Այս տարի Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ծաղկազարդը` մեր Տէր Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքի յիշատակը տօնախմբելու է Մարտի 20-ին:
Օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ծաղկազարդի տօնը տարիներ առաջ հռչակուել է որպէս մանուկների օրհնութեան օր:
Տօնի կապակցութեամբ այս տարի նոյնպէս հայոց բոլոր եկեղեցիներում կը կատարուի մանուկների օրհնութեան յատուկ արարողութիւն:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կը կատարուեն հետեւեալ արարողութիւնները`
- Առաւօտեան ժամը 10:00-ին, Մայր Տաճարի շրջափակում տեղի կ’ունենայ Անդաստանի արարողութիւն եւ մանուկների օրհնութեան յատուկ կարգ։
- Ս. Պատարագի աւարտին` ժամը 13:00-ին, Ս. Տրդատի բաց խորանի առջեւ կը կատարուի մանուկների օրհնութիւն:
Այս առիթով օրհնութեամբ Ամենայն Հայոց Հայրապետի, Մայր Աթոռի Սոցիալական ծառայութեան գրասենեակը կ’իրականացնի «Ծաղկազարդը Մայր Աթոռում» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի տարբեր թեմերից սոցիալապէս անապահով շուրջ 300 մանուկներ, որոնցից 100-ը սիրիահայ ընտանիքներից, Մայր Աթոռում կը մասնակցեն Ս. Տրդատի բաց խորանի առջեւ կատարուելիք մանուկների օրհնութեանը:
Էջմիածնի հայորդեաց տանը մանուկները ներկայ կը գտնուեն տօնական համերգի: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նրանց կը բաշխուեն նուէրներ` պատրաստուած Մայր Աթոռի Սոցիալական ծառայութեան գրասենեակի եւ «SOAR» բարեգործական կազմակերպութեան միջոցներով: