլիճ։ Նա սկսեց փող հավաքել։ Մարդիկ, մեկը մյուսի գլխի վրայից, աշխատում էին բաց չթողնել Շալյապինին «շաբաշ» տալու առիթը։ Քիչ անց նրա գլխարկն արդեն լցված էր թղթադրամներով։ Նա բարձրացավ բեմ, գլխարկի պարունակությունը դատարկեց դաշնամուրի վրա, նորից իջավ դահլիճ։ Այդ արարողությունը կրկնեց ևս երեք անգամ, ապա, դիմելով Լևոն Սարգսյանին, ասաց. «Իսկ սա՝ իմ կողմից»,… Եվ կուտակված փողերի ողջ դեզը իր տարածած հսկա ձեռքերով մղեց դեպի հուզմունքից իրեն կորցրած Լևոն Սարգսյանը։

  Եվ նա երգեց, երգեց մինչև գիշերվա ժամը երեքը՝ կատարելով արտասահմանյան իր համերգաշարի ողջ ծրագիրը։

  Դահլիճը երկար-երկար հոտնկայս ծափահարում էր իր կուռքին, չէր ուզում նրան բաց թողնել։ Բայց ամեն ինչն իր ավարտն ունի։

   Երբ Շալյապինը նստում էր իր կառքը, նրան մոտեցավ Լևոն Սարգսյանը և ներկայացրեց իր տիկնոջը։

   «Ֆյոդոր Իվանովիչ, իմ կինն ուզում է անձամբ շնորհակալություն հայտնել Ձեզ համերգի համար»։ «Ինձ պետք չէ շնորհակալություն հայտնել։ Ես արեցի այն, ինչ պարտավոր էի անել։ Եթե այս համերգով կարողացա գոնե փոքր-ինչ պարտահատույց լինել հայերին այն լավության և բարության համար, որ նրանք իմ երիտասարդության տարիներին հանդես են բերել իմ նկատմամբ, ես ինձ երջանիկ կզգամ»։

   -Տիկին Լիզա, իսկ կոճակն ինչպե՞ս հայտնվեց Ձեզ մոտ,- անհամբեր հարցրի ես։

   -Շալյապինն ընդունեց իմ շնորհակալությունը, համբուրեց ձեռքս, իսկ երբ մի քիչ ուշքի եկա, դիմեցի նրան. «Ֆյոդոր Իվանովիչ, խնդրում եմ ի հիշատակ այս օրվա ինձ որևէ բան նվիրեք»։ «Ես պատրաստ եմ այս բոլոր ծաղիկները Ձեզ նվիրել։ Բայց դրանք մի քանի օրից կթառամեն, և Դուք դրանք դեն կշպրտեք»։

   Նկատելով իմ աղերսալից հայացքը՝ մեծ երգիչը հանկարծ պոկեց իր մուշտակի կոճակներից մեկն ու մեկնեց ինձ. «Հուսով եմ, այն չի թառամի և Ձեզ երկար-երկար կհիշեցնի մեր հանդիպման և այս հրաշալի երեկոյի մասին»։

    -Տղաս, իմացա՞ր, թե ես այսքան ժամանակ ինչու չէի ուզում քեզ պատմել Շալյապինի կոճակի պատմությունը։ Ես վախենում էի, որ դու կարող էիր հիասթափվել Տոլստոյից և չկարդալ նրա գործերը։ Ես չէի կարող թույլ տալ քեզ զրկելու աշխարհի խոշորագույն գրողներից մեկի գործերին հաղորդակցվելու հնարավորությունից։ Հիմա դու հասուն մարդ ես և ինքդ կարող ես որոշել՝ կարդալ, թե չկարդալ Տոլստոյին։

  -Սիրելի Ելիզավետա Ղահրամանովնա, ես անչափ շնորհակալ եմ Ձեր հոգատարության ու նաև դասի համար։ Տոլստոյին կարդալ ես պարտավոր էի, իսկ որպես անհատի հարգել չեմ կարող։ Բայց ես մինչև կյանքիս վերջ կհիշեմ Ձեզ, իմ սիրելի Լիզա տատիկ։ Եվ իմ այս փոքրիկ պատումը, որը գրական ստեղծագործություն կոչվելու հավակնություն անգամ չունի, թող լինի իմ երախտիքի խոսքն ընդ Ձեզ…»

  Ահա այսքանը Լև Տոլստոյի և Ֆեոդոր Շալյապինի հետ Լևոն Սարգսյանի հանդիպումերի մասին։

 

            Լևոն ԱԶՐՈՅԱՆ     

                                                                                                                                                                      Արմենպրեսի թղթակից                                                                                                                 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին