Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմական գործողություններն ու քաղաքական զարգացումները շատ մոտ են Հայաստանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգի թեմատիկ նիստում նման դիտարկում արեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արաբագետ Արաքս Փաշայանը:
«Վերջին տարիներին Մերձավոր Արևելքում մեծ թափ են ստացել քաղաքական իսլամիզմը, սուննիական ծայրահեղական այն գաղափարախոսությունները, որոնք ներառվել են ջիհադիստական կառույցների գործունեության մեջ: Տարածաշրջանում կրոնական մոլեռանդության դրսևորումների ֆոնին հատկանշական է հատկապես այն, թե ինչ չափով է Հայաստանն առնչվում Մերձավոր Արևելքին և ինչ մարտահրավերներ կան Հայաստանի համար՝ թաքնված նույն այդ Մերձավոր Արևելքում: Մեր չորս հարևաններից երկուսը՝ Թուրքիան և Իրանն անմիջականորեն ներգրավված են սիրիական պատերազմում: Եթե դրան գումարենք նաև մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի՝ սիրիական հիմնախնդրում ակտիվորեն ներգրավված լինելը, պարզ կդառնա, որ մենք շատ մոտիկ ենք Մերձավոր Արևելքի խնդիրներին»,- ասաց արաբագետը:
Խոսելով Մերձավոր Արևելքի հայ համայնքների մասին՝ նա նշեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր դրանք բացառիկ կարևոր դեր են խաղացել հայ-արաբական և հայ-իրանական կապերի ամրապնդման համր:
«Համայնքներն արել են առավելագույնը՝ դիվանագիտության ոլորտում հաջողված աշխատանք տանելու համար»,-ընդգծեց Արաքս Փաշայանը: