Հինգշաբթի, 27. 03. 2025

spot_img

ՀՀ Սփիւռքի Նախարարութեան Աջակցութեամբ Հայաստան Տեղափոխուած Թովմասեանների Ընտանիքի Կեցութեան Հարցերը Շարունակում Են Մնալ Գերատեսչութեան Ուշադրութեան Կեդրոնում

Սիրիայի հիւսիսում գտնուող Քոպանի քաղաքում «Իսլամական պետութեան» (Իպ) գրոհայինների ջարդից փրկուած եւ ս.թ. Սեպտեմբերի 2-ին՝ ՀՀ Սփիւռքի նախարարութեան անմիջական նախաձեռնութեամբ ու աջակցութեամբ Հայաստան տեղափոխուած Թովմասեանների ընտանիքի 17 անդամները հանգրուանեցին Հայրենիքում:

Մտնելով Քոպանի` Իպ-ի գրոհայինները սպանել են քնած գիւղացիներին, այրել տներն ու մարդկանց: 43-ամեայ Յովսէփ Թովմասեանին սպաննել են 13-ամեայ որդու աչքի առաջ: Թովմասեանների գերդաստանի մնացած անդամները (Թովմասեան 4 եղբայրների ընտանիքները, այդ թւում 11 երեխայ) հրաշքով կարողացել են փրկուել եւ հասնել սահման: Թուրք սահմանապահները ընտանիքին թոյլ են տուել մտնել Թուրքիա եւ տեղաւորել Սուրուճի դպրոցի շէնքում, որտեղ ընտանիքը բազում դժուարութիւններով ապրել է 3 ամիս:

ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը Կ.Պոլսի Հայոց Պատրիարքութեան պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանի եւ «Ակօս» շաբաթաթերթի աշխատակից, պոլսահայ լրագրող Արիս Նալճըի շնորհիւ՝ մշտապէս տեղեկացել է Թուրքիա տեղափոխուած Թովմասեանների եւ միւս ընտանիքների մասին:

Նախարար Հրանոյշ Յակոբեանի յանձնարարութեամբ նախարարութեան համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, շահագրգիռ կառոյցների հետ (ՄԱԿ ՓԳՀ, «Հայկական Կարմիր խաչի ընկերութիւն», «Առաքելութիւն Հայաստան» ՀԿ, «Հալէպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ, «Օքսֆամ»ի հայաստանեան մասնաճիւղ), քննարկել են ընտանիքի Հայաստան տեղափոխուելու տարբերակները, Թովմասեաններին կացարանով ապահովելու եւ այլ անհրաժեշտ աջակցութիւն տրամադրելու հարցերը:

Միջնորդաւորուած բանակցութիւնների արդիւնքում Թովմասեաններին տրամադրուել են ճամբորդական փաստաթղթեր:

ԱՄՆ-ում ՀՀ Սփիւռքի նախարարի խորհրդական Րաֆֆի Արտհալճեանի ֆինանսաւորմամբ լուծուել են Թովմասեանների ընտանիքի Հայաստան տեղափոխուելու ծախսերը:

Ընտանիքին Զուարթնոց օդանաւակայանում դիմաւորել են Սփիւռքի նախարարութեան Մերձաւոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների վարչութեան պետ Լեւոն Անտոնեանը, «Հայկական Կարմիր խաչի ընկերութիւն», «Առաքելութիւն Հայաստան» ԲՀԿ, «Հալէպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ եւ մամուլի ներկայացուցիչները:

Թովմասեանների ընտանիքը տեղաւորուել է մայրաքաղաքի Սիլիկեան թաղամասում` յատուկ նրանց համար առանձնացուած յարմարաւէտ կացարանում:

ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը, այլ կառոյցների հետ համագործակցելով, ձեռնամուխ է եղել 17 հոգուց բաղկացած Թովմասեանների գերդաստանի կեցութեան խնդիրների լուծմանը:

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին