Երեքշաբթի, 23. 04. 2024

spot_img

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Կատարուեց Նորապսակների Օրհնութեան Կարգ

Փետրուարի 14-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց Տեառնընդառաջի տօնը: Այս տարի Տեառնընդառաջը համընկել էր Մեծ Պահքի երկրորդ շաբաթուայ` Արտաքսման կիրակիի հետ:

Օրուայ առիթով, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցուեց սուրբ եւ անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի փոխդիւանապետ Հոգեշնորհ Տ.  Պարթեւ վարդապետ Բարսեղեանը:

Հայր Սուրբն իր քարոզում հանգամանօրէն անդրադարձաւ Տեառնընդառաջի խորհրդին եւ քրիստոնեաների կեանքում այս տէրունի տօնի կարեւորութիւնը:

«…Աւետարանական այսօրուայ դրուագում մենք հանդիպում ենք նաեւ հայկական աւանդական ընկալմանը հարազատ ընտանիքի մի պատկեր, որը Յովսէփն ու Մարիամն են: Նրանք, վերցնելով իրենց մանկանը` Մանուկ Յիսուսին, եկան տաճար` իրենց հետ բերելով մէկ զոյգ տատրակ եւ աղաւնու երկու ձագեր: Ընտանիքի այս օրինակը ուսուցանելի է մեր օրերում եւս: Յատկապէս այն նորապսակ զոյգերի համար, ովքեր պատրաստւում են փոխադարձ սիրով եւ ամուր վստահութեամբ կառուցել ընտանեկան իրենց հարկը:

Ընտանեկան հարկը մի փոքրիկ եկեղեցի է, որտեղ տղամարդը սիւնն է, իսկ կինը` եկեղեցու պաշտօնեան: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ այս օրը հռչակուել է նաեւ նորապսակների օրհնութեան օր՝ այն յոյսով ու համոզումով, որ նորակազմ ընտանիքները, ստանալով Աստուծոյ օրհնութիւնը, Յովսէփի եւ Մարիամի օրինակով ամուր շաղախուած սիրով եւ վստահութեամբ կը կառուցեն իրենց ամրոցը` հաւատարիմ մնալով հայրենաւանդ մեր սրբութիւններին եւ նուիրագործուած աւանդոյթներին»,- ասաց նա:

Դիմելով նորապսակներին` Հայր Սուրբը յաւելեց. «Այս օրը Յովսէփն ու Մարիամն իրենց հետ տաճար էին բերել ոչ թէ նոխազ, զվարակ, որ բերում էին մեծահարուստները, այլ պարզ ու վայելուչ ընծաներ էին բերել, որոնցից տատրակը խորհրդանշում է ողջախոհութիւն եւ հաւատարմութիւն, իսկ աղաւնին` հանդարտութիւն եւ հեզութիւն: Տատրակը բացառիկ կերպով հաւատարիմ է իր կողակցին, իսկ աղաւնին հոգ է տանում ոչ միայն իր, այլեւ այլոց ձագերին»:

Վերջում Հայր Պարթեւը մաղթեց, որ այս առաքինութիւնները բոլոր նորապսակների կեանքից անպակաս լինեն եւ իրենց ողջախոհութեամբ, հաւատարմութեամբ ու հեզութեամբ նրանք լինեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արժանաւոր զաւակները:

Հաւարտ Սուրբ Պատարագի, նախագահութեամբ Նորին Սրբութեան, կատարուեց նորապսակ զոյգերի օրհնութեան կարգ, որին մասնակցեցին նաեւ նորապսակ միաբան սարկաւագները:

Արարողութիւնից յետոյ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի նորապսակ միաբան սարկաւագներին՝ ուղեկցութեամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Յակոբեանի:

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու հայրապետական պատգամը փոխանցեց սարկաւագներին՝ նշելով, որ իր համար` իբրեւ Ամենայն Հայոց Հովուապետ, հաճելի է տեսնել, թէ ինչպէս են մեծ թուով սարկաւագներ կազմել ընտանիքներ: Նորին Սրբութիւնը վստահութիւն յայտնեց, որ շատերն Աստծու կամօք մօտ ապագայում կը համալրեն եկեղեցականների շարքերը` իրենց նուիրեալ ծառայութիւնը բերելու քահանայութեան աստիճանով:

Դիմելով նորապսակ սարկաւագների կանանց՝ Նորին Սրբութիւնը պատգամեց, որ վերջիններս լինեն իրենց սարկաւագ ամուսինների աջակիցներն ու լաւագոյն գործակիցները հոգեւոր առաքելութեան իրականացման ողջ ընթացքում: Վեհափառ Հայրապետը նաեւ մաղթեց, որ նորապսակ երիտասարդները լինեն երջանիկ, միմեանց սիրող ու կարեկից, միասնաբար լուծեն կեանքի բոլոր դժուարութիւնները, եւ աստուածային խաղաղութիւնն ու սէրն անպակաս լինեն ամէնքից:

Փառք եւ գոհութիւն վերառաքելով առ Աստուած՝ Ամենայն Հայոց Հայրապետը հաստատեց, որ շնորհիւ հայ հոգեւորականների անձնուիրաբար ծառայանուիրումի, Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին օրէցօր զօրանում է, իսկ բարեպաշտ հայորդիները՝ համախմբւում Հայ Եկեղեցու շուրջը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին