Շաբաթ, 14. 09. 2024

spot_img

Մարիսօլ Գադեյեան․«Մի Բան Կայ Հայաստանում, Որ Ես Շատ Եմ Սիրում, Երբեք Մենակ Չես, Երբեք»

Պէաթրիսը, Մարիսօլը եւ Սարգիսը Արժանթինէն եւ Ուրուկուէյէն տեղափոխուեր են Հայաստան` այնտեղ բնակութիւն հաստատելու: Մեր պաշտօնակից «Հետք»ի հետ զրոյցի ընթացքին, անոնք կը պատմեն իրենց ծննդավայրին մէջ կատարած գործունէութեան, Հայաստանի մէջ ունեցած փորձառութեան եւ յոյսերուն մասին:

Զրոյցին շահեկանութեան համար ստորեւ զայն ամբողջութեամբ կը դնենք մեր ընթերցողներուն տրամադրութեան տակ:

«Խմբ.»

Պէաթրիս Արսլանեանը (Պեթի) եւ Մարիսօլ Գադեյեանը Արկենթինայի Գորտովա քաղաքից են: Նախկինում՝ տարբեր տարիների, կամաւորութիւն են արել Հայաստանում: Սարգիս Փանոսեանը, որ ապրում էր Ուրուկուայի մայրաքաղաք Մոնթեւիտէոյում, նոյնպէս եղել է Հայաստանում, երբ երկու տարի առաջ մասնակցում էր համաՀոմենըթմենական խաղերին:

«Հայաստանը շատ սիրեցի, մանաւանդ ժողովուրդը, էստեղ ապրիլը․ ուրեմն ըսի, որ օր մը, համալսարանս աւարտելէն յետոյ պիտի գայի, էստեղ հաստատուէի…», «Հետք»ի հետ զրոյցում պատմում է Պեթին, ով աշխատում էր Գորտովայի հինգ հազար բնակիչ ունեցող հայկական համայնքի քարտուղարութիւնում: Ընկերները ծանօթացել են Հարաւային Ամերիկայի երկրների հայ երիտասարդների հանդիպումների ժամանակ:

Պեթին, Մարիսօլը եւ Սարգիսը / լուսանկարը` Նարեկ Ալեքսանեանի

Պեթին պատմում է, որ աքթիւ մասնակցութիւն են ունեցել իրենց համայնքների կեանքին. «Կարծեմ այդ կողմով մի քիչ մեզի պիտի կարօտնան»: Յիշում է, որ Արկենթինայում հիմնականում Հայ Դատի, արկենթինացիներին այդ մասին տեղեկացնելու համար էին աշխատում: Հայաստանում այդ խնդիրը չունեն, «ուրեմն կը ջանանք զբաղուիլ ուրիշ ձեւի գործերով եւ անոր վերաբերեալ փնտռում ենք, ինչպէս ժողովուրդին օգտակար դառնալ եւ ինչպէս օգնել, որ Հայաստանը աւելի զարգանայ»:

Պեթին լրագրութիւն է սովորել Արկենթինայում, աշխատել է նաեւ իր ծնողների ռեստորանում, որտեղ հայկական եւ արաբական ուտեստներ էր պատրաստում:

Պեթին լատինամերիկեան ըմպելիք` մաթէ է պատրաստում / լուսանկարը` Դաւիթ Բանուչեանի

Յիշելով Հայաստան տեղափոխուելու որոշմանը հարազատների արձագանքի մասին` Մարիսօլը ասում է. «Մի քիչ դժուար եղաւ, որովհետեւ շատ հեռու է, ու վստահ չէին` ինչ կը լինի Հայաստանում: Գիտէին, որ մենք էստեղ ուրախ ենք ու կ’ուզէինք փորձել»: Արկենթինայում նա հայկական մշակոյթ է դասաւանդել մի դպրոցում, որտեղ հայ աշակերտները շատ չէին` միջինը հինգ հոգի մէկ լսարանում: Կէսօրից յետոյ այն գործել է որպէս հայկական դպրոց:

Կամաւորութեան ութ ամիսների ընթացքում Մարիսօլն ապրել է Երեւանում, Կիւմրիում եւ Շուշիում: Եթէ Երեւանից դուրս ապրելու լինէր, կը նախընտրէր Շուշին: «Կարծեմ, որ ընտրեցինք Երեւանը, որովհետեւ Արկենթինային ամենանմանն էր, որպէսզի փոփոխութիւնը շատ մեծ չլինի,- պատմում է Մարիսօլը եւ շարունակում, որ Գորտովայի համեմատ Երեւանը փոքր է, բայց նաեւ հանգիստ ու գեղեցիկ,- մի բան կայ Հայաստանում, որ ես շատ եմ սիրում, երբեք մենակ չես, երբեք: Միշտ մարդ մը կայ, որ քեզ կ՛օգնի: Մեր մօտ էդպէս չի, դրա համար սիրում եմ»:

Հիմնական տարբերութիւնը, որ նա նկատել է երկու հասարակութիւնների միջեւ այն է, որ Արկենթինայում չկան կնոջ եւ տղամարդու յստակ բաշխուած դերեր, ինչպէս Հայաստանում է: «Օրինակ տունիս մէջ հայրս է ճաշը պատրաստում, լուացք անում, ամէն ինչ անում, ու եթէ ես այստեղ այդ բանն եմ ասում, զարմանում են», պատմում է Մարիսօլը:

Խօսելով Հայաստանի սոցիալական կեանքի եւ դրան իրենց մասնակցութեան մասին` երիտասարդները ուրախութեամբ յիշում են «էլեկտրիկ Երեւան» շարժումը, որին հետեւել են Հարաւային Ամերիկայից: Ուրախ են, որ մարդիկ պայքարում են իրենց իրաւունքների համար, եւ վստահեցնում են, որ գալիք հաւաքների շարքերում իրենք էլ կը լինեն: «Ես կը կարծեմ, որ փոփոխութեան մէջ է Հայաստանը, ու քայլում է իր ճանապարհին մէջ»,- ասում է Մարիսօլը:

«Ես կը կարծեմ, որ Հայաստանի քաղաքացիութիւնէ կարեւոր բանը էստեղ ապրիլն է, ոչ միայն քաղաքացիութիւն ունենալ եւ ուրիշ երկրի մէջ ապրիլը. այն չէ կարեւորը: Կարեւորն է այստեղ ապրիլ եւ ժողովուրդին ու հայկական կեանքին մէջ պատկանիլը,- աւելացնում է Պեթին,-  մենք ժողովուրդին սիրահարուեցանք շատ, որովհետեւ ամէն տեղ, ուր կ’երթայինք, միշտ ընտանիքի տան մէջ կը մնայինք: Ուրեմն կարծեմ այդ ձեւով մենք ծանօթացանք աւելի գիւղերու կեանքը եւ ընտանիքներու մտածելակերպը»:

Հարաւային Ամերիկայից Հայաստան տեղափոխուած երեք ընկերները իրենց ժամանակն անց են կացնում տեղացիների, Հայաստանում ապրող սփիւռքահայերի, ինչպէս նաեւ նոյն` «Դէպի Հայք» ծրագրով Արկենթինայից կամաւորութեան եկած մի քանի երիտասարդների հետ: «Կը կարծեմ, որ մենք այս առաջին քայլով օրինակը տուինք, որ ուրիշներն ալ համարձակին, եւ եթէ մենք լաւ փորձառութիւն մը ունենանք այստեղ, մեր բարեկամներն ու ծանօթներն ալ կը համարձակին ու կու գան», ասում է Պեթին:

Մարիսօլը կատակով ասում է, որ ինքը միայն բաղնիքում էր երգում: Ընկերուհու առաջարկով երգեց մի համերգի ժամանակ, յետոյ նաեւ նուագել սովորեց / լուսանկարը` Նարեկ Ալեքսանեանի

Սարգիսը, ով ծրագրաւորող է, ժամանակաւոր աշխատանք է գտել, սակայն հիմնաւոր գործ է փնտռում: Ֆութպոլ այլեւս չի խաղում, ասում է` ես 28 տարեկան եմ, վերջացաւ:

Երիտասարդները ցանկանում են Հայաստանում իրենց մասնագիտութիւններով աշխատանք գտնել: «Յուսամ լաւ փորձառութիւն կ’ունենանք, որ աւելի խանդավառուած ըլլանք էստեղ մնալու: Վստահ` կը ստացուի»,- ասում է Պեթին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին